Փաստաբանի դեմ գործ են հարուցել

11/10/2008

Ըստ «panorama.am»-ի տեղեկությունների, Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ումրշատյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից կայքի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ իսկապես` այդ փաստաբանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 313 հոդվածի` կաշառքի միջնորդություն, 1-ին մասով, եւ նախաքննությունը շարունակվում է:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն այդ մասին չգիտեր. նրա փորձերը՝ հեռախոսով կապվել Արմեն Ումրշատյանի հետ եւ անմիջապես նրանից պարզել տեղեկության հավաստիությունը, ապարդյուն են անցել. փաստաբանն անհասանելի էր: Նրա խոսքերով, ՓՊ-ն նման դեպքերի մասին տեղեկանում է այն դեպքում, երբ փաստաբանին առաջադրվում է մեղադրանք, կամ նա հարցաքննվում է որպես կասկածյալ, եւ երբ փաստաբանի նկատմամբ ընտրվում է խափանման միջոց կալանքը: Թղթակցի հարցին Արմեն Ումրշատյանը շփոթված պատասխանել է. «Իմ դեմ հարուցված մեղադրանք չկա, եւ ես մեղադրյալ չեմ»: Նկատառմանը, թե Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցված ՔՕ 313 հոդվածի 1-ին մասով, փաստաբանը նշել է. «Ինձ չեն կանչել Ոստիկանություն եւ ոչ էլ Դատախազություն, ոչ էլ ինչ-որ մեկն ինձ մեղադրանք է առաջադրել: Ես առաջին անգամ եմ ձեզանից լսում նման բան»: Կայքի տեղեկություններով, Արմեն Ումրշատյանն արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի բարեկամն է, ինչի հետ էլ ոմանք կապում են գործի քննության ձգձգումը: Հարցին` Դուք Գեւորգ Դանիելյանի բարեկամը չե՞ք, Ա. Ումրշատյանը նախ պատասխանել է. «Ոչ, կտրականապես ոչ», այնուհետեւ ասել է. «Ես բարեկամ եմ, բայց շատ հեռու, ու մոտավորապես երեք ամիս է, նրան չեմ էլ տեսել, չեմ էլ խոսացել: Հեռու բարեկամ ենք, բայց ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ»: