Տարաձայնություններ չկան

10/10/2008

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանն` անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի դժգոհությանը, թե` հանձնաժողովը չի արդարացրել իրենց սպասելիքները, «panorama.am»-ին ասել է. «Ես չգիտեմ` ով ինչ ակնկալիք ուներ: Միակ դեպքը չի, երբ այդ խմբակցության ներկայացուցիչների կարծիքներն ուղղակի համահունչ են եւ կրկնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կամ կոնգրեսի թիմի ներկայացուցիչներին: Այսինքն` դա չի զարմացնում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս ճանապարհին ինչ-որ բան էլ պետք է արվեր, թող մի քիչ համբերություն ունենա, տեսնի այդ քայլերը եւ նոր միայն դատողություններ անի»: Ա. Շահբազյանը նաեւ տեղեկացրել է, թե առայժմ հանձնաժողովը չի բախվել այնպիսի դեպքերի, որ տարաձայնություններ լինեն: «Աշխատանքի մեջ, ընդհանուր առմամբ, կա համախոհություն, թեեւ յուրաքանչյուրս իր մեկնաբանությունների մեջ, անշուշտ, դրսեւորում է նաեւ իր սուբյեկտիվ մոտեցումները: Առայժմ ընդգծված տարաձայնություն չկա, եւ կարծում եմ` չի էլ լինի»,- ասել է նա: