«Միեւնույն է, Արմենը գաղութում մեռնելու է»

11/10/2008

«Սկզբում քննիչ Տիգրան Թամամյանը 8000 դոլար էր ուզում, որ ամուսնուս վրա դրած «բառիգի հոդվածը» մեղմացներ: Ասում էր` հո ամեն ինչ ինձնո՞վ չի, դրանից մենակ 2000 դոլարը պիտի տամ «02-ին», որ տելեվիզրով ցույց չտան,- պատմում է նախկին դատապարտյալ Արմեն Ղամբարյանի կինը` Սիրանուշ Բաբասյանը,- իսկ ես այդ գումարը չունեի: Հետո Թամամյանն ուղղակի սկսեց սպառնալ, որ եթե նույնիսկ շանս լինի, միեւնույն է` Արմենը դուրս չի գալու. գաղութում մեռնելու է»:

Թե ինչո՞ւ է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ Տ. Թամամյանը նման բան ասել, Ս. Բաբասյանը պատասխան չունի: Այս տարվա օգոստոսի 27-ին քննիչի կանխատեսումը դարձել է իրականություն. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում («ԴՀ» ՔԿՀ) մահացել է թմրանյութ պահելու եւ վաճառելու համար ազատազրկված Արմեն Ղամբարյանը: Նա տառապում էր ծանր եւ անբուժելի հիվանդություններով: Դիահերձմամբ հաստատվել է, որ մահը վրա է հասել կաթվածի պատճառով: Սակայն դատապարտյալի հարազատներն ու փաստաբանները պնդում են, թե «կատարվածն անուղղակի սպանություն է»:

Բանջարեղենի փողոցային առեւտրով զբաղվող 49-ամյա Ա. Ղամբարյանը մասնագիտությամբ ոսկերիչ էր: 2006 թ. ապրիլի 20-ին «Այրարատ» կինոթատրոնի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ձերբակալել են նրան ու տեղափոխել Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն (Ոստիկանության 6-րդ բաժին):

«Երեկոյան, երբ ամուսինս ուշացավ, սկսեցի զանգահարել նրա բջջայինին: Բայց կա՛մ անհասանելի էր, կա՛մ էլ ինչ-որ մարդիկ էին պատասխանում ու անհեթեթ բաներ ասում` Արմենը մեռել ա, քնած ա, տեղում չի… Ընդ որում` շխկոց-թխկոցի եւ շան հաչոցի ձայներ էին լսվում: Մտածեցի` երեւի հեռախոսը գողացել են, բայց վատ բան էի զգում. անհանգստությունից չգիտեի` ինչ անել»,- հիշում է Ս. Բաբասյանը: Նրա խոսքերով` հաջորդ օրն իր հերթական զանգերից մեկին պատասխանողը ներկայացել է իբրեւ 6-րդ վարչության աշխատակից Կորյուն Հարթենյան եւ տեղեկացրել, թե Արմենը խոշոր հանցագործություն է կատարել, եւ նրան տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին: «Ես չեմ հիշում, թե ինչպես եմ հասել Էրեբունու ոստիկանություն, բարձրացել 2-րդ հարկ եւ հայտնվել կիսաբաց դռնով այն սենյակում, որտեղ Արմենն էր: Անկեղծ եմ ասում` վերնազգեստով եմ նրան ճանաչել. այնպես էին ծեծել, որ գլուխն ուռել, տձեւացել էր: Քննիչը բղավում էր, թե՝ սենյակից դուրս արի, իսկ ես անընդհատ նույն հարցն էի տալիս` էս ի՞նչ եք արել,- շարունակում է պատմել Ս. Բաբասյանը: -Արմենը երեխայի պես լաց էր լինում ու փորձում էր ինձ հանգստացնել` լավ, Սիրանո՛ւշ, լավ, բան չկա, խնդրում եմ` սուս մնա: Նրան թվում էր, թե ուր որ է ինձ էլ պետք է այդ սենյակում ծեծեին»:

Ա. Ղամբարյանը տվել է «խոստովանական» ցուցմունք, որն էլ մեղադրանքի հիմքում դրված հիմնական ապացույցներից է: Ըստ դրա` նա «ինքնությունը չպարզված Կոլիկից» գնել է 30 գ թմրանյութ, օգտագործել է այն, հյուրասիրել ընկերոջը եւ վերավաճառել իր երկու ծանոթներին:

Մայիսի 3-ին ձերբակալվածների պահման վայրում Արմենին ընդունելիս արձանագրել են, որ նրա մոտ առկա են մարմնական վնասվածքներ` աչքերի տակ կապտուկներ, մարմնի տարբեր հատվածներում արյունազեղումներ, քերծվածքներ, թիակի սալջարդ, կրծքավանդակի ձախակողմյան շրջանում կարմրակապտավուն հետքեր եւ այտուցներ, մեջքին` վերքեր:

Ապրիլի 29-ին արդեն Նուբարաշենի կալանավայր տեղափոխված Ա. Ղամբարյանն ուշագնաց է եղել: Շտապօգնությունը նրան հասցրել է դատապարտյալների հիվանդանոց: Սակայն կալանավորի վիճակն այնքան ծանր է եղել, որ այստեղ նրան չեն ընդունել եւ միանգամից ուղարկել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ղամբարյանի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն` պատռված փայծախի պատճառով, ինչն էլ վիրահատությամբ հեռացվել է:

Էրեբունու հիվանդանոցից ահազանգ ստանալով` Ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ քննվել է Արմենի նկատմամբ հարուցված քրեական գործը, ապրիլի 29-ին սկսվել է նյութերի նախապատրաստումը նաեւ վերջինիս մարմնական վնասվածքների վերաբերյալ: Նույն օրը հետաքննիչ Լեւոն Մարգարյանը որոշում է կայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

«Հետաքննիչ Մարգարյանը, երբ դեռ դեպքի առնչությամբ որեւէ կոնկրետ պարզաբանումներ չուներ, փորձագետին առաջադրել է շատ ուղղորդող մի հարց` հնարավո՞ր է, արդյոք, որ Ա. Ղամբարյանը մարմնական վնասվածքները ստանար վայր ընկնելու հետեւանքով,- մանրամասնում է փաստաբան Սուսաննա Մարգարյանը: -Այդ օրերին բժիշկներն արգելել էին հիվանդից բացատրություններ վերցնել: Եվ միայն մայիսի 3-ին, երբ նրան կիսագիտակից վիճակում վերակենդանացման բաժնից տեղափոխում են հիվանդասենյակ, հետաքննիչն Արմենին ստորագրել է տալիս իր կողմից նախապես գրված բացատրության տակ»: Համաձայն այդ բացատրության` Ղամբարյանը հայտարարում է, որ մարմնական վնասվածքները ստացել է ապրիլի 20-ին` իրեն բերման ենթարկելու օրը, Էրեբունի թանգարանի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով, ուր գնացել էր զբոսնելու: Իսկ դատաբժշկական փորձաքննությունը պարզում է, որ «Ա. Ղամբարյանի վնասվածքները պատճառվել են կոշտ առարկաների ներգործությամբ, եւ դրանք կարող էին առաջանալ ինչպես անմիջական հարված ստանալու, այնպես էլ վայր ընկնելու հետեւանքով»:

Փաստաբան Ս. Մարգարյանն Արմենի պաշտպանությունը ստանձնել է մայիսի 10-ին: Դրանից հետո նրանք բարձրաձայնել են ոստիկանական խոշտանգումների մասին եւ դիմում-բողոքներ հղել Գլխավոր դատախազությունից մինչեւ նախագահի վերահսկողական ծառայություն: Ս. Մարգարյանը նշում է, որ իր պաշտպանյալից լրացուցիչ բացատրություն վերցնելու համար մի քանի անգամ ապարդյուն դիմել է քննիչ Թամամյանին: «Մի անգամ հենց իմ ներկայությամբ նա Արմենին ասաց` լավ բան չես անում, հա, չգիտե՞ս, թե ցուցմունք փոխողի վերջն ինչ ա լինում»,- պատմում է փաստաբանը:

«Երբ Սուսաննան հայտնվեց, քննիչն ինձ կանչեց իր մոտ ու բառացիորեն ասաց` էդ քածին տարեք ճամփիցս, քեզ թվում ա` ինչ-որ բանի հասնելո՞ւ եք: Եթե պետք եղավ, քեզ էլ կտանեմ կկորցնեմ, էս ո՞ւմ դեմ ես դուրս եկել: Չե՞ս մտածում, որ աղջիկ ունես, թոռ ունես»,- հիշում է Ղամբարյանի կինը: Իսկ պաշտպանը հավելում է, որ Թամամյանն իրեն նույնպես սպառնացել է, թե հաշվեհարդար կտեսնի որդու եւ ամուսնու նկատմամբ:

Պաշտպանական կողմը բացարկ է հայտնել Թամամյանին եւ հրաժարվել մասնակցել նրա քննչական գործողություններին: Սակայն սա որեւէ բան չի փոխել: «Արմենին խոշտանգելու համար քրեական գործի հարուցումը, ի վերջո, մերժեցին: Քննիչի ապօրինությունների մասին բազմաթիվ հաղորդումներ եմ տվել, բայց ոչ մի որոշում չի կայացվել: Ստիպված իրավապահ մարմինների, այդ թվում` Գլխավոր դատախազության գործողությունները վիճարկել եմ դատարաններում: Սակայն բոլոր ատյաններն էլ կայացրին ակնհայտ անօրինական ակտեր: Ամեն ինչ արեցին, որ այդ շինծու գործը մտներ դատարան»,- ասում է Ս. Մարգարյանը:

Դատաքննության ընթացքում Ղամբարյանն իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի ընդունել է: Նա հայտնել է, որ թմրամոլ չէ, բայց ձերբակալվելուց մոտ մեկ ամիս առաջ թմրանյութ օգտագործել է, ինչն արել է հիվանդ մորը խնամելիս գիշերն արթուն մնալու եւ գլխացավերը մեղմելու համար: «Երբ ինձ տարան 6-րդ վարչություն, հարցրին` սրսկվո՞ւմ ես, խոստովանեցի, որ պատահել է: Ասացին` եթե սրսկվել ես, ուրեմն նաեւ վաճառել ես: Պատասխանեցի, որ այդպիսի բան երբեք չի եղել: Սեղանին ներարկիչներ եւ թմրանյութ լցրեցին ու ասացին` գրիր, որ քոնն է, գնել ես վաճառելու համար,- դատարանին պատմել է Ա. Ղամբարյանը:

– Ձեռքս ձեռնաշղթայով կապել էին սեղանի ոտքին ու չորս հոգով ծեծում էին: Ստիպված` ինչ թելադրեին, գրեցի»: Մեղադրյալը նշել է նաեւ, որ ծեծողներից միայն մեկի անունն է հիշում` Կորյուն, իսկ երբ իրեն տարել են Էրեբունու բաժին, խնդրել է, որպեսզի բժիշկ կանչեն: Սակայն քննիչ Թամամյանն ասել է` եթե ասածներս գրես, կկանչեմ:

«Նախաքննության ժամանակ Արմենի դեմ ցուցմունք տվողները եւս դատարանում իրենց ասածներից հրաժարվեցին: Նրանք պատմեցին, որ դրանք կորզվել են էլեկտրաշոկի ազդեցությամբ, ծեծի ու շանտաժի միջոցով»,- ասում է Ս. Մարգարյանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, այնուամենայնիվ, Ղամբարյանին մեղավոր է ճանաչել խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու եւ իրացնելու մեջ: 2007 թ. հոկտեմբերի 10-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանն Արմենին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկը բողոքն առհասարակ չի քննարկել: Պաշտպան Ս. Մարգարյանի մեկնաբանմամբ` դրանով օրենքի բացահայտ ոտնահարմամբ հետապնդվել է միայն մեկ նպատակ` պաշտպանական կողմին զրկել Եվրադատարան դիմելու հնարավորությունից:

«Գոնե ապահովեք մարդավայել մեռնելու իրավունքը»

«Էրեբունի» բժշկական կենտրոնում Ա. Ղամբարյանի մոտ ախտորոշվել են նաեւ ծանր եւ անբուժելի հիվանդություններ` հեռոմագիկ շոկ 3-րդ աստիճանի, հեպատիտ C, լյարդի ցիռոզ: Ի պատասխան Ս. Մարգարյանի հարցման` այս հիվանդությունների վերաբերյալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից պարզաբանել են, որ «նման հիվանդների ընդհանուր վիճակը գնահատվում է շատ ծանր, մահացությունը տվյալ ստադիայում մեծ է, ու քանի որ Հայաստանում լյարդի փոխպատվաստումը ներդրված չէ, նման մարդկանց համար անհրաժեշտ է մասնագիտացված բուժում»:

«Չնայած սրան` Էրեբունու հիվանդանոցից ընդամենը 11 օր անց Արմենին տեղափոխեցին «ԴՀ»: Ավելի շուտ` գողացան, որովհետեւ նման ուշ ժամի ոչ մի հիվանդի դուրս չեն գրում,- ասում է Ս. Բաբասյանը: -Բուժող բժիշկ Դուրյանը սկզբում ասում էր, որ հիվանդն առնվազն 20 օր պետք է մնա իրենց հսկողության տակ: Իսկ հետո, երբ տեղափոխում էին, ուղղակի ասաց, որ իրեն ճնշում են, ու ոչինչ անել չի կարող»:

«Արմենին երկար չպահեցին նաեւ «ԴՀ»-ում: Մոտ երկու շաբաթ հետո նրան տարան «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ զրկված էր ոչ միայն պահանջվող, այլ ընդհանուր առմամբ որեւէ բուժօգնությունից,- ավելացնում է պաշտպանը: -Այս ամենը Ղամբարյանի մահվանը նպաստելու ուղղակի միտում ուներ, քանզի նա դեռ իր վրա կրում էր հանցագործության հետքերը»: Ս. Մարգարյանը դիմում է ներկայացրել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան եւ խնդրել «միջոցներ ձեռնարկել` կանխելու անձի կյանքին սպառնացող վտանգը, անհապաղ տեղափոխել նրան այնպիսի բուժհիմնարկ, ուր հնարավոր կլինի իրականացնել նմանատիպ հիվանդություններով տառապողի բուժումը»: Դատավոր Գագիկ Խանդանյանը դիմումը վերադարձրել է «գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին» հիմնավորմամբ: Նույն պատճառաբանությամբ դիմումը չի քննել նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը: Այդօրինակ խնդրանքով պաշտպանը դիմել է նաեւ Առողջապահության նախարարին` միաժամանակ պահանջելով հանձնախումբ ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ եւ անհրաժեշտ բուժզննման արդյունքներով գնահատել իր պաշտպանյալի առողջական վիճակը: Ի վերջո, ավելի քան չորս ամիս անց Ա. Ղամբարյանը կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

«Հրավիրվել էին նաեւ Հանրապետության գլխավոր վարակաբան Ասոյանը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը: Կատարվել են անհրաժեշտ գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, եւ Ա. Ղամբարյանի մոտ լյարդի ցիռոզ չի հայտնաբերվել»,- ասում է «ԴՀ» ՔԿՀ-ի բուժգծով պետի տեղակալ Ռաֆայել Միքայելյանը եւ ընդգծում, որ, այնուամենայնիվ, Ղամբարյանն իրենց մոտ բուժվել է նաեւ լյարդի ցիռոզի դեմ. «Ցիռոզի բուժումը նույն հեպատիտ C-ի բուժումն է: Իսկ վերջինի դեմ Ղամբարյանը մեզ մոտ բուժում ստացել է»: «ԴՀ» հրավիրված մասնագետներն Ա. Ղամբարյանի համար ստացիոնար բուժում չեն նշանակել: «Հենց Արմենի վիճակը ծայրահեղ վատանում էր, տեղափոխում էին «ԴՀ», որոշ ժամանակ պահում ու նորից հետ տանում «Նուբարաշեն» կամ «Էրեբունի» ՔԿՀ-ներ: Եվ մինչեւ վերջին օրն էլ նա ասում էր, որ որեւէ բուժում, դեղ չի ստանում: Իսկ երբ ինչ-որ հարցերի հետ կապված ասում էի` դիմիր բժիշկներին, պատասխանում էր` ինձ շան տեղ դնող չկա, ոչ մի բան էլ չեն անում»,- պատմում է Ս. Մարգարյանը:

«Երբ Ղամբարյանը մեզ մոտ էր, ոչ ոք չէր ասում, թե նա բուժում չի ստանում»,- զարմանում է Ռ. Միքայելյանը եւ վստահեցնում` ախտորոշված բոլոր հիվանդությունների համար նա պետպատվերի շրջանակներում ստացել է համապատասխան բուժում:

«Ինչի՞ մասին է խոսքը: Ես նույնիսկ Ղամբարյանի հարազատներին ասել եմ, որ եթե մեր բժիշկներին չեք վստահում, խնդիր չկա, բերեք ձեր մասնագետին, թող ստուգի մեր բժշկի նշանակած բուժումը եւ, եթե կուզենա, բուժման ռեժիմը կամ սննդակարգը փոխել, ինչ-որ դեղորայք ավելացնել, պատրաստ ենք գնալ նաեւ դրան: Մենք տվել ենք բոլոր հնարավորությունները` միաժամանակ անելով այն, ինչ կախված է եղել մեզնից»,- ավելացնում է «ԴՀ» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը:

«Արմենի վիճակը գնալով վատթարանում էր. նա ուղղակի մեռնող մարդու տպավորություն էր թողնում: Դիմեցի նաեւ արդարադատության նախարարին եւ համապատասխան ՔԿՀ-ների պատասխանատուներին, որպեսզի գոնե ապահովեն մարդու մարդավայել մեռնելու իրավունքը: Պահանջել եմ սահմանված կարգով միջնորդել միջգերատեսչական հանձնաժողովին` պաշտպանյալիս վաղաժամկետ ազատելու համար,- ասում է Ս. Մարգարյանը եւ մանրամասնում,- Արմենի մոտ առկա հիվանդությունները, մասնավորապես՝ լյարդի ցիռոզը, համաձայն կառավարության թիվ 825-Ն որոշման, համարվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն: Բայց արդեն ինձ պատասխանում էին, թե «ԴՀ»-ում կատարված հետազոտություններով Ղամբարյանի մոտ ցիռոզ չի հայտնաբերվել, իսկ նրա առողջական վիճակը գնահատում էին բավարար»:

«Եթե նույնիսկ Ղամբարյանի մոտ առկա էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում ախտորոշված լյարդի ցիռոզը, դա չի նշանակում, որ դատապարտյալը պետք է ազատվեր պատիժը կրելուց: Որովհետեւ ախտորոշված ցիռոզի բարդությունը չի համապատասխանում հիշյալ որոշման մեջ ընդգրկված հիվանդությանը»,- պարզաբանում է Տ. Նավասարդյանը:

Իրականում Ղամբարյանն իսկապես տառապել է նաեւ լյարդի ցիռոզով: Ավելի ուշ դա ապացուցվել է դիահերձման ժամանակ:

2008 թ. օգոստոսի 22-ին Ս. Մարգարյանը միջնորդել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին` Ղամբարյանի պատժի կրումը հետաձգել մինչեւ նրա ապաքինումը: «Դատապարտյալը գրեթե չի կարողանում քայլել, նորմալ կերպով չի ընկալում տեղի ունեցող երեւույթները, ֆիզիկապես եւ հոգեպես ի վիճակի չէ պատիժն ընկալել որպես ուղղման միջոց, որի արդյունքում այն դառնում է ինքնանպատակ»,- նշված է միջնորդությունում: Սակայն մինչ այն քննության կառնվեր դատարանում, Ղամբարյանը մահացել է: «Անկախ ամեն ինչից` սա անուղղակի սպանություն էր: Երկու ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել, որ լրանար Արմենի պատժաչափի կեսը, եւ արդեն հոկտեմբերին նա պետք է դուրս գար»,- ասում է Ս. Բաբասյանը:

«Ձերբակալությունից սկսած, դատավարություններով ավարտած` ամբողջությամբ օրենքից դուրս ընթացող գործընթացներ էին: Մեր բոլոր հիմնավորումներն ու օրինական պահանջները շրջանցվում էին, ասես ինչ-որ մեկի պատվերով անպայման պիտի Արմենին դատեին ու թույլ չտային, որ ազատվի»,- հավելում է փաստաբանը: Վերջինս կազմել է «օրինախախտ պատասխանատուների ցուցակ», որը գլխավորում է ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Ա. Գիզիրյանը: Ցուցակում առանձնահատուկ նշված է քննիչ Տ. Թամամյանի անունը: «Իր հանցավոր վաստակի համար այս մարդու պաշտոնը բարձրացրել են` տանելով Հատուկ քննչական ծառայություն»,- ասում է Ս. Մարգարյանը:

Արարատ ԴԱՎԹՅԱՆ

www.hetq.am