Ի՞նչն է խանգարում Հայաստանին

09/06/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

2004թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի առաջարկով ԱՄՆ Ազգային
գիտահետազոտական խորհուրդը Հայաստանի գիտատեխնիկական համակարգի ներկա
վիճակը եւ զարգացման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով ամերիկացի
մասնագետների 6 հոգանոց հանձնախումբ ուղարկեց Հայաստան: Ծրագրի
ֆինանսավորումը ստանձնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը`
USAID-ը: Հանձնախմբի անդամներն այցելեցին ՀՀ գրեթե բոլոր
նախարարությունները, ՀՀ ԱԺ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, վերջինիս
ենթակայության տակ գտնվող գիտահետազոտական ինստիտուտներ, կառավարական եւ
ոչ կառավարական կազմակերպություններ, մասնավոր ձեռնարկություններ, եւ
վերջերս իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրին,
որում տեղ է գտել նաեւ 2005-ին ՀՀ զարգացումն արգելակող հիմնական
գործոնների նկարագիրը: Համաձայն այդ նկարագրի` Հայաստանը տնտեսական եւ
քաղաքական առումով մեկուսացված վիճակում է. Լեռնային Ղարաբաղի շուրջ
հակամարտության հետեւանքով Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են երկրի
տնտեսական շրջափակումը, որը խիստ բացասաբար է անդրադառնում Հայաստանի
տնտեսության եւ զարգացման հեռանկարների վրա: Զեկույցի հեղինակները նշում
են, որ ՀՀ-ում գործադիրի գերիշխանությունը նվազեցրել է մրցակցությունը
քաղաքական ու տնտեսական ասպարեզներում եւ, որպես դրա հետեւանք, չի
գերակայում օրենքը, քաղաքական կուսակցությունները թույլ են, իսկ
լրատվամիջոցներն իրապես անկախ չեն, կոռուպցիան ջլատում է Հայաստանի
տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների գործընթացը: «Չնայած
տնտեսական աճի բարձր տեմպերին, երկրի բնակչության մի հոծ զանգված
շարունակում է ապրել աղքատության մեջ: Չքավորության հիմնական ցուցանիշների
առումով վերջին տարիներին գրանցված առաջխաղացումն աննշան է»,- իրենց
հաշվետվության մեջ գրում են հանձնախմբի անդամները: