«Թուրքիան այլեւս չի ցանկանում Հայաստանի հետ իր հարաբերությունները կապել ԼՂՀ հարցի հետ»,- կարծում է Ռիչարդ Գիրագոսյանը

14/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ ժամանեց Երեւան՝ միասին դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները, շատերի մոտ լավատեսություն առաջացավ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել, անգամ սահմանի հնարավոր բացման մասին էին խոսում։ Բավական լավատեսորեն էր տրամադրված նաեւ ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը, ով իր հրապարակումներում խոսում էր հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին՝ դեռ մինչեւ Գյուլի այցելությունը։ Սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահը նորից հայտարարություններ արեց, որ սահմանը կբացվի միայն ԼՂՀ հարցի կարգավորման դեպքում։ Այս համատեքստում, հետաքրքիր է՝ Գյուլի այցելությունը ռեալ ինչ-որ օգուտ տվե՞ց հայ-թուրքական հարաբերությունների հարցում, թե՞ սրանք ընդամենը խոսակցություններ էին։ Եվ արդյո՞ք դեռ հիմքեր կան լավատես լինելու համար։ Ռիչարդ Գիրագոսյանը համոզված է, որ կան։

– Այս անգամ ես շատ ավելի լավատես եմ, քան առաջ։ Վիճակը շատ է փոխվել։ Երբ հաշվի ենք առնում Շվեյցարիայում տեղի ունեցած գաղտնի հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել հրավերից ամիսներ առաջ, ապա պարզ է դառնում, որ պրոցեսն ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Բացի այդ, ուշադրություն դարձրեք, թե Սերժ Սարգսյանը որտե՚ղ առաջին անգամ հայտարարեց, որ հրավիրում է Գյուլին Հայաստան։ Մոսկվայում։ Վերջին շրջանի պատմության մեջ սա առաջին անգամն է, որ Ռուսաստանն օժանդակում է սահմանի բացմանը։ Որովհետեւ ՌԴ-ն դրանից շահում է եւ՚ տնտեսապես՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Վրաստանին, եւ՚ քաղաքական առումով, որովհետեւ սահմանի բացումով նա շրջանցում է Վրաստանը։ Այս նախաձեռնությանն ավելի շատ աջակցել է Ռուսաստանը, եւ ոչ թե ԱՄՆ-ը, ինչը շատ հետաքրքիր է։ Եվ հենց այդ պատճառով եմ ես լավատես։ Գյուլի այցելությունից մեկ շաբաթ անց ես Ստամբուլում էի եւ տեսա, որ թուրքերը շատ գործնական եւ անկեղծ են տրամադրված, քան նախկինում։ Գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան հասել է մի կետի, երբ այլեւս չի ցանկանում Հայաստանի հետ իր հարաբերությունները կապել ղարաբաղյան հարցի հետ։

– Բայց չէ՞ որ անգամ այցից հետո իրենք շարունակում են հայտարարել, որ սահմանի բացումը կախված է հենց այդ հարցի կարգավորումից։

– Ոչ։ Նման հայտարարություն եղավ միայն այն ժամանակ, երբ Գյուլը գնաց Բաքու։ Եվ այդ հայտարարությունը միմիայն Ադրբեջանին հանգստացնելու համար էր։ Թուրքերն այլեւս ցանկանում են իրենց արտաքին քաղաքականությունը ինքնուրույն որոշել։ Յուրաքանչյուր քայլ, որ Թուրքիան անում է դեպի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելուն, այդ քայլը նրան հեռացնում է Ադրբեջանից։ Երբ Ստամբուլում էի, եկավ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը, որի անդամները շատ հիասթափված էին։ Նրանք կարծում են, որ Թուրքիան իրենց դավաճանել է։ Իսկ գիտե՞ք ինչ պատասխանեցին թուրքերը՝ we don՚t care (մեզ համար միեւնույն է՝ ինչ եք մտածում)։ Թուրքերի ասածը մոտավորապես հետեւյալն է՝ մենք չենք ցանկանում Բաքվի գերին մնալ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մինչեւ հիմա թուրքերը ոչինչ չէին կարողանում անել, նրանց ձեռքերը կապված էին։ Միեւնույն ժամանակ, սա նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններում ստեղծված ճգնաժամի արդյունքն է։ Թուրքերն ուզում են, որ տարածաշրջանի գլխավոր խաղացողն իրենք լինեն, ոչ թե ԱՄՆ-ը։ Սա Իրաքի, քրդերի հարցի եւ թուրք-ամերիկյան ռազմական խնդիրների պատճառով է։ Թուրքերն ամբիցիաներ ունեն ոչ միայն այս տարածաշրջանի, այլեւ Սեւծովյան տարածաշրջանի հարցում։ Եվ այս առումով նրանք ավելի սերտ հարաբերություններ են ուզում հաստատել Ռուսաստանի հետ։ Թուրք-ադրբեջանական հարաբերություններն այժմ ավելի թույլ են, քան առաջ։ Թուրքերն այս տարածաշրջանը որպես պլատֆորմ են դիտարկում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Կենտրոնական Ասիայի համար, նրանք ուզում են այստեղ ռուսներին հավասար հանդես գալ։ Թուրքերի համար իրական վտանգ ներկայացնում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ Իրանի մեկուսացումը։ Թուրքերը դա չեն ուզում, նրանք ցանկանում են իրենց ծրագրերում որոշակի պահի ներգրավել նաեւ Իրանին։

Եթե անգամ Թուրքիան այս տարածաշրջանում ուժեղ դիրքեր հաստատի եւ բացի սահմանը, այն փաստը, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն արդեն այն չեն եւ ավելի են վատանում, նշանակում է, որ ղարաբաղյան հարցի վրա Թուրքիայի ազդեցության լծակներն էլ են թուլանում։ Թուրքիայի ամեն քայլին հաջորդում է Ադրբեջանի հակաքայլը։ Սկսած հուլիսից՝ երբ Մեդվեդեւն այցելեց Բաքու, Ադրբեջանը գնալով մոտենում է ոչ թե Անկարային կամ Վաշինգտոնին, այլ Մոսկվային։ Եվ ուշադրություն դարձրեք, թե Ադրբեջանն այժմ ինչ է պահանջում Ռուսաստանից՝ ռազմական օգնություն։ Ահա թե ինչու, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ չի ցանկանում միանալ ՆԱՏՕ-ին։ Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար վտանգը հենց սա է։

– Ստացվում է, որ Ռուսաստանը դավաճանո՞ւմ է Հայաստանին։

– Դա դժվար է միանշանակ դավաճանություն անվանել։ Փաստն այն է, որ Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցելությունից հետո ռուսական քաղաքականությունը գնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների մերձեցման։ Ռուսները մտածում են՝ մենք Հայաստանում այնքան ուժեղ ենք, որ ի վիճակի ենք բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ, եւ Հայաստանը ոչինչ չի կարող անել, ոչ մի լծակ չունի։ Ռուսների տեսանկյունից դա արդարացի է եւ բնական։ Միեւնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց ձեռնտու է պահել ստատուս-քվոն. նրանք չեն ցանկանում, որ հակամարտությունը կարգավորվի, որովհետեւ դա շատ լավ միջոց է տարածաշրջանում ազդեցությունը պահելու համար։ Այսինքն, ռուսները ոչ թե դավաճանում են հայերին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, այլ պարզապես բարելավում են իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ես չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է ինչ-որ նոր քայլերի՝ այս փոփոխությունների հետ կապված։