Դեռեւս ուղեգորգերն են փոխում

10/10/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակտիվորեն սկսել է ԱԺ «դերի բարձրացման» գործընթացը: Այդ աշխատանքները Հ. Աբրահամյանը սկսել է ԱԺ արտաքին տեսքի ու ատրիբուտների փոփոխությունից. այս օրերին փոխվում են ԱԺ միջանցքների` 70-ական թվականներից այդտեղ գտնվող ուղեգորգերը:

Զուգահեռաբար, ըստ այս փոփոխություններով «ոգեւորված» որոշ պատգամավորների` Հ. Աբրահամյանը պատրաստվում է աշխատանքային պայմաններ ստեղծել նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար: Մասնավորապես, երեկվանից արդեն վերանորոգվում էր ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության աշխատասենյակների կողքին գտնվող մի սենյակ, որտեղ լրագրողների համար համակարգիչներ են տեղադրվելու: Այստեղ տեղադրվելու է նաեւ սուրճի ապարատ: Ի դեպ, Հ. Աբրահամյանը «բարեփոխումներ» է իրականացնելու նաեւ ԱԺ բուֆետում: Երեկ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհում էր, թե այնտեղի գները «ռեստորանային են», եւ, որ իր ընկեր պատգամավորները մի անգամ այնտեղ ճաշելու համար ստիպված են եղել վճարել 60.000 դրամ: Պատգամավորների ոգեւորությունից դատելով, ամենայն հավանականությամբ, այսուհետ ԱԺ բուֆետի գները մատչելի կլինեն նաեւ միայն աշխատավարձով ապրող պատգամավորների համար: Հ. Աբրահամյանը պատրաստվում է վերահսկել նաեւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների հագուկապը, կամ, ինչպես այսօր ընդունված է ասել` «դրես-կոդը»: Նրանք այլեւս ԱԺ պետք է գնան միայն գրասենյակային հագուստով եւ մոռանան ցանցավոր գուլպաների ու կարճ կիսաշրջազգեստների մասին, որոնցով շրջում էին ԱԺ միջանցքներում: Ասում են, որ նա այդ մասին խոսել է նաեւ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ` ակնարկելով նաեւ, որ պատգամավոր-ԱԺ աշխատակից հարաբերությունները պետք է մնան միայն գործնական հարաբերությունների շրջանակներում: Դժվար չէ կռահել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել Հ. Աբրահամյանը: Ի դեպ, այս «բարեշրջումների» շրջանակներում, ըստ ԱԺ աշխատակիցների` ԱԺ տարբեր աշխատասենյակներից այլեւս չեն բուրի սալօջախի վրա տաքացվող տոլմայի կամ բլինչիկի հոտերը: Ըստ տեղեկությունների, Հ. Աբրահամյանը խստիվ արգելել է նաեւ աշխատակազմին՝ աշխատանքային ժամերին ալկոհոլ օգտագործել, քանի որ, ըստ մեր զրուցակիցների, արդեն ժամը 12-ից հետո նրանցից շատերն այլեւս անաշխատունակ են հենց ալկոհոլի օգտագործման պատճառով:

Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմին, ապա, չնայած վերջինիս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանն ասել է, թե ինքը հակված չէ կադրային փոփոխությունների, սակայն, ըստ պատգամավորների, այդպիսիք լինելու են: Այս օրերին խուճապի մեջ են ԱԺ աշխատակազմի հատկապես այն աշխատակիցները, ովքեր ավանդաբար խորհրդարան են գալիս հիմնականում սուրճ խմելու, ինտերնետից օգտվելու, երբեմն էլ՝ ինչ-որ թղթեր մի սենյակից մյուսը տեղափոխելու համար։

Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա, նրանց մի մասը խանդավառված է այս օպերացիայից, քանի որ Հ. Աբրահամյանը խոստացել է բարձրացնել նաեւ պատգամավորների աշխատանքային պայմանների որակը: Այդ թվում` ասենք, պատգամավորների համակարգիչների հզորությունը: Երեկ ՀՀԿ-ական պատգամավորներն ասում էին, թե Հ. Աբրահամյանը կարգադրել է համակարգիչներ հատկացնել բոլոր պատգամավորներին` ինտերնետային շուրջօրյա կապով: Պատգամավորներն ասում են, թե այսօր 131 պատգամավորներից ընդամենը

20-30-ն ունեն համակարգիչներ, սակայն դրանց մի մասը չի աշխատում, եւ ստիպված այն պահում են իրենց սենյակների ընդհանուր դիզայնը պահպանելու եւ «պահարանի» փոխարեն օգտագործելու համար: Թարմացվելու է նաեւ դեռեւս 70-ականներից ԱԺ-ում մնացած գույքը` սեղան, աթոռ, բազկաթոռ: Պատգամավորները, որոնցից շատերը ոչինչ չեն հասկանում «արտաքին հարաբերություններ» բառակապակցությունից, երեկ հիացած պատմում էին, որ Հ. Աբրահամյանը մեծ ուշադրություն է դարձնելու նաեւ արտաքին հարաբերություններին, խորհրդարանական դիվանագիտությանը: Եվ եթե, ըստ նրանց, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն ԱԺ բյուջեից 400 մլն դրամ վերադարձրել էր պետբյուջե` որպես ավելցուկ, ապա այժմ այն ուղղվելու է գործուղումներին ու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված այլ միջոցառումներին:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, առաջիկայում աշխատանքից ազատվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը: Մեր զրուցակից պատգամավորներից մեկն ասում էր, թե Հ. Աբրահամյանին լուրեր են հասել, որ Հ. Քոթանյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու տարիներին հասցրել է բավական բարելավել իր նյութական վիճակը` ամառանոց է կառուցել, «Ջիփ» է գնել, հիմա էլ երկու հարկանի առանձնատուն է կառուցում:

Ի դեպ, պատգամավորներն ամենաշատն ուրախացել էին, որ վերջապես Հ. Աբրահամյանի «դաբրոյով» տպագրվելու է այս գումարման Ազգային ժողովի պատգամավորների կենսագրություններից բաղկացած գիրքը, որն իրենցից շատերը տեղավորում են իրենց աղքատիկ գրապահարաններում՝ որպես «հանրագիտարան»: Ասում էին, թե իրենք մեկուկես տարի առաջ համապատասխան բաժին են ներկայացրել իրենց կենսագրություններն ու լուսանկարը, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չի տպագրվել:

Նշենք, որ Հ. Աբրահամյանը պատրաստվում է ձեւավորել նաեւ ԱԺ նախագահի աշխատակազմ. թե ո՞վ է ղեկավարելու այն` դեռեւս հայտնի չէ: