Սյունիքի անտառները շարունակում են ոչնչացնել

11/10/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ուղերձում հայտարարեց. «Պետական հատվածում շարունակելու ենք արմատավորել բարեխիղճ պետական ծառայությունը: Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից, զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնյայի աթոռին պիտի նստի բարեխիղճ, բացառապես հանուն հանրային շահերի գործող ծառայողը»: Իր ուղերձում ՀՀ նախագահը նաեւ կրկին անգամ շեշտեց, որ հաջողության կարող ենք հասնել միայն ու միայն պետության եւ հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ: Հետեւելով հանրապետության նախագահի ուղերձին, օրերս մի խումբ էկոլոգներ բաց նամակով դիմելու են Սերժ Սարգսյանին՝ ահազանգելով Սյունիքի մարզի Վերին Վաչագան գյուղում տեղի ունեցող բնության արհավիրքի մասին: Բանն այն է, որ Վերին Վաչագան գյուղում համատարած անտառահատումներ են կատարվում, այն դեպքում, երբ այդ տեղանքում՝ Կապանին հարող տարածքում են գտնվում հայկական բնաշխարհի դրախտավայրեր «Քոլի» կիրճն ու «Խուստուփ» լեռը: Ընդ որում, մասսայական հատումները կատարվում են տեղական իշխանությունների եւ Սյունիքի անտառտնտեսության պետ Լյովա Գեւորգյանի հովանավորությամբ: Վաչագան գյուղի բնակիչները դիմում են իշխանություններին՝ խնդրելով ԱԺ Վերահսկիչ պալատի, ինչպես նաեւ՝ ՀՀ Դատախազության ուշադրությունը հրավիրել Սյունիքի մարզի Վերին Վաչագան գյուղի բնության դեմ կատարվող ոտնձգությունների վրա: Ի դեպ, «Քոլի» կիրճի վերին մասում գտնվող «Խուստուփ» լեռը կապանցիների համար սրբավայր է նաեւ այն պատճառով, որ «Խուստուփի» լանջին թաղված է Նժդեհի բազուկը եւ տեղադրված է նրա կիսանդրին: Սովետական տարիներին այն եղել է զբոսաշրջության համար հետաքրքիր գոտի, մինչդեռ այսօր ոչնչացվում է բնությունը՝ այն դարձնելով անհրապույր ու տափաստանային: Վաչագան գյուղի բնակիչները վկայում են. «Սովետմիության տարիներին այդ վայրն անանցանելի էր, բայց ճանապարհ գցեցին, որպեսզի հետիոտն տուրիզմի անցուղի լինի: Ամեն օր Կապանի տուրբազա կովկասյան խմբերի երթուղի էր գալիս: Մարդիկ վրաններով գալիս, գիշերը մնում, վայելում էին գեղեցկությունը: Փաստորեն Հայաստանի բոլոր տուրիստական նախկին վայրերը, որտեղ ճանապարհ էր անցկացված` ոչնչացվեցին»: Բանն այն է, որ Հայաստանի բնաշխարհում այս տեղանքը յուրահատուկ գեղեցկություն ունի, բացի այդ, այնտեղ կան այնպիսի ծառեր, որոնք կահույքի արտադրության մեջ համարվում են թանկարժեք փայտ, հետեւաբար՝ ծառահատումներից ստացված փայտամշակումը համարվում է շահութաբեր բիզնես: Անտառհատումներ կատարող անձինք տեղի բնակիչների ահազանգերին որպես կանոն պատասխանում են՝ «Սանիտարական հատումներ ենք կատարում»: Գյուղացիները, սակայն, շատ լավ գիտեն եւ տարբերակում են` որոնք են հիվանդ կամ առողջ ծառերը: Եվ ըստ գյուղացիների` զանգվածաբար հատվում են առողջ ծառերը: «Մարդիկ փող են աշխատում եւ փող են աշխատում բնության, մաքուր օդի հաշվին: Այդ հատումները ֆինանսավորվում են իշխանության վերին օղակների կողմից, որովհետեւ տրակտոր է աշխատում, վառելիքի ծախս է կատարվում: Ի վերջո, սանիտարական հատումը կատարվում է ոչ թե բնությունը ոչնչացնելու, այլ պահպանելու համար: Թող համապատասխան մարմինները գան եւ ուսումնասիրություն կատարեն: Բոլոր առողջ ծառերը վերացվում, կտրվում են»,- ասում են նրանք՝ հավաստիացնելով, որ ծառերի «սպանդը» սկսվել է Սյունիքի անտառտնտեսության պետ Լյովա Գեւորգյանի նշանակումից հետո: Ինչ վերաբերում է սանիտարական հատումներին, ապա «Անտառային օրենսգրքում» հստակ նշվում է. «Սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելավման, ինչպես նաեւ՝ վնասատուների եւ հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի ոչնչացման նպատակով: Սանիտարական հատումների անհրաժեշտությունը եւ ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա»: Եթե օրենքը սահմանում է, որ սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ, ապա կարելի է ենթադրել, որ բնության դեմ կատարվող այս «աղետի» մասին տեղյակ են թե՛ տեղական իշխանությունները եւ թե՛ ՀՀ Բնապահպանության նախարարությունը:

Ի դեպ, «168 Ժամն» այս խնդրին անդրադարձել էր դեռեւս ամիսներ առաջ, իսկ մեր թղթակցի հետ զրույցում «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը խոստացել էր աշխատանքային խումբ գործուղել Վաչագան գյուղ: Գյուղի բնակիչները մեզ պատմում են, որ հրապարակումից հետո մի որոշ ժամանակ ծառահատումները դադարեցվել են՝ անօրինական գործողություններն իշխանությունների աչքից հեռու պահելու համար, սակայն բարձրացված աղմուկը հանդարտվելուց հետո կրկին սկսել են զանգվածային ծառահատումներ անել: Նրանց խոսքերով՝ երբեմն տարբեր պաշտոնյաներ են հայտնվում եւ ծառահատումներ կատարողներին տուգանում, սակայն հետաքրքիրն այն է, որ դրանից տուժում են ոչ թե տուգանվողներն, այլ՝ անտառը. «Որովհետեւ պետությունը վերցնում է տուգանքի գումարն ու գնում է, իսկ տուգանվողը կորցրած իր գումարը վերականգնում է նորից ծառահատում անելով: Այդ 1մլն դրամ տուգանքը նորից վճարվում է անտառի հաշվին»: Վերին վաչագանցիները մատնանշելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի Զանգեզուրում բացահայտած կոպիտ չարաշահումները՝ կոչ են անում ստուգայց կատարել Սյունիքի մարզ եւ Վերին Վաչագանում ուսումնասիրություններ կատարել: Վերջիններս միանշանակ պնդում են, որ զանգվածային ծառահատումներում իրենց դերակատարումը չունեն շարքային գյուղացիները, հետեւաբար դա արվում է վերին օղակների նախաձեռնությամբ: «Վերահսկող մեր պետական պաշտոնյաները քաղաքում են, չեն տեսնում, թե ինչ է կատարվում հեռավոր գյուղերում: Ծառահատումներն արվում են անտառային այնպիսի վայրերում, որտեղ խորքային են, եւ անտառի արտաքին մակերեսից չի երեւում»,- ասում են նրանք՝ վստահեցնելով, որ արդեն մի քանի հեկտար անտառ ոչնչացվել է, մինչդեռ, եթե ՀՀ իշխանություններն այս գործողությունները չկանխեն, ապա Վերին Վաչագանի հրաշք բնությունը կվերածվի պարզապես տափաստանի: «Օրական երկու մեծ մեքենա ծառ են տեղափոխում եւ, եթե դա չկանխվի՝ մինչեւ ձմեռ բնությունը կոչնչացնեն»,- ահազանգում են նրանք՝ տեղեկացնելով, որ ոչնչացվում են շատ կուսական անտառներ՝ խախտելով ամբողջ էկոլոգիական համակարգը:

Ինչեւէ, Վերին վաչագանցիներն արձագանքելով հանրապետության նախագահի ուղերձին՝ առաջարկում են իրենց մասնակցությունը նմանատիպ գռփելապաշտությունը կանխելու եւ բնությունը պահպանելու համար: Վերջիններս հույս ունեն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի եւ վերահսկողական խումբ կուղարկի Սյունիքի մարզ: