Ծառուկյանի փեսան` քաղաքապետ

14/10/2008

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցան Աբովյանի քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրությունները, որին որպես քաղաքապետի թեկնածու՝ մասնակցում էր միայն մեկ թեկնածու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարապետ Գուլոյանը: Ըստ «Ա1+»-ի, չնայած ընտրության մասնակցության պասիվությանը, այնուամենայնիվ, Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) տվյալներով` 39.303 ընտրողից ընտրության է մասնակցել 22.913 ընտրող: Հետաքրքիրն այն է, որ ԸԸՀ-ն նախորդ գիշեր «Ա1+»-ին ասել էր, որ 20.125 մարդ է մասնակցել ընտրության, սակայն առավոտյան նրանց թիվն ավելացել էր 2788-ով: Ընտրողներից շատերն ընտրության չեն մասնակցել հետեւյալ պատճառաբանությամբ. «Միայն մի թեկնածու է, գնամ ո՞ւմ մեջ ընտրություն կատարեմ»: Ըստ Աբովյանի ԸԸՀ-ի տվյալների` քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարապետ Գուլոյանին կողմ է քվեարկել 21.618 ընտրող, նրան դեմ են եղել 610-ը, իսկ 660 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հետ ընտրվել են 11 ԲՀԿ-ական եւ 4 անկուսակցական ավագանու անդամներ: