Վագրենավորը

11/10/2008

Անցած ամիսների ներքաղաքական լարվածության ֆոնին մի տեսակ աննկատ մնաց հասարակության «ուղեղների լվացման» գործընթացում ու պաշտոնական քարոզչության մեջ իշխանությունների շեշտադրումների փոփոխությունը: Տասը տարի շարունակ «երկնիշ տնտեսական աճի», «տնտեսության վագրաձեւ թռիչքի» մասին խոսող իշխանություններն այսօր սահմանափակվում են «հայկական աշխարհի» կամ «հայկական հրաշքի» տեսլականներով: Նույնիսկ 3.5 մլրդ դոլարանոց բյուջեն գրեթե չի գովազդվում, դրա «աննախադեպության» մասին գնահատականներ չեն հնչում: Իրականում սրա պատճառն այն չէ, որ իշխանությունները հասկացել են, որ հասարակությանը խաբել չի կարելի («հայկական» զանազան երեւույթների մասին խոսելը կեղծիքի պակաս դրսեւորում չէ): Պարզապես նաեւ տնտեսության բնագավառում նույնիսկ կեղծելու ռեսուրսներն արդեն սպառվել են: Դա հասկանում են նաեւ Հայաստանի հետ աշխատող միջազգային կառույցները: Օրինակ` երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցում արձանագրված է, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերն առաջիկա տարիներին կնվազեն. 2009թ. համար ԱՄՀ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի

9 տոկոս աճ, իսկ արդեն 2013թ. տնտեսական աճի տարեկան ցուցանիշը կնվազի մինչեւ 6 տոկոս: Այսպիսով, գրեթե ամբողջությամբ շինարարության միջոցով տարիներ շարունակ ապահովվող (կամ ներկայացվող) երկնիշ տնտեսական աճի առասպելը հօդս է ցնդում: Այդ աճի «շնորհիվ» ցատկոտող «կովկասյան վագրը» այլեւս նվաղում է: