Տոտ, որ մեզ հետ չէ

17/10/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Այս, թվում է թե, պարադոքսալ երեւույթը տեղի ունեցավ, երբ ԽՍՀՄ տոտալիտարիզմը փոխարինվեց խեղված ժողովրդավարությամբ։

ԽՍՀՄ երանելի ժամանակներում ընտրությունների օրը տոնական էր, տոնական էր բառիս բուն իմաստով, քանի որ ընտրություններն ըստ էության ձեւական բնույթ էին կրում եւ փոփոխություն չէին մտցնում ո՛չ առօրյայում, ո՛չ էլ համակարգում, ըստ այդմ էլ խորհրդային քաղաքացուն դա չէր հուզում։ Ընտրությունները, կարելի է ասել՝ նշանակովի էին. յուրաքանչյուր տեղամասում նշանակված էր մեկ ընտրյալի թեկնածություն, եւ քաղաքացիներին այլ բան չէր մնում, քան ընտանեկան քվեաթերթիկների կապոցով ընտանիքի անդամներից մեկին ընտրական տեղամաս «գործուղելը», եւ քանի որ ընտրությունների օրը ոչ աշխատանքային էր, եւ այդ ոչ աշխատանքային օրը ոչ մի ծեծուջարդ չէր լինում, մարդկանց մնում էր իսկապես վայելել իրենց ընձեռված հանգիստը, իսկ դա իսկապես հանգիստ էր, քանի որ մնացյալ աշխատանքային օրերին գրեթե բոլորն էին զբաղված կա՛մ աշխատանքով, կա՛մ ուսումով, կա՛մ ծառայությամբ։ Յուրաքանչյուրն իսկապես զբաղված էր իր գործով, եւ քաղաքականության մեջ ներգրավված էին նրանք, ովքեր այդ ասպարեզում էին։ Ծառայամիտների, զրպարտիչների, քծնողների պակաս չկար. անարդարությունն ու կաշառքն էլ իրենց չափաբաժինն ունեին. խնամի-ծանոթ-բարեկամ կապերը միշտ էլ եղել են. փողն էլ էր քչություն անում. երկաթե վարագույրն էլ էր գործում, սակայն այնպիսի սոդոմ-գոմոր, որ այժմ է տիրում մեր կյանքում՝ հաստատ չկար։ Ընտրություններն ու դրանց շուրջ պտտվող գործընթացներն իսկապես մեր կյանքը վերածել են մղձավանջի։ Ընտրությունները, կարծես, միակ ելքն են սրբագրելու այն նեգատիվ երեւույթները, որ արմատավորվում են այս կամ այն պաշտոնյայի քմահաճ գործելակերպով։ Ամեն անգամ մեզ թվում է, թե մեկը մյուսով փոխարինելով՝ կմաքրվենք նախկին ախտերից, եւ նորը խոստումների հետ միասին՝ նոր մթնոլորտ ու նոր մոտեցումներ կբերի, սակայն այդպես չի լինում, եւ մենք կրկին ապավինում ենք գալիք ընտրություններին եւ կրկին ընկնում ենք նոր խոստումների թակարդը։ Այնուհետեւ սկսվում է հիասթափությունների ու հուսահատությունների, դաժան սպասումների հաջորդ շղթան։ Ժողովուրդը ոտքից գլուխ խրված է քաղաքական ինտրիգների մեջ։ Ոչ ոք իր գործով չի զբաղվում. մարդիկ՝ իրենց բուն մասնագիտությունը մի կողմ դրած, զբաղված են օրապահիկ հայթայթելու տխուր հոգսով, իսկ այս ամենը կոծկվում է աստղերի հետ քեֆ անելու ու տոնական տրամադրություն իմիտացիա անելու իշխանական ծրագրով. երբեք այնքան առատ չեն եղել հրավառությունները, ինչքան հիմա, իսկ դա նշանակում է մի պարզ բան. քեֆ անողը հաստատ ժողովուրդը չէ։ Տոնական օրերը ժողովրդի համար նշանավորված են սեւ ժապավենով, եւ շատերն իրենց գոյությունը չապահովող թոշակից գրոշներ են ետ գցում ոչ թե ծննդյան օրերի, ժամանցի կամ այլ ուրախության համար, այլ պատանքի։ Ժողովուրդը բարեկեցիկ ապրելու հույսը վաղուց կտրել է եւ ստորացված կյանքի փշրանքներով ուզում է գոնե մահվան ճանապարհն անցնել մարդկային արժանապատվությամբ։ Եվ տարօրինակ չէ, որ մայրաքաղաքի տոնակատարությանը ոչ միայն անտարբեր էր ժողովուրդը, այլեւ անտեղյակ։ Սա վկայում է միայն մի բանի մասին. ժողովուրդը դրան չի սպասում. տոների մեջ պարզապես նրա ներկայությունը չկա, եւ ինչպես ընտրություններն են անցնում կեղծ քարոզարշավով, այնպես էլ տոներն են վերածվել զուտ քարոզչության։ Տոնական քարոզները միանգամայն նոր երեւույթ են մեր կյանքում, քանի որ սրանք էլ թելադրված են իշխանությունների կողմից եւ նրանց կամքով։ Իր չորս պատերին գամված ժողովուրդը, որ վաղուց մոռացել է հարազատներին այցելելու մասին, հազիվ տոնական եւ ոչ տոնական սեղաններին մի կտոր չոր հաց դնելու հոգսով է տարված։ Եվ ահա այս խեղճուկրակ ժողովրդին պետք է համոզել, որ նա ապրում է տոնական միջավայրում եւ տոնական առօրյայով, ու եթե ոչ ինքը, ապա հարեւանները հաստատ քեֆի մեջ են, եւ ուրեմն այդ քեֆը մի օր իրեն էլ կհասնի, ուղղակի համբերություն է պետք, ու նաեւ, եթե ինքը քեֆի մեջ չէ, ապա մեղավորը միայն ինքն է։ Ահա եւ ստի, կեղծիքի, փոշու ու աղբի մեջ պարում է փայլուն կրունկներով մայրաքաղաքը իր իսկ տրորված մեջքին, հիշեցնելով այն խեղկատակին, որ արքային ուրախացնելու համար քայլում է ձեռնափերի վրա, իսկ պատերի տակ կծկված ժողովուրդն այլընտրանք չունի, քան բոլոր հույսերը կապել ինչ-որ ընտրությունների, ամերիկաների, ռուսաստանների ու թուրքիաների, մի խոսքով՝ ներմուծված բարեգթությունների ու անակնկալ ցնցումների հետ, որ, մեղավորներին անցկացնելով քավարանով, կա՛մ դրախտի, կա՛մ դժոխքի դուռը կբացեն իր համար՝ վերջ դնելով անհարիր ու անասելի զրկանքներին, որ ձեռք է բերված ի հեճուկս երազանքների ու այդ երազանքների համար անձնվեր ու անձնազոհ պայքարի։ Այս ամենի հետ մեկտեղ, ցավալին այն չէ, որ ժողովուրդը կտրված է իր իշխանություններից եւ չի վստահում նրանց, ցավալին այն չէ, որ իշխանությունը քեֆ է անում, իսկ ժողովուրդն անհաղորդ է դրան. դա նորություն չէ պատմության համար։ Նորությունն այն է, որ ժողովուրդն այլեւս չի վստահում իր ուսուցչին, եւ երեխային՝ բերանը բռնած՝ դպրոցից դպրոց է ընկնում իսկապե՛ս ուսուցիչ գտնելու հույսով, այն հույսով, որ ինչպես իր համար տարբերություն չկա իր խելոք ու չար երեխաների միջեւ, այնպես էլ ուսուցչի համար խտրականություն չլինի այս կամ այն երեխայի միջեւ։ Նորությունն այն է, որ ժողովուրդը չի վստահում իր բժշկին եւ, հիվանդանոցի դուռը թակելու փոխարեն՝ պատրաստ է կիլոմետրերով տարածություններ կտրել հեքիմների ոտքն ընկնելու համար։ Նորությունն այն է, որ ժողովուրդն այլեւս չի վստահում իր գրողին, դերասանին, գիտնականին, չի վստահում այն արժեքներին, որոնց անվերապահորեն դավանել է դարեր շարունակ։ Պատմությունն այլեւս ոչինչ է նրա համար, կյանքն՝ անարժեք։ Նա զբաղված է ինքնասպանությամբ, քանի որ իշխանությունները նրանից ոչ միայն ապրուստի միջոցն են խլել, այլեւ խեղաթյուրել են վերոհիշյալ արժեքները, որի կրողն է եղել նա, որոնց ապավինել է իր կյանքի ամենաողբերգական պահերին։ Ամենաանհավանական հաղթական ելքով պատերազմները հաղթել է իր ուսուցչի, մտավորականի, հոգեւորականի ձեռքը բռնած, պարտությունը կրել՝ ոգին բարձր պահելով, հազարամյակներ կտրելով՝ հասել XXI դար ու կանգնել անզորության փաստի առջեւ, այն փաստի, որ, սեփական իշխանությունների համոզմամբ, պատմությունը կերտվում է ոչ թե ժողովրդով, նրանց ներկայությամբ ու մասնակցությամբ, այլ նրան բացառելով, ոչ թե տքնանքով ու մաքառումով, այլ ժողովրդի գլխին հրավառություն սարքելով ու փուչիկ տրաքացնելով, իսկ այս պարագայում ժողովրդի համար միակ հավասարարժեքն այսօր մնում են ճաղերից ետեւն ու ճաղերից այս կողմը, ուր համազոր են թե՛ ազատությունը, թե՛ ազատազրկումը, եւ թե՛ մեկի, թե՛ մյուսի դեպքում դատողությունները երկակի բնույթ են կրում, քանի որ դժվար է մեկը մյուսից տարանջատել, որից պարզ երեւում է միայն սատանայի այն շրջանը, որը ոչ դուռ ունի, ոչ պատուհան։