Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում: 1983թ. պաշտպանել է թեկնածուական, 2000թ.` դոկտորական թեզերը Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանի ակադեմիկոս Ա. Ֆոկի անվան ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնում: 1995թ. մասնակցել է ՌԴ Գերհամակարգչային առաջին ինստիտուտի հիմնադրման աշխատանքներին եւ ստեղծել Քվանտային համակարգերի եւ Քվանտային պրոցեսների լաբորատորիան: Հիմնարար աշխատանքներ է կատարել բազմամասնիկ քվանտային համակարգերի դինամիկայի, ստոխաստիկ քվանտային համակարգերի եւ չկարգավորված քվանտային սպինային համակարգերի ուսումնասիրման եւ այլն բնագավառներում:
– Պարո՚ն Գեւորգյան, հիմնավորումները, թե գիտությանը հատկացվող գումարները պետք է տնտեսել կամ օպտիմալ ծախսել, որ երկիրը բարդ փուլում է, որ կարեւորը բանակին ուղղված միջոցներն են, որքանո՞վ եք գրագետ համարում այն առումով, որ, օրինակ, Գիտությունների ակադեմիան, Մայր բուհը ստեղծվել են մեր երկրի համար ոչ ամենահանգիստ եւ ապահով շրջանում:
– Հայաստանը՝ լինելով հզոր քաղաքակրթությունների խաչմերուկում, միշտ ունեցել է իր ուրույն մշակույթը, որի հիման վրա կառուցել է յուրահատուկ հզոր քաղաքակրթություն: Այն, որ հայ ժողովուրդը, մեր պետությունն այժմ գոյություն ունեն, հետեւանք են ամենեւին ոչ մեր ռազմական կամ տնտեսական հզորությունների: Գիտության եւ կրթության նշանակությունը հստակ ընկալեցին սովետական շրջանի ղեկավարները: Նրանց հաջողվեց պատմական կարճ ժամանակահատվածում ցնցոտիավոր Ռուսական Կայսրության մնացորդներից ստեղծել գերհզոր մի երկիր, որն է՚ր ԽՍՀՄ-ը: Գիտության եւ կրթության դերը կարեւորվեց նաեւ Առաջին Հանրապետության ժամանակ: Երկրի համար ծայրահեղ դժվար ժամանակներում ստեղծվեց ԵՊՀ-ն, այնտեղ դասավանդելու համար արտասահմանից հրավիրվեցին շատ հայ մտավորականներ: 1943թ., Ստալինի հրամանով, Հայաստանում ստեղծվեց Գիտությունների ակադեմիան, ուր ընդգրկվեցին համաշխարհային մասշտաբի գիտնականներ Օրբելի եւ Ալիխանյան եղբայրները, Աճառյանը, Համբարձումյանը, Մանանդյանը եւ այլք: Այդ ակադեմիան իր տրամաչափով կարելի էր անգամ համեմատել Բրիտանական թագավորական ակադեմիայի հետ: Բայց ցավոք, մեծ հաշվով Հայաստանի գիտությունների ակադեմիան այժմ չկա, իսկ Բրիտանականը կա, զարգանում եւ հզորացնում է իր երկիրը:
– Հայաստանում գիտության նկատմամբ պետական հոգածության եզակի դեպքերից մեկը, որ հիշում ենք, հայոց գրերի ստեղծմանը Վռամշապուհ արքայի եւ կաթողիկոսի անմիջական աջակցությունն են: Հետո նման հիշողությունները դառնում են դրվագային, անկանոն: Վերջին 17 տարիներին գիտությունը կարծես անգամ խանգարում է պետությանը:
– Հայաստանում գիտության եւ կրթության քայքայումը, որը սրընթաց շարունակվում է նաեւ հիմա, ունի ներքին եւ արտաքին դրդապատճառներ: Արտաքին պատճառներից կառանձնացնեի նախ՝ ԽՍՀՄ քայքայումը, որը Խորհրդային Հայաստանի գիտության հիմնական սպառողն էր, եւ ժամանակակից աշխարհում չկա որեւէ կառույց, որը պատրաստ լիներ իր վրա վերցնել նշված դերը: Ավելին, կան շատ արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը գիտության եւ կրթության ոլորտում լինի հետամնաց, եւ այդ ծրագիրը բավական արդյունավետ իրագործում են գործող իշխանությունների անտարբերության կամ, ավելի ստույգ, հանցագործ համագործակցության միջոցով: Ներքին պատճառներից են՝ ա) Երրորդ Հանրապետության ներկա եւ անցյալ իշխանությունները չեն ընկալում գիտության դերը հասարակության կազմակերպման, պետության հզորացման գործում: Այդ իմաստով հատկանշական է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի արդեն թեւավոր դարձած կարգախոսը՝ գիտությունը մեզ պետք չէ, ինչը դարձավ ուղեցույց հաջորդ կառավարությունների համար,
բ) կրթության եւ հատկապես գիտության նկատմամբ պահանջարկն այսօր խորքային չէ, որովհետեւ այն վճռորոշ չէ Հայաստանում լավ աշխատանք ստանալու համար: Հայաստանում երիտասարդության համար իդեալ համարվող օլիգարխ, նախարար, անգամ երկրի նախագահ դառնալու համար բացարձակապես անհրաժեշտ չէ լինել կրթված, առավել եւս՝ գիտնական: Այնուհանդերձ, ժամանակները փոխվում են, եւ շատերն են գիտակցում, որ պետության եւ հասարակության զարգացման եւ հզորացման միակ ուղին ինովացիոն տնտեսության ստեղծումն է, որը սերտորեն կապված է գիտակրթական համալիրի ամբողջական զարգացման հետ:
– Դուք տվեցիք համաշխարհային մասշտաբի գիտնականների անուններ: Մասնագիտության բերումով՝ գիտեմ Աճառյանի օրինակը. նա ունեցավ բազմաթիվ աշակերտներ, սակայն, այնուամենայնիվ, դպրոց չստեղծեց: Դա անհատների՞, թե՞ համակարգի խնդիրն էր:
– Գիտական դպրոցը պետության ինտելեկտուալ սեփականությունն է, եւ նախեւառաջ պետությունը պետք է հոգ տանի թե՚ նրա ստեղծման, թե՚ պահպանման համար: Մի առիթով զրուցում էի աշխարհահռչակ տեսաբան ֆիզիկոս եւ գիտության կազմակերպիչ, ՌԴԳԱ թղթակից անդամ Կարեն Տեր-Մարտիրոսյանի հետ, ով երեք տասնամյակից ավելի ղեկավարեց Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Լեւ Լանդաուի կողմից ստեղծած տեսական ֆիզիկայի դպրոցը: Խոսելով Ալիխանյան եղբայրների մասին՝ Կ. Տեր-Մարտիրոսյանը ցավով էր նշում, որ, ի տարբերություն Աբրահամ Ալիխանյանի, ում հաջողվեց ստեղծել մեծ գիտական դպրոց Մոսկվայում, կրտսեր եղբորը՝ Արտեմ Ալիխանյանին, ով պակաս տաղանդավոր եւ գործունյա չէր, դա չհաջողվեց իրագործել Հայաստանում: Նույնը չհաջողվեց նաեւ նշված հանճարեղ գիտնականներին, ովքեր մնացին աշխատելու Հայաստանում: Եթե մի փոքր վերլուծենք, ապա գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանում որեւէ ժամանակ չի գործել համակարգ, որը թույլ տար նույնիսկ մեծ անհատին՝ ստեղծելու քիչ թե շատ ուժեղ գիտական դպրոց:
– Գուցե խնդիրն այն է, որ եկավ մի շրջան, երբ գիտական կամ, անգամ, ակադեմիկոսի կոչում ստանալու համար լուրջ գիտնական լինելը բնավ անհրաժեշտ պայման չէր:
– Արդեն խորհրդային շրջանի վերջերում պետական այրերի անմիջական հովանավորությամբ ակադեմիայի անդամներ էին դառնում շատ թույլ գիտնականներ եւ նույնիսկ գիտության հետ կապ չունեցող անձինք: Ետխորհրդային ժամանակներում գիտական կոչումներ շնորհելու, ԳԱԱ ակադեմիկոս կամ թղթակից անդամ դառնալու, ակադեմիայի պրեզիդենտ ընտրվելու պարագայում անգամ գիտական վաստակը մղվեց հետին պլան՝ աղետալի ազդեցություն ունենալով գիտության համար: Եթե նախկին ակադեմիայի պրեզիդենտի, եւ, ըստ այդմ, գիտության չափանիշն էր Վ. Համբարձումյանը, որին գիտեր ողջ համաշխարհային գիտական հասարակությունը, այսօրվանը Ֆ. Սարգսյանն ու Ռ. Մարտիրոսյանն են, որոնց գիտական աշխարհում չեն ճանաչում: Իհարկե, այսօր էլ Հայաստանում կան գիտնականներ, ովքեր կատարում են լավ եւ նույնիսկ շատ լավ գիտական աշխատանքներ, բայց դրանք բացառություններ են, որոնք ընդգծում են օրինաչափությունը, այն է՝ Հայաստանում այսօր գիտությունը հիմնահատակ քայքայված է:
– Բայց չէ՞ որ գիտնականների կարծես նույն կազմն է աշխատում Ակադեմիայի նշված երեք պրեզիդենտների օրոք:
– Վերջին քսան տարում տեղի են ունեցել շատ վտանգավոր, եթե չասենք՝ մահացու գործընթացներ գիտության եւ կրթության բնագավառներում: Երբ վերացան գիտության եւ գիտության գործչի գնահատման բարոյական եւ պետական չափանիշները, տեղի ունեցավ աշխատող ակտիվ երիտասարդ գիտնականների եւ ինժեներների, այսինքն՝ հիմնական ներուժի մեծ եւ անդառնալի արտահոսք ոլորտից եւ ընդհանրապես երկրից: Հայաստանում մնացած գիտնականների ճնշող մեծամասնությունը դարձավ հասարակության ամենաանպաշտպան եւ արհամարհված խավը: Ստեղծված իրավիճակի համար մեղքի իր բաժինն ունի հասարակության գիտական եւ ընդհանրապես մտավորական խավը՝ հանդուրժելով ճարպիկ միջակություններին, ովքեր դարձան գիտության եւ կրթության բնագավառի ուղեցույցներ ու ղեկավարներ: Այն մտայնությունը, թե գիտությունը կարող են ղեկավարել բոլոր ժամանակների իշխանությունների հետ լեզու գտնող ոչգիտնականները կամ թույլ գիտնականները, սնանկ ու կործանարար դուրս եկավ: Նույնը վերաբերում է նաեւ կրթության ոլորտին: Անընդունելի է, որ կրթության եւ գիտության նախարար են դառնում այդ պաշտոնի համար անհրաժեշտ բարոյական եւ մասնագիտական տվյալներ չունեցող անձինք՝ Աշոտ Բլեյանը (ՀՀՇ), Սերգո Երիցյանը (ՕԵԿ), Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ) եւ ներկայիս նախարար Սպարտակ Սեյրանյանը (ՀՅԴ): Չմանրամասնելով նրանց վնասարարությունների ցանկը՝ նշենք, որ Բլեյանը դպրոց ներմուծեց կաշառակերություն, Երիցյանն օպտիմալացման քողի տակ սկսեց կազմաքանդել ուսուցչական կոլեկտիվները եւ հարցականի տակ դրեց հայ դպրոցը, Մկրտչյանը բոլոնյան համաձայնագրին միանալու պատրվակով սկսեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական պրոցեսների ավերը եւ վալեմիզացիան, որը նոր եռանդով ու «մտահղացումներով» այժմ շարունակում է իր կուսակիցը: Մինչ այդ՝ շարունակվում է իշխանությունների բացասական միջամտությունը՝ բուհերի ռեկտորների պաշտոններում, Ակադեմիայում եւ այլ կարեւոր պաշտոններում ռեժիմին լոյալ կադրերի ներդրումը: Եվ Ակադեմիայի հիմնադրումից 65 տարի անց ունենք այնպիսի ակադեմիկոսների կազմ, որոնց ներուժը որեւէ կերպ համեմատելի չէ նրա հիմնադիր կազմի ներուժի հետ: Իշխանավորների հովանավորությամբ Մայր բուհերը գիտության եւ կրթության օջախներից վերածվել են որոշ իշխանավորների առեւտրային ընկերությունների: Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարելի էր Մայր բուհի ղեկին դնել մեկին, ով գիտական աշխարհին անհայտ է, որեւէ կերպ իրեն չի դրսեւորել որպես մտավորական կամ կրթության կազմակերպիչ: Ի՞նչ է, ՀՀԿ անդամ լինելը բավարա՞ր է այդ պաշտոնը զբաղեցնելու, իսկ այնուհետեւ՝ ԳԱԱ թղթակից անդամ դառնալու համար: Ռեկտորի պատասխան քայլը չուշացավ. նրա առաջարկությամբ շուտով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Չեմ հասկանում, նրա ինչի՞ն է պետք դա: Ի՞նչ խորհուրդ կարող է տալ այդ մարդը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին՝ իր երեկոյան բանասիրական կրթությամբ: Նույնը կատարվել է նաեւ մյուս բուհերում: Եթե ցանկանում ենք փոխել իրերի այս աղետալի ընթացքը, ապա պետք է էապես վերանայել պատասխանատու պաշտոններում մարդկանց ընտրելու գործող չափանիշները: Եթե ուզում ենք ունենալ հզոր ԳԱԱ կամ մայր բուհեր, ապա պրեզիդենտի, ռեկտորների պաշտոններում անհրաժեշտ է առաջադրել Վիկտոր Համբարձումյանի կամ Սերգեյ Մերգելյանի մակարդակի գիտնականներ, իսկ եթե այդպիսիք չկան Հայաստանում, պետք է հրավիրել դրսից:
– Դժվար գտնվի ՀՀԿ-ական արտասահմանցի, ում կարելի լիներ վստահել ԵՊՀ-ն: Այնուամենայնիվ, ոլորտը համակարգող նախարարը, առանց իրեն խնայելու, ներկայացնում է բուհական ոլորտի բարեփոխումների մասին:
– Արեւմտյան կրթական համակարգը, որը ենթադրում է բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա շղթան, առաջնակարգ կրթական համակարգ է: Բայց մեր պարագայում ամեն ինչ սխալ է ընթանում. համակարգը ներդնելուց առաջ պատասխանատու անձինք լրջմիտ չեն մոտեցել ուսումնառության ընթացքի կազմակերպման հարցերին, ինչն էլ արդեն բերել է կրթության որակի էական անկման:
– Եթե կարելի է՝ ավելի մանրամասն բացատրեք:
– Այսպես` մագիստրատուրայում ուսուցումը պետք է նեղ մասնագիտացված եւ հագեցված լինի ժամանակին համահունչ գիտակրթական նորություններով, սակայն ոչ մի ուսումնական հաստատություն՝ ներառյալ ԵՊՀ-ն եւ ԵՃՀ-ն, չունեն անհրաժեշտ գիտամանկավարժական ներուժ: Բացը կարելի էր լրացնել՝ ներգրավելով ակադեմիական ինստիտուտների գիտական ներուժը, բայց դա չի արվում: Բանն այն է, որ բուհը մինչեւ հիմա աշխատում է դասաժամերի ծանրաբեռնվածության բաշխման ու վճարման հին չափորոշիչներով եւ հազիվ բավարարում է իր հիմնական աշխատակիցների կարիքները: Ասեմ հետեւյալը, արեւմտյան կրթահամակարգում դասախոսն այնքան ծանրաբեռնված չէ, ինչպես մեզ մոտ: Նա ունի գիտությամբ զբաղվելու եւ՚ ժամանակ, եւ՚ լիարժեք հնարավորություն, ավելի՚ն, պրոֆեսորի աստիճանին հասած անձը ամեն չորս տարին մեկ ունի մեկ տարվա վճարվող արձակուրդ, որն օգտագործում է գիտական գործունեությամբ զբաղվելու համար: Մեր դասախոսներից շատերն օժտված են, սակայն ծանրաբեռնվածությունը հնարավորություն չի տալիս զբաղվել գիտական գործով: Բացի այդ՝ ստացած աշխատավարձը դասախոսին դնում է ծայրահեղ կացության մեջ, եւ նա արագ կորցնում է գիտությամբ զբաղվելու ցանկությունը:
– Եվ դա լուրջ արդարացում է՝ բուհերում, ասենք, կաշառակերությունը զարգացնելու համա՞ր:
– Ստեղծված իրավիճակում դասախոսն իր ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված է զբաղվել հավելյալ գումար վաստակելով, որը, որպես կանոն, գիտության, հաճախ եւ դասավանդման հետ որեւէ կապ չունի: Եվ դասախոսներից շատերը հայտնվում են բացահայտ կամ թաքնված կոռուպցիայի ճահճում: Մյուս վտանգավոր երեւույթը, որը խարխլում է բուհական նորմալ կյանքը, հովանավորչությունն է մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի համար մրցույթներում. ուժեղ թեկնածուներից շատերը դուրս են մնում՝ տեղը զիջելով շատ ավելի թույլերին, որոնք ունեն «թիկունք»: Եվ դա, սովորաբար, արվում է բանակից խուսափելու նպատակով:
– Գիտության եւ կրթության ոլորտում տեղի ունեցող անհասկանալի երեւույթներից հերթականը թերեւս գիտական աստիճան ունեցող գիտնականների ու ակադեմիկոսների խտրական վարձատրությունն է:
– Բուհերին տրված պետական ֆինանսավորման չափն այնքան քիչ է, որ նրանք, ըստ էության, գոյատեւում են մասնավոր վճարումների հաշվին: Ավելին, մայր բուհերը՝ ԵՊՀ-ն եւ ԵՃՀ-ն, հարկատուների մեջ 13-րդն ու 15-րդն են: Այսինքն՝ նրանք ավելի շատ հարկ են վճարում, քան, օրինակ, Գագիկ Ծառուկյանի «Արարատ ցեմենտը» կամ Միկա Բաղդասարովի «Միկացեմենտը», որոնք, ի դեպ, գազի սուբսիդավորման միջոցով կառավորությունից ստանում են տասնյակ միլիոնների հասնող օգնություն:
Մինչդեռ, անհրաժեշտ էր բուհերը հարկերից գոնե մասնակի ազատել եւ այդ միջոցներն ուղղել նրանց վերազինմանը, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացմանը եւ այլ խնդիրներին: Գիտության ոլորտում վիճակն ավելի վատ է: Ֆինանսավորումը բավարար չէ գիտության նորմալ կենսագործությունը, նրա արդիականացումն ու սերնդափոխությունը ապահովելու համար: Բացի դա՝ այդ գումարի շատ փոքր մասն է հասնում գիտությամբ իրապես զբաղվողներին: Այստեղ մեծ մեղքը ունի ԳԱԱ-ի նախագահությունը եւ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ինստիտուտը, որը նման է էլիտար կաստայի: Այն իր վրա վերցնելով գիտության կազմակերպչի ու առաջատարի առաքելությունը՝ բացի իր բարօրությունից, այլ հարցով հետաքրքրված չէ… Խայտառակություն է, բայց գիտությունների դոկտորը ստանում է 40.000 դրամի կարգի աշխատավարձ եւ 17.000 դրամ՝ հավելավճար: Նույն պարագայում միայն հավելավճարները, որոնք տրվում են ակադեմիկոսին եւ ակադեմիայի թղթակից անդամին, կազմում են համապատասխանաբար 150.000 եւ 100.000 դրամ, այն դեպքում, երբ նրանց գիտական աստիճանները նույնն են:
– Զրույցի սկզբում խոսեցիք հայերի ուրույն քաղաքակրթության, այն պահպանելու անհրաժեշտության մասին: Դուք համաձա՞յն եք ՀՀ նախագահի այն տեսակետին, թե հայի ինքնությունը պետք է ձերբազատվի բարդ եւ խորհրդավոր լինելուց, որ ուրույն քաղաքակրթությունը, ինչպես բնության անարատ տեսակները, դատապարտված է:
– Կարծում եմ՝ դա հայի ինքնության բացառիկ սխալ ընկալում է եւ հղի է վտանգավոր հետեւանքներով: Հայ էթնոսի ամենակարեւոր հատկությունը նրա ստեղծագործական ջիղն է, արարելու սերը ու կարողությունը: Վերջին 17 տարին դրսի ուժերը, մեզ վրա կարգված հանցագործ իշխանավորների ձեռքերով, մեզ փորձում են ձեւափոխել, դարձնել այլ հատկություններով օժտված էթնոս, որը զբաղվի միայն սպասարկման ոլորտով, առեւտրով ու տուրիզմով: Կա՚մ այդ փորձերը կձախողվեն, կա՚մ մենք կկորցնենք մեր էթնոսին բնորոշ հատկանիշները: Առաջին դեպքում մենք կպահպանենք մեր ազգը, բարոյապես կամրանանք եւ կշարունակենք մեր պատմական ընթացքը: Երկրորդ դեպքում բարոյապես կմեռնենք՝ որպես ազգ, իսկ հետո կձուլվենք ուրիշ ազգերին: Այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ էինք դարերով պայքարում օտար զավթիչների դեմ: Միանգամից կփոխեինք մեր լեզուն ու կրոնը, կձուլվեինք եւ այդքան տառապանք չէինք կրի: Հազարամյակների ընթացքում բախվել ենք տարաբնույթ հզոր քաղաքակրթությունների եւ գոյատեւել, որովհետեւ, վերջին հաշվով, ավելի ուժեղ է եղել մե՚ր քաղաքակրթությունը: Մեզ համար նորություն չէ գլոբալիզացիան: Դա տեսել ենք Ալեքսանդր Մակեդոնացու օրոք եւ գուցե նրանից էլ առաջ, բայց մենք կանք ու կլինենք, եթե հետեւենք մեր հոգու կանչին եւ հավատանք մեր մտքի թռիչքին: Այժմ ժամանակներն ուրիշ են. որպեսզի այս փոքրաթիվ բնակչությամբ կարողանանք դիմակայել հարեւան այլ մշակույթ ու դավանանք ունեցող մեծաթիվ ժողովուրդների ճնշումներին եւ պահպանել մեր ինքնությունն ու ուրույն քաղաքակրթությունը, պետք է զարգացնել կրթությունը եւ արդիական գիտությունները: