Հիմնավորել է

11/10/2008

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որի գնահատմամբ` ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը ոչ բավարար է, հիմնավորել է իր պնդումը` ասելով. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տալու մեջ, իսկ Քոչարյանը նրան մեղադրում է զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանությունը բռնազավթելու փորձ անելու մեջ: Այսօր ո՛չ Քոչարյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն հարցաքննվել»: Անդրադառնալով ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանում Հայաստանին տրվելիք գնահատականին, նա վստահեցրել է, թե դա անկախ ամեն ինչից` լինելու է բավականին սկզբունքային: Նրա համոզմամբ` եթե նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այդ համաներում հայտարարի քաղբանտարկյալների նկատմամբ, ապա դա ոչինչ չի փոխելու եւ Եվրախորհրդի գնահատականը կոշտ է լինելու: «Նաեւ հիշեցնեմ, որ շատ քաղբանտարկյալներ հայտարարել են, որ իրենց համաներում պետք չէ, քանի որ իրենք մեղավոր չեն»,- ասել է Ս. Սաֆարյանը: