Սոցհարցումներ` դատավորների մասին

14/10/2008

Երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում, ԱԽ նիստում քննարկվել են նաեւ ՀՀ-ի դատաիրավական բարեփոխումների ներկա ընթացքին վերաբերող հարցեր, ինչի առնչությամբ Ս. Սարգսյանը մասնավորապես ասել է. «Դատաիրավական բարեփոխումների շարունակման եւ ընդհանրապես դատական համակարգի խնդիրներին վերջին երկու ամսվա ընթացքում ես առնվազն երեք անգամ հրապարակավ անդրադարձել եմ: Իմ դիրքորոշումը միանշանակ է. դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ մինչեւ օրս կատարված քայլերն ու առկա ձեռքբերումները չեմ համարում բավարար, քանի որ դրանք դեռեւս չեն տվել ցանկալի արդյունքը: Այսօր մեր երկրում դատարանների նկատմամբ լուրջ դժգոհություն կա: Իսկ ոլորտի օրենսդրական բարեփոխումները, որոնց ուղղությամբ էական քայլեր են կատարվել, ինքնին բավարար չեն դատարանի դերը բարձրացնելու համար: Ես արդեն նշել եմ, որ առանձին կարեւորություն ունի հատկապես դատական կոռուպցիայի ու կաշառակերության դրսեւորումների դեմ պայքարը: Եվ այսուհետ դատաիրավական բարեփոխումների ընթացքը գնահատելու համար ինձ համար ցուցանիշ է լինելու ոչ թե կոնկրետ կատարված քայլերն արձանագրող ցանկի երկարությունը, այլ` համակարգի հանդեպ հասարակական վստահության գնահատականը: Ես հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պարբերաբար պատվիրելու է համապատասխան մասնագիտացված սոցիոլոգիական հարցումներ, որոնք մեզ թույլ են տալու հասկանալ ոչ միայն դատական համակարգի հանդեպ հասարակական վստահության մակարդակը ժամանակի տվյալ պահին, այլեւ այդ ցուցանիշի փոփոխությունը, դինամիկան: Եվ հենց այդ դինամիկայով է, որ մենք պետք է եզրակացություններ անենք, թե ընդունվող օրենքներն ու նորմատիվ փաստաթղթերը, կադրային քաղաքականությունը, կոռուպցիայի դեմ քայլերը, համակարգային լուծումները, դատավորների աշխատավարձերի բարձրացումը եւ մյուս քայլերը որքանով են տեղին ու արդյունավետ: Այո, մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք դատաիրավական բարեփոխումները: Իսկ այդպիսի ավարտը ենթադրում է մի համակարգի կայացում, որը գործնականում կհեշտացնի դատարան դիմելու իրավունքի իրականացումը անձանց կողմից: Երաշխավորելով դատավորի անկախությունը` կբարձրացվի դատական պաշտպանության ինստիտուտի դերը եւ նշանակությունը, հետեւաբար նաեւ` անձանց կողմից դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը: Եվս երկու կարեւոր գործոն: Դատական համակարգը եւ դրա կառուցվածքը պետք է համապատասխանեն ու հավասարակշռեն հասարակության եւ արդարադատության շահերը: Տարբեր ատյանների միջեւ լիազորությունների բաշխումը պետք է իրականացվի այն չափով ու ծավալով, որպեսզի առավելագույնս երաշխավորի եվրոպական չափանիշներին համապատասխանող արդար դատաքննության ինստիտուտի կիրառումը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում է նաեւ դատական համակարգի ճիշտ համակարգվածություն, յուրաքանչյուր ատյանի համար լիազորությունների եւ արդարադատության իրականացման սահմանների հստակեցում: Մենք պետք է հասնենք մի իրականության, երբ անձը դատարան դիմելիս կամ դատական ակտը բողոքարկելիս, ի սկզբանե հնարավորություն ունենա ողջամտորեն կանխատեսելու դրա հնարավոր արդյունքը եւ հետեւանքները: Այսինքն, կառուցվածքը եւ համակարգը պետք է լինեն այնպիսին, որ բավարարելով հասարակության պահանջները` միաժամանակ այն հավասարակշռեն արդարադատության շահերի հետ: Մեզ մեծ գործ է սպասվում անելու: Սա այն բնագավառն է, որտեղ դանդաղկոտությունը կամ անլուրջ վերաբերմունքը չի կարող հանդուրժվել: Համապատասխան կամքի առկայության մասին ես արդեն հրապարակավ հայտարարել եմ. եկել է գործելու ժամանակը: Եվ ես խիստ որոշակի արդյունքներ եմ ակնկալում տեսնել»: