Ուզում են ձերբակալել Հացպանյանին

10/10/2008

Երեկ ընդհատակից դուրս է եկել «մարտի 1»-ի մեկ այլ «փախստական»` ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը: Երեկ ուշ երեկոյան ոստիկանները շրջապատել են նրա` Մաշտոցի պողոտայում գտնվող տունը, եւ Ս.Հացպանյանի կնոջը հայտնել են, որ ուզում են հանդիպել ամուսնու հետ: «Ասել են, թե մենք տեղյակ ենք, որ տանն է, պետք է մեզ հետ գա: Հիմա այստեղ լցվել են, բակում, շքամուտքում, ամենուր ոստիկաններ են, բայց ես դուրս չեմ գալիս: Եթե Ֆրանսիայի դեսպանատնից մարդ չգա, ընդհանրապես այդ դուռը ոչ ոքի առաջ չի բացվի, ով ուզում է` լինի: Մարդու իրավունքների պաշտպանին էլ է տեղյակ պահվել»,- մեր թղթակցին հայտնել է Ս. Հացպանյանը: Իսկ ինչո՞ւ է պարոն Հացպանյանը որոշել դուրս գալ «ընդհատակից»: «Ինչպե՞ս է լինում, որ մարդը 2 փոքր երեխայի հայր է եւ օրենքի հետ ոչ մի խնդիր չունի, բա ի՞նչ պիտի անի»,- պատասխանել է նա: Երեկ ժամը 00:45-ի դրությամբ Ս. Հացպանյանը դեռեւս չէր «հանձնվել» ոստիկաններին: