Ներողություն է խնդրում

10/10/2008

«Ես որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` խոսելով Ֆեդերացիայի զինանշանի փոփոխության մասին: Հիշեցնենք, որ ՀՖՖ նոր զինանշանի վրա բացակայում է Արարատ լեռան պատկերը, եւ շատերը դա պայմանավորում էին Հայաստան-Թուրքիա Ֆուտբոլային հանդիպմամբ եւ Աբդուլլահ Գյուլի այցով: Ռ. Հայրապետյանը, սակայն, ասել է, թե զինանշանի փոփոխությունը որեւէ առնչություն չունի դրա հետ: «Ցանկալի չէր, որ այս վրիպման համար մեզ մեղադրեին դավաճանության մեջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կարսի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրն եմ ստորագրել»,- ասել է նա:

Ռ. Հայրապետյանը նաեւ նկատել է, որ օրենքը չի արգելում ազգային հավաքականներին միջազգային հանդիպումներում հանդես գալ` Հայաստանի զինանշանն օգտագործելով: «Ես արդեն հրահանգել եմ, որ Հայաստանի հավաքականի մարզաշապիկների վրա լինի Հայաստանի զինանշանը, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան շուտով կունենա նոր խորհրդանիշ, եւ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են,- նշել է Ռ. Հայրապետյանը` ավելացնելով,- Մենք չէինք մտածում, որ նման աղմուկ կբարձրանա: Իրականում մեր ֆեդերացիայի զինանշանի փոփոխությունը ոչ մի կապ չուներ Թուրքիայի հավաքականի հանդիպման հետ: Մենք որոշել էինք փոխել լոգոն, երբ դեռ հայտնի էլ չէր, որ խաղալու ենք Թուրքիայի հետ»: Ֆեդերացիայի նախագահը խոստացել է նոր խորհրդանիշն ընտրելուց առաջ քննարկում կազմակերպել լրագրողների հետ։ «Պատվերում նշվել է, որ անպայման խորհրդանիշը պարունակի մեր ազգային սիմվոլներից մեկը, իմ կողմից նշվել է հատկապես Արարատ սարը»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականին, ՀՖՖ ղեկավարը սուր քննադատության է ենթարկել հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին:

Հիշեցնենք, որ վերջինս նախորդ շաբաթ հայտարարել էր, թե Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում կարող է պայքարել 4-5-րդ տեղերի համար, իսկ ՀՖՖ նախագահի եզրափակիչ դուրս գալու առաջադրանքն իրատեսական չէ: Ռուբեն Հայրապետյանն այս հայտարարություններին ծանոթացել է միայն ասուլիսի ընթացքում եւ զայրանալով ասել է. «Մարզչի առաջ խնդիր չի դրվել պայքարել 4-5-րդ տեղերի համար: Բարոյական չէ նման հայտարարություններ անել, քանի որ ֆեդերացիայի ղեկավարության կողմից նրա առջեւ այլ խնդիրը է դրված: Իմ կարծիքով` եթե մարզիչը հայտարարում է, որ եզրափակիչ փուլ դուրս գալը հնարավոր չէ, ապա նա իրավունք չունի գլխավորել ազգային հավաքական: Նա իրավունք չունի նման անպատասխանատու հայտարարություններ անելու»: