Ընդամենը 9 սպանությո՞ւն

14/10/2008

Քանի՞ սպանություն է գրանցվել ՀՀ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում: «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից փոխանցել են,. որ սեպտեմբերի 14-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը ՀՀ-ում գրանցվել է 9 սպանություն: Դրանցից մեկը Վարդենիսում սեպտեմբերի 15-ին դեռեւս չպարզված հանգամանքներում օպեր-լիազոր, 28-ամյա Սամվել Խաչատրյանի սպանությունն է, որն առ այսօր բացահայտված չէ: Ոստիկանության տվյալների մեջ նշված էր նաեւ մի միջադեպի մասին, որի կասկածյալը հայտնի է, սակայն փախուստի մեջ է: Խոսքը սեպտեմբերի 24-ին Դոդոխանյան փողոցի 29 տան մոտ Համլետ Գեւորգյանի սպանության մասին է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Մարտուն Մելիքյանը, որին հայտնաբերելու ուղղությամբ Ոստիկանության կողմից միջոցառումներ են իրականացվում: Հաջորդ սպանության դեպքը, որի մանրամասները դեռեւս ճշտված չեն, տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Քաղաքացի Նահապետ Հարությունյանի ահազանգով պարզվել է, որ Գ. Նժդեհ փողոցի 45 տանը դիակ կա: Օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է 58-ամյա Լուսիկ Համբարձումյանի դիակը՝ ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված:

Ըստ Ոստիկանության, մնացած սպանությունները ոչ միայն բացահայտվել են, այլեւ կան կալանավորվածներ: Նշված սպանությունները, բացի Վարդենիսի դեպքից, ստացված տվյալներից դատելով՝ կատարվել են միայն կենցաղային, խանդի հողի վրա, ալկոհոլի ազդեցության տակ: Ամփոփելով այս տարվա 9 ամիսների օպերատիվ տվյալները` պարզվում է՝ Ոստիկանության վարույթում այսօրվա դրությամբ կա արդեն 7128 գործ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2300-ով ավելի է: Այս ընթացքում Ոստիկանությունը հասցրել է ավարտել սպանության փաստով հարուցված 60 քր. գործի քննություն, որոնցից 49-ը ուղարկվել է դատարան: