Ամենաթողություն՝ Չարենցավանում

11/10/2008

«Չարենցավանի քաղաքապետարանը խլել է ինձ պատկանող հողը»,- ասում է չարենցավանցի Թաթուլ Իվանյանը: Քաղաքացին վտանգը զգացել է այն ժամանակ, երբ մերժել է Չարենցավանի ճարտարապետ Վահե Հակոբյանի` Շահումյան փողոցի իր անձնական սեփականությունը համարվող բենզալցակայանն իրեն վաճառելու խնդրանքը:

Դրանից հետո նա հայտնաբերել է, որ դրա մի հատվածը, իր ցանկությունից անկախ, արդեն իրենը չէ: «Մի քանի անծանոթ տղաներ ցանկապատում էին տարածքի 40 քմ հատվածը շինարարություն սկսելու նպատակով: Շատ զարմացա, երբ իմացա, որ այն վաճառվել է իրենց, որովհետեւ 2003 թվականից այդ տարածքի տերը ես եմ, որի համար պայմանագիր ունեմ քաղաքապետարանի հետ»,- պատմեց Թ. Իվանյանը:

130 քմ տարածք զբաղեցնելու մասին պայմանագիրը Իվանյանը կնքել է Չարենցավանի նախկին իշխանությունների հետ, ընդ որում` 130-ից սկզբում իրեն պատկանել է 90 քմ-ն, մնացած 40 քմ-ն նախկին ճարտարապետն է համոզել, որ գնի: Իրար կից երկու հողատարածքներն էլ եւ՛ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, եւ՛ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը տրամադրել են Թաթուլ Իվանյանին` սեփականության 10 տարի ժամկետով:

Նույն տարածքը երկու անգամ տարբեր մարդկանց վաճառելու քաղաքապետարանի գործողությունը գնահատելով որպես թյուրիմացություն` Իվանյանը պարզաբանման համար դիմում է Չարենցավանի ներկայիս ճարտարապետ Վահե Հակոբյանին: Վերջինս ասում է, թե ինքն այդ վաճառքից տեղյակ չէ. վաճառքն իրականացրել է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Իվանյանը դիմում է Շահգալդյանին: Թեեւ քաղաքապետը հարցը նորից ուսումնասիրելու եւ հնարավորության սահմաններում հողի նոր տերերին այլ տարածք տրամադրելու պատրաստակամություն է հայտնում, սակայն Իվանյանին «10 օր տանել-բերելուց հետո ոչինչ չի անում», եւ նա ստիպված դիմում է կառավարություն: Կառավարությունից Թ. Իվանյանին տեղեկացրել են, որ դիմումի պատասխանը կստանա Կոտայքի մարզպետարանից` 7-օրյա ժամկետում: «Մարզպետարանից որեւէ դրական ակնկալիք չունեի, որովհետեւ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը քաղաքապետի հայրն է, իսկ մարզպետարանի վարչության պետերից մեկը` Սամվել Հակոբյանը, ճարտարապետի հայրն է: Ընտանեկան ղեկավարման այս ցանցում հուսալ, թե շարքային քաղաքացու օգտին որեւէ խնդիր է լուծվելու, ծիծաղելի կլինի, մանավանդ, երբ խնդիր ստեղծողները հենց իրենք` իշխանություններն են: Չնայած մարզպետարանից եկան, կրկնակի չափագրումներ արեցին, բայց, ինչպես սպասում էի, այդպես էլ եղավ: Ամեն ինչ համարեցին ճիշտ, ու հարցը համարեցին փակված»,- ասաց Թ. Իվանյանը:

Քաղաքապետարանի կողմից իր սեփականությունը խլելու մասին մի դիմում էլ Իվանյանն ուղարկում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն: Ի տարբերություն կառավարության, այստեղից նույնիսկ Չարենցավան են գալիս` հարցը տեղում ուսումնասիրելու նպատակով: «Վերահսկողական ծառայությունից Դ. Նազարյանը մետրը ձեռքին անձամբ է չափումները կատարել եւ որեւէ անօրինականություն չի հայտնաբերել»,- ասաց քաղաքապետ Հ. Շահգալդյանը: Մինչդեռ Իվանյանի պնդմամբ` վերահսկողության ներկայացուցիչը ուսումնասիրության եւ չափագրման արդյունքների եւ քաղաքապետարանի գործողությունների միջեւ հակասություն է հայտնաբերել` հատկապես ի հայտ է բերել հողատարածքի քմ-ի ուռճացում, որը թույլ է տալիս հմտորեն քողարկել ապօրինությունը, իսկ, որ ամենագլխավորն է, քաղաքապետը հողի կրկնակի վաճառք է իրականացրել` ոտնահարելով իրական սեփականատիրոջ սեփականության իրավունքը: Հ. Շահգալդյանը Իվանյանի` իրեն ուղղած մեղադրանքները համարեց անհիմն. «Հողի աճուրդի մասին հայտարարություն եղել է, որին մասնակցելու համար հրավիրել ենք նաեւ Իվանյանին: Նույնիսկ առաջարկել ենք, որ ինքն էլ գնի հողը, իսկ նա մերժել է` ասելով, թե չունի այդ հնարավորությունը: Էլ ի՞նչ անօրինականության մասին է խոսքը»: Ճիշտ հակառակն է ասում իրեն տուժող համարող Թ. Իվանյանը. «Այդ նույն հեքիաթը քաղաքապետը պատմեց նաեւ վերահսկողական ծառայությունից եկած Նազարյանի ներկայությամբ: Երբ համբերատար լսելուց հետո պահանջեցի երդվել իր սրբություններով, եթե, իրոք, այդպես է եղել, սպառնաց, թե հեռախոսը կխփի գլխիս: Եթե, իրոք, որեւէ օրինախախտում չէր հայտնաբերել, այդ դեպքում ինչո՞ւ էր Նազարյանն ինձ փոխզիջման տարբերակ առաջարկում: Ասում էր, որ համաձայնեմ քաղաքի այլ վայրում տարածք վերցնեմ: Բայց ես պնդեցի, որ իմ հողը թողնեն ինձ, նույնիսկ եթե դրա վրա ծախս է արվել, շինարարություն է սկսվել: Ասացի, որ պատրաստ եմ նույնիսկ այդ ծախսն էլ փակել, բայց ո՞վ լսեց»:

Արդեն 5 ամիս է` Թաթուլ Իվանյանի հարցը շրջում է պետական տարբեր գերատեսչություններում: Թե ով է ճիշտ եւ ով է սխալ` որեւէ մեկը հստակ պատասխան չի տալիս: Փոխարենը ազդեցության լծակ ունեցողները ակնարկում են, որ գործազուրկ կդարձնեն Թ. Իվանյանի որդուն` Չարենցավանի ոստիկանությունում աշխատող շարքային Իվանյանին:

Իսկ չարենցավանցիների բողոքն այն կապակցությամբ, որ քաղաքապետը նաեւ քաղաքային զբոսայգու հաստաբուն ծառերն է կտրում` տեղ բացելով կառուցվող օբյեկտի համար, իսկ կտրած ծառերը տանում իրեն պատկանող «Մակու» ռեստորան, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, զայրացրեց Հակոբ Շահգալդյանին: «Ծառահատումը զուտ սանիտարական նպատակներով է արվում: Իսկ ինչ վերաբերում է կտրած ծառերը իմ ռեստորան տանելուն, լրիվ հերյուրանք է, որովհետեւ դրանք բաժանել եմ անապահով ընտանիքներին: Բացի այդ, կարծում եք այնքան ընկած եմ, որ այդ ծառերի հույսին լինե՞մ: Ես իմ անձնական բիզնեսն ունեմ. սեփական ջերմոց, գազալցակայան, ռեստորան: Ամոթ է, չէ՞, բողոքելուց առաջ գոնե մտածեն»,- ասաց քաղաքապետը:

Հայկուշ ԱՍԼԱՆՅԱՆ

www.hetq.am