Խաչիկյաննները՝ թամազյանի դեմ

11/10/2008

Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքներից 26-ում տեղի կունենան համայնքապետի, իսկ 24-ում` ավագանու ընտրություններ: Այստեղ առաջադրվել են 58 համայնքապետերի եւ 246 ավագանու անդամների թեկնածուներ: Ընդդիմությունը տարածաշրջանում ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում: Համայնքապետի կին թեկնածու չի առաջադրվել: Ավագանու անդամ ընտրվելու համար առաջադրվել է 23 կին թեկնածու: Շատ համայնքներում, ինչպես, օրինակ, Օձունում, Աքորիում, Հաղպատում, Ճոճկանում, Շնողում, Քարկոպում առաջադրված համայնքապետերի գործունեությանը գնահատական չտալու եւ անվստահություն չհայտնելու համար համայնքների բնակչության շրջանում մեծացել է դժգոհությունը երկրի իշխանություններից:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է չկարեւորել համայնքների գրագետ կառավարումը: Առանձին համայնքներում, օրինակ` Ախթալա քաղաքում, թշնամական մթնոլորտում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարում են հանրապետականները: Այստեղ պայքարը անհավասար է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ նրա եղբոր` համայնքապետի թեկնածու առաջադրված Հայկ Խաչիկյանի ու գործող քաղաքապետ Սուրեն Թամազյանի միջեւ: Հոկտեմբերի 4-ին մեզ հետ հանդիպման ժամանակ Սուրեն Թամազյանը հայտնեց. «Մարդկանց արդեն ազատել ա աշխատանքից, պրն Սերոբի (Սերոբ Տեր-Պողոսյանի.- Լ.Փ.) հետ միասին ազատել են երկու հոգու, իմ բարեկամներից Արամ Մարգարյանին եւ Հովիկ Փարսադանյանին: Հովիկը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ ա: Երկու օր առաջ Խաչիկյան Վազգենը սպառնացել ա, որ եթե դու մեր կողմը չանցնես, այդ դեպքում դու պրոբլեմ կունենաս աշխատանքի հարցում: Երկու օր հետո հրամանը բերել են, տվել ձեռքը, որ աշխատանքից ազատված ա: Երկրորդին էլ` Արամ Մարգարյանին, երեկ են հրաման տվել»: «Ինձ աշխատանքից ազատել են: Հրաման են տվել ազատման: Ինձ հայտնի չի, թե ինչու: Աշխատանքային օրենսգիրք չկա ձեռքիս, որպեսզի իմանամ նրանց հոդվածները: Հոդվածներ են շարել եւ հիմք են ընդունել ֆաբրիկայի պետի եւ անվտանգության ծառայության պետի զեկուցագրերը, թե ինչ է գրված` ես չգիտեմ: Ընտրությունների հետ կապված խոսակցություններ եղել է, բայց առանձին չեն բացատրել, թե ինչու են ինձ ազատում աշխատանքից»,- ասաց Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Հովիկ Փարսադանյանը: «Ինձ ցուցում են տվել, որ ամսի 17-ին պետք է ազատվես: Ընտրությունների հետ երեւի կապ ունեմ, իմ աղջիկը աշխատում ա քաղաքապետարանում, երեւի կասկածում են ինձ վրա, որ էս կուռն եմ կանգնած, դրա համար էլ ազատել են: Վազգեն Խաչիկյանը ինձ հետ խոսացել է, ինձ ասել ա, որ սա սպառնալիք չի, սա զգուշացում ա, որ իրենց կողմը չանցնելու դեպքում աշխատանքի հետ խնդիրներ կունենամ, ես պատասխանել եմ, որ ես ընտրության հետ ոչ մի առնչություն չունեմ, ես հանձնաժողովի անդամ եմ, իմ խնդիրները օրինական կկատարեմ: Մի երկու օր հետո բավականին անհիմն ինձ ազատել են: Երեկոյան աշխատանքից հետո գնացել եմ տուն, ուշ ժամին տուն են բերել ազատման հրամանի օրինակը: Ասեմ, որ 2008թ. մարտի երեքից տնօրինության հետ մեկ տարվա աշխատանքային պայմանագիր ունեմ, հիմա ազատում ա աշխատանքից»,- պատմեց կոմբինատի մեկ այլ աշխատակից` Արամ Մարգարյանը:

Սուրեն Թամազյանը հայտնեց, որ իր թիմակիցներին ընտրությունների հետ կապված աշխատանքից ազատելու համար դիմել են թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովին, ԱԱԾ-ին եւ դատարան: Այս կապակցությամբ Վազգեն Խաչիկյանը հերքեց իր մասնակցությունը «Մեթըլ Փրինս» ընկերության տնօրինության կողմից Հ. Փարսադանյանին եւ Ա. Մարգարյանին աշխատանքից ազատելու հարցում եւ հավելեց. «Իմ հորեղբորս էլ են ազատել, աշխատանքից ուշանալու համար, ի՞նչ կարող եմ ասել»:

Վազգեն Խաչիկյանը եւ քաղաքապետ Սուրեն Թամազյանը բարեկամներ են: Սակայն վերջին տարիներին նրանց թշնամական հարաբերությունների մասին բազմաթիվ լուրեր են տարածվում Ախթալայում: Քաղաքապետի հետ, պարզվում է, իր խնդիրներն ունի նաեւ «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, որը շահագործում է Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատը: Մեր հարցին, թե Ս. Տեր-Պողոսյանը կտրամադրի՞ իր սեփական մշակույթի պալատի դահլիճը քաղաքապետի թեկնածուների քարոզչական հանդիպումների համար, նա պատասխանեց. «Ես իմ սեփականությունը կտրամադրեմ միայն անոնց, որ ինձ սատար կեցած են: Թամազյանը մեզի խանգարած է շարունակ: Հիմա այս մոմենտին ջրերը փակել է մեր հիմնարկի` երեք օր առաջ: Մենք հողատարածքի դիմում գրած ենք, որ հաստատի, որը պետք է պեչատե, որ շինարարություն պետք է կատարվի այդ տարածքում, ըսած է` անօրինական է: Այն իրավունքը, որ ինքը չպեչատելու պատճառով չենք ստացեր: Հասկըցա՞ք` ինչեր կընէ»: Քաղաքապետ Սուրեն Թամազյանը Ս. Տեր-Պողոսյանին հակադարձեց. «Հողահատկացումների գործում պրն Սերոբի մոտ տիրում է բեսպրեդել, չի կամենում հողահատկացման անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել, օրինակ` լիցենզավորված կազմակերպության կողմից հաստատված հողի օգտագործման նախագծանախահաշվային փաստաթուղթ եւ այլն: Մենք օրենքով պահանջվող փաստաթղթերի մասին տեղակացրել ենք ընկերությանը, սակայն պրն Սերոբը անդրդվելի է»: Ինչ վերաբերում է կոմբինատի ջրերը կտրելուն, Ս. Թամազյանն ասաց. «Դա ֆաբրիկայի ջուրը չէ, դա քաղաքի ոռոգման ջուրն է, որը մենք պայմանագրով ժամանակավոր տվել ենք ընկերությանը, այն պայմանով, որ բնակիչների այգիները եւս ոռոգվեն: Ախթալացիները ոռոգման ջրից զրկվել են, իսկ ջուրը պրն Սերոբը միանձնյա է տնօրինում: Ընկերության կողմից չեն վճարվել ջրի 9 ամսվա վարձավճարները: Դա էլ ոչինչ, հարցը նրանում է, որ ջուրը նախընտրական շահարկումների է ենթարկվում, որ ժողովուրդը ինձնից դժգոհի, ասում են` ես ջուրը Սերոբի վրա ծախել եմ, Սերոբն էլ ջուրն ինձնից առել ա, դրա համար էլ ժողովուրդը ջուր չունի: Մինչդեռ պրն Սերոբը զլանում է Դեբեդից իր ընկերության համար պոմպերով ջուր բարձրացնի, որովհետեւ դրա հատկապես էլեկտրաէներգիայի ծախսերը մեծ են, իսկ մեր տված ջուրն ինքնահոս է»:

Քաղաքապետ Սուրեն Թամազյանի հետ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ, ախթալացի Վազգեն Խաչիկյանի եւ «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի թշնամական հարաբերություններն ուղղակիորեն ազդում են քաղաքի բնակիչների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Դա փաստեց նաեւ հոկտեմբերի 4-ին Ախթալայի մշակույթի պալատում «Մեթըլ Փրինս» ընկերության աշխատողների հետ քաղաքապետի թեկնածու Հայկ Խաչիկյանի հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ նրա մրցակից Սուրեն Թամազյանը` իր մի քանի թիմակիցների հետ: Ընտրողներից որեւէ մեկը չհամարձակվեց ելույթ ունենալ: Կաշկանդված ու անփորձ Հայկ Խաչիկյանն էլ իր նախընտրական առաջին ելույթում ասաց. «Այս ընտրություններով մենք պաշտոնի խնդիրներ չենք լուծում մեզ համար: Այն խնդիրները, որ տարիների ընթացքում ծառացել են մեր համայնքի առաջ, փորձելու ենք լուծել ընտրություններից հետո»: Քաղաքապետի թեկնածու Հայկ Խաչիկյանը կարեւոր խնդիրների շարքում թվեց քաղաքի աղբահանությունը, լուսավորության ապահովումը, շենքերի տանիքների, բակերի, շքամուտքերի դռների վերանորոգումը, կարեւորեց նաեւ համայնքում սպորտի զարգացումը: Քաղաքապետի թեկնածուից ավելի երկար ընտրողների հետ խոսեց Վազգեն Խաչիկյանը, որն իր ելույթի ընթացքում կատարեց Ախթալայի ընտրողներին հետաքրքրող մի քանի ուշագրավ լուրերի մեկնաբանություններ: Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, որ Հայկ Խաչիկյանի նախընտրական շտաբը պատրաստվում է 300-ական դոլարներ բաժանել ընտրողներին, եւ այն լուրը, թե արդեն Սվինեց թաղամասում փող են տվել: Վ. Խաչիկյանը ընտրողներին նաեւ խոստացավ, որ հարեւան գյուղերից ու քաղաքներից որեւէ մեկը չի զանգի ընտրողներին եւ չի պարտադրի ընտրել Հայկ Խաչիկյանին:

«Մեր նախաձեռնությամբ դրա համար մենք ոչ մեկին չենք դիմել, որովհետեւ մեր կյանքը ձեր աչքի առաջ է անցել»,- եղբոր մասին ասաց Վազգեն Խաչիկյանը:

Եղբոր կրթության մասին հարցին էլ պրն Խաչիկյանը պատասխանեց. «Նախ` Հայկը ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, ինքն ավարտել ա լավ գնահատականներով, եւ հետո` մենք ընդունում ենք ոչ թե դպրոցի տնօրեն, այլ ընդունում ենք քաղաքապետ, որը պետք է լուծի քաղաքի առջեւ ծառացած խնդիրները»: Ակնհայտ է, որ եղբոր` համայնքապետ ընտրվելու դեպքում Վազգեն Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի պաշտոնը ստիպված համատեղելու է Ախթալայի քաղաքապետի պաշտոնի հետ:

Լարիսա ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

www.hetq.am