2008թ. ԱՊՀ երկրներում գնաճը բավական բարձր կլինի: Այդ մասին Միջազգային արժութաֆինանսական կոմիտեի՝ շաբաթ օրը կայացած նիստում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը: ԱՄՀ-ի ղեկավարը նշել է, որ «ԱՊՀ երկրների մեծ մասում ՀՆԱ-ի իրական տարեկան աճը բարձր է եղել եւ 2007թ. կազմել է 8 տոկոս»: Սակայն, նրա խոսքով, «համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լրջորեն հարվածել է այդ տարածաշրջանին»: Դրա հետեւանքով, ԱՄՀ-ի ղեկավարի գնահատմամբ, «2009 թ. ՀՆԱ-ի տարեկան աճը կկազմի 6 տոկոսից պակաս»: Գնաճի հիմնական պատճառների թվում Սթրոս Կանը նշել է վառելիքի եւ պարենի համաշխարհային բարձր գները: Նրա խոսքերով՝ 2008թ. արդյունքներով՝ ԱՊՀ երկրներում գնաճը կկազմի ավելի քան 15 տոկոս եւ «փոքր-ինչ կնվազի» 2009թ.: