Փոխըմբռնում կա՞

11/10/2008

Երեկ Բիշքեկում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են «մադրիդյան» առաջարկների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Հարցին, թե ճի՞շտ են այն կարծիքները, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական առանցքային հարցերը համաձայնեցված են, Է. Նալբանդյանը պատասխանել է. «Ես ասել եմ, ու նորից կցանկանայի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի ԼՂՀ ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Եվ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա»: Իսկ ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների այն տեսակետներին, թե բանակցությունների ներկա փուլում Հայաստանը ոչ նպաստավոր դիրքում է գտնվում, Է. Նալբանդյանն ասել է, թե «դրանք նման են հիվանդ երեւակայությունների»: Ի դեպ, նա նաեւ վստահեցրել է, թե Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցություններն ավելի ակտիվ փուլ կմտնեն, եւ հնարավորություն կլինի նոր հանդիպումներ կազմակերպել: