Ուխտագնացություն էր դեպի Օշական: Գալիս էին մեծ ու փոքր, ահել ու ջահել՝ դեպի սրբավայր` Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Գալիս էին ամենքն իրենց պարտքը կատարելու, խոնարհվելու Մաշտոցի հիշատակի առաջ ու նրա անքնին սխրանքի: Նա նոր մի ազգ ոգեկոչեց ու նոր մի հայրենիք, նոր մի թռիչքի համար թեւեր կերտեց ու նոր մի ընթացքի համար ուղիներ հարթեց: Հայոց գիրը ազգի համախմբման, հայրենիքի վերակերտման համար նոր մի խթան եղավ: Մինչ այդ ցաքուցիր էր ազգը` ի մի եկավ, մինչ այդ անգիր ու անհիշատակ էր, գիր ու հիշատակություն ունեցավ: Ու այդուհետ այլ մի խոյանք էր նա ունենալու, այլ մի ուղի էր գտնելու: Ու մինչ այդ տկար ոգին զորացավ, մինչ այդ չգրված պատմությունը գրվեց, մինչ այդ չասված խոսքը լսվեց: Շատ ժողովուրդներ թարգմանիչների տոն ունեն, բայց «Սուրբ Թարգմանչացը» մերն է միայն: Ասել է թե` սրբազան էր ջանքը թարգմանչաց, «որ բերելով զգիր օրինաց ի Հայաստան աշխարհ լուսաւորեցան ազգ որդւոց Թորգոմայ»: Ու հետնորդները թարգմանչաց նույն ուխտի ուխտավորներն են, նույն ընթացքի ճամփորդները: Ամեն տարի աշնանային այս օրը Մատենադարանից 17-րդ դարի Շուխունց ավետարանն է այստեղ բերվում, ու ի խոնարհումն գրքի եւ ի հիշատակ թարգմանչաց` պատարագ է առ երկինք մատուցվում: Շարականները պատերն են քերծում, խոյակներն ի վեր հոգիներում լուսաճեղքեր են բացվում: Թեւերը` վեմերին խոնարհված, սլացքների մատույցներում են բացվում: Օշականի պատերի ներքո ամենամյա մի հանդիսություն էլ է լինում` «Կանթեղ» թարգմանական մրցանակի շնորհումը լավագույն թարգմանիչներին: Այս անգամ նրան արժանացան Հրաչյա Բեյլերյանը, Ներսես Աթաբեկյանը, Ալբերտ Նալբանդյանը: Մի անակնկալ էլ կար`Ռուսաստանի դեսպանատան կողմից Վալերի Բրյուսովի անվան մրցանակը, որը շնորհվեց Վարդան Ֆերեշեթյանին: Հետո նրանց խոսքը հնչեց բանաստեղծական` հանց պահապան հրեշտակի թեւեր սյուներին տարածվող, ապա` Մանդելշտամի ու Ախմատովայի պոեզիան հայերեն: Մասնակցում էին նաեւ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, լիտվիացիներ, ղազախներ, տաջիկներ, վրացիներ: Նրանք եկել էին «Թարգմանություն. լեզու եւ մշակույթ» ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների ու հրատարակիչների ֆորումին: Ասում էին` Հայաստանն այն երկիրն է, ուր ամեն անգամ սիրով ու նվիրումով են իրենք գալիս, հայերենն այն լեզուն է, որով ամեն անգամ իրենց գրականությունը ակնածանքով են հնչեցնում: Ասում էին՝ հայոց հողը խաչմերուկն է իրենց մշակույթների, ու թարգմանչաց այս օրը վերածնունդն է իրենց բարեկամության ու ապագայում ծնվելիք խոսքի: Ու լսելով նրանց՝ հասկանում ես կրկին անգամ, որ դու ժառանգն ես հազարամյակներից քեզ հասած երթի: Ու մի հանկարծակի ճառագմամբ` ինչպես մի օր տեսիլքը Մաշտոցի` լեզուն մեր հոգին է սրբագործում մեր ու լույսով իր նորոգում: