Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ: «Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, եւ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկիր, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով եւ իրավունքները պաշտպանված զգա»,- ըստ նախագահի մամուլի գրասենյակի՝ ասել է Ս. Սարգսյանը: Վերջինս խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` կրկնելով, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որից հետո արդեն, որպես հարեւաններ, քննարկել բազմաթիվ խնդիրներ: Սա ուշագրավ է նրանով, որ հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, ինչպես բազմիցս հրապարակվել է մամուլում, անց են կացվում հենց Շվեյցարիայում: