Երկնիշ ժամանակաշրջանի վերջը

11/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Դատելով համաշխարհային տնտեսության միտումներից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցանիշների հարցում ավելի անբախտ գտնվեց, քան Ռոբերտ Քոչարյանը։ Եթե վերջինիս օրոք Հայաստանն արձանագրում էր տպավորիչ աճեր՝ մինչեւ 14% տնտեսական աճ, ապա մասնագետների կարծիքով, նման բան այլեւս դժվար թե լինի։

Այսպես, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով, Հայաստանի տնտեսական աճն աստիճանաբար կդանդաղի: Այս տարի, ինչպես գիտեք, նախատեսվում է ունենալ մոտավորապես 10%-անոց տնտեսական աճ։ Հաջորդ տարի, ըստ ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության վերլուծություն» (ՀՏՎ) զեկույցի, այդ ցուցանիշը կհասնի 9 տոկոսի։ Նշենք, որ հայաստանցի ֆինանսիստների գնահատականներն այս հարցում համընկնում են ՀՏՎ-ի հետ. ըստ 2009թ. բյուջեի նախագծի՝ հաջորդ տարի Հայաստանը ունենալու է կայուն տնտեսական զարգացում եւ գրանցվելու է ՀՆԱ-ի 9.2 տոկոս աճ: 9 կամ 9.2 տոկոսն արդեն երկնիշ չեն։ Իսկ հետագա տարիներին, ըստ ԱՄՀ մասնագետների, աճն ավելի կդանդաղի եւ 2013-ին կկազմի ընդամենը 6%։ Սակայն տնտեսական աճի դանդաղումը բնորոշ է ոչ միայն մեզ, այլ աշխարհի գրեթե բոլոր երկրներին։ Զեկույցի հեղինակների համոզմամբ, աշխարհում սկսվում է գլոբալ տնտեսության անկում: Այս առումով, եթե նայում ենք այլ երկրների (հատկապես՝ զարգացած) «գլխի գալիքին», մեր վիճակը փառք է։ Այսպես, ԱՄՆ-ի տնտեսական աճն այս տարի կկազմի 1.6 տոկոս, իսկ 2009-ին՝ ընդամենը 0.1 տոկոս: Եվրոպական երկրներում էլ տնտեսությունն այս տարի միջին հաշվով կաճի 1.3 տոկոսով, 2009-ին՝ 0.2: Կան անգամ երկրներ, որտեղ գրանցվելու է անգամ տնտեսական անկում՝ Իտալիա (-0.2 տոկոս), Իսպանիա (-0.2 տոկոս) եւ Մեծ Բրիտանիա (-0,1 տոկոս): Փոխարենը, ամենամեծ բնակչությունն ունեցող երկու երկրները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը, կշարունակեն տպավորիչ աճ արձանագրել։ Հաջորդ տարի Չինաստանը կունենա 9.3 տոկոսանոց տնտեսական աճ, իսկ Հնդկաստանը՝ 6.9: Ինչ վերաբերում է գնաճին, ապա ԱՄՀ-ի եւ մեր բյուջեի հեղինակների գնահատականները մի քիչ տարբերվում են։ Ըստ ԱՄՀ մասնագետների, 2009-ին Հայաստանում գնաճը կկազմի 5%, իսկ ըստ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի՝ 4%։ Սակայն գնահատականների ավելի մեծ տարբերություն կա, երբ խոսքը վերաբերում է այս տարվա գնաճին, որն, ըստ բյուջեի, չպետք է գերազանցեր 5.5%-ը։ Հայաստանյան պաշտոնյաների եւ մի շարք անկախ փորձագիտական գնահատականներով (օրինակ, «Գրանթ Թորնթոնի» վերջերս հրապարակված զեկույցի համաձայն), այս տարվա վերջում մեր երկրում գնաճը կլինի 7%-ի սահմաններում։ Իսկ ԱՄՀ կանխատեսումներով՝ Հայաստանում 2008-ին գնաճը կազմելու է 9.4 տոկոս։

Սակայն այս առումով էլ կարող ենք մխիթարվել նրանով, որ ԱՊՀ շատ երկրներ ավելի վատ վիճակում են։ Ղազախստանում այս տարի գնաճը կկազմի 17.6 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 9.8, Ուկրաինայում՝ համապատասխանաբար, 25.3 տոկոս եւ 18.8 տոկոս, Ադրբեջանում՝ 22.4 տոկոս եւ 20, Ղրղըզստանում՝ 24.5 տոկոս եւ 12.2 տոկոս: Մասնագետների գնահատմամբ, ԱՊՀ-ում այս տարի գնաճը կկազմի 15.6 տոկոս, իսկ 2009-ին` 12.6: ԱՄՀ մասնագետները գնաճը մեղմելու համար ԱՊՀ երկրներին խորհուրդ են տվել նվազեցնել կամ ընդհանրապես վերացնել հիմնական սննդամթերքի ներմուծման մաքսային վճարները եւ հարկերը, երկրի ներսում վճարվող հարկերը, կամ սուբսիդավորել հիմնական սննդամթերքը եւ վառելիքը: