Այսպես է բնութագրում «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների Հայաստան
այցելելուց առաջ ԵԽ-ի երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից
հետո իշխանությունների վիճակը: Հիշեցնենք, որ այդ հաղորդագրությամբ
Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում մայիսի 11-ին ԱԺ-ի
կողմից առաջին ընթերցմամբ ընդունված կոալիցիայի Սահմանադրական
փոփոխությունների նախագծի վերաբերյալ եւ նշում, որ եթե համապատասխան
փոփոխություններ չկատարվեն, ապա սահմանադրական այդ բարեփոխումները
խոչընդոտելու են Հայաստանի ինտեգրմանը եվրոպական արժեքներին: Կկարողանա՞ն
արդյոք կոալիցիայի ներկայացուցիչները «բարիշել» Վենետիկի հանձնաժողովի
անդամների հետ, պարզ կդառնա այսօրվա նրանց հանդիպումների արդյունքում:
Իհարկե, դատելով եւ նախապես տարածված հաղորդագրության բովանդակությունից,
եւ կոալիցիայի ներկայացուցիչների արած հայտարարություններից, այս անգամ
վերջիններիս չի հաջողվելու համոզել եվրոպացիներին:
Իսկ մինչ այդ, երեկ Վարդան Պողոսյանը ներկայացրեց «Ժողովրդավարություն»
հ/կ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն արդեն հրատարակվել է
գրքույկի տեսքով: Բնականաբար, այս նախագծի պաշտոնապես ընդունվելու
հնարավորություն արդեն չկա, քանի որ ԱԺ-ն ընդունել է կոալիցիայի
ներկայացրած փոփոխությունները, սակայն «Ժողովրդավարության»
ներկայացուցիչները հույս ունեն, որ գոնե մինչեւ երկրորդ ընթերցում ընկած
ժամանակահատվածն իրենց առաջարկությունները կընդունվեն:
«Ժողովրդավարություն» հ/կ-ի մշակած նախագծից, Վարդան Պողոսյանի խոսքերով,
օգտվել է ՄԱԿ-ը՝ իր ներկայացրած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը
կազմելիս, որն, ի դեպ, Վարդան Պողոսյանի գնահատմամբ, ներկայացվածներից
ամենալավն է: Ինչ վերաբերում է կոալիցիային, ապա վերջինս ընդունել է իրենց
ներկայացրած միայն խմբագրական փոփոխությունները: Սակայն եթե մինչեւ
վերջնական տարբերակի հաստատումը նույնպես չընդունվեն ներկայացված
առաջարկները, ապա իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կոալիցիայի
ներկայացրած փոփոխությունների նախագիծը չընդունվի, քանի որ այդ
բովանդակությամբ այն կարող է երկիրը ճգնաժամի առաջ կանգնեցնել: Ըստ Վարդան
Պողոսյանի, կան առնվազն 40 հիմնախնդիրներ, որոնք կոալիցիայի ներկայացրած
տարբերակում լուծում չեն ստացել: Դրանք վերաբերում են մարդու
իրավունքներին, դատական իշխանության կախվածությանը, տեղական
ինքնակառավարման մարմինների լիազորություններին եւ այլն: Ըստ այդմ,
քաղաքական ուժերը պետք է փոխհամաձայնության գան երեք սկզբունքային հարցերի
վերաբերյալ՝ իշխանության թեւերի հստակ տարանջատում, դատական իշխանության
կախվածության բացառում գործադիր իշխանությունից եւ տեղական
ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության ապահովում: Միայն այս
դեպքում, ըստ Վարդան Պողոսյանի, հնարավոր է, որ սահմանադրական
բարեփոխումները կայանան: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի համար
անընդունելի համարվող հիմնական հարցերից մեկին՝ Երեւանի քաղաքապետի
ընտրովիությանը, ապա «Ժողովրդավարություն» հ/կ-ն առաջարկում է Երեւանում
անցկացնել երկմակարդակ ընտրություններ: Իսկ կոալիցիայի որոշ
ներկայացուցիչների փորձերը՝ Վենետիկի հանձնաժողովին համոզել եւ Երեւանի
հարցը հանել Սահմանադրությունից առանձին օրենքով կարգավորելու պայմանով,
Վարդան Պողոսյանը «միամտություն ու անխելքություն» է համարում:
Ընդհանրացնելով իրենց ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների
նախագիծը, Վարդան Պողոսյանն ասում է, որ այն համապատասխանում է իրավական
պետության ընդունված չափանիշներին եւ ապահովում մարդու իրավունքների
գերակայությունը, դրանց արդյունավետ պաշտպանությունը դատական համակարգում,
վերջինիս անկախությունը գործադիր իշխանությունից եւ տեղական
ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը: Նշենք, որ նախօրեին
ընդունած համատեղ հայտարարության մեջ «Արդարություն» դաշինքն ու «Ազգային
Միաբանությունը» նշել էին, որ մասամբ պաշտպանում են «Ժողովրդավարություն»
հ/կ-ի ներկայացրած նախագիծը: Սակայն քիչ հավանական է, որ կոալիցիան
ընդունի վերջինիս առաջարկները, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու
հրաժարվել մի շարք սկզբունքային դրույթներից: Մոտավորապես նույն բանն է
պահանջում նաեւ Վենետիկի հանձնաժողովը, որին կոալիցիայի ներկայացուցիչներն
արդեն սկսել են մեղադրել պատվեր կատարելու մեջ:
Այնուամենայնիվ, ի՞նչ կլինի, եթե չընդունվեն Վենետիկի հանձնաժողովի
պահանջները: «Մեր երկրին շատ մեծ հարված է հասցվելու, եւ Հայաստանը
հայտնվելու է Բելառուսի կարգավիճակում»,- կարծում է Վարդան Պողոսյանը: