Մենք խոսքի ազատության պակաս չունենք. ունենք մտահոգություն, թե այդ ազատությունն արժեքային ինչ համակարգում է տեղավորվում. սովորական քաղաքացուց մինչեւ երկրի նախագահ՝ այդ խոսքը հնչում է տարբեր հարթություններում եւ տարբեր մակարդակներով, եւ ըստ այդմ էլ` այդ մտահոգությունը երկատված է իշխանության եւ ժողովրդի միջեւ, թե որքանով է խոսքը գործի վերածվում։
Այժմ մեր իրականությունն այն սահմանագծին է, երբ ժողովրդի խոսքից իշխանությունը զգուշանում է եւ կասկածում, թե այն կարող է վերածվել գործի, իսկ ժողովուրդն իշխանության խոսքից ոգեւորության հույս է փայփայում, որ գոնե մի մասով այն գործի վերածվի, սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, կարծես թե, տեղի չի ունենում: Սա այն պահն է, երբ ներկան անորոշ ժամանակով հետաձգվում է։ Նախագահական ընտրարշավից սկսված եւ մարտի մեկով խորացած ճեղքվածքը ժողովրդի ու իշխանության միջեւ ոչ մի փոփոխության չի ենթարկվել, թեեւ երկու կողմերն էլ այս ամբողջ ընթացքում հրաշքի են սպասում։
Ժողովուրդն իսկապես սպասում է փոփոխությունների, քայլ, որ իշխանությունը կանի դեպի ժողովուրդը, սակայն իշխանությունը ջանում է ոչ թե ինչ-որ բան փոխել, անսալ ժողովրդի ձայնին, վերջապես դառնալ նրա՛ իշխանությունը, այլ ամեն ինչ անում է ժողովրդին հաշտեցնելու իրողության հետ, այն դարձնելով միակ հնարավորը: Այլապես անհասկանալի է երկրի նախագահի վերջին ուղերձում հնչած խոսքը, թե` «Այս նոր ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք լուրջ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում մեր շուրջը՝ թե՛ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մակարդակներում, թե՛ միջպետական հարաբերություններում եւ թե՛ երկրի ներսում։ Պատերազմ հենց մեր հարեւանությամբ, փակ սահմաններ, արտաքին հաղորդակցման խնդիրներ, բարդացող տարածաշրջանային հարաբերություններ, գերտերությունների շահերի բախում. սա է այսօրվա իրականության շրջանակը Հայաստանի համար։ Եվ այս պայմաններում է, որ մենք ոչ թե գոյատեւման, այլ վերելքի խնդիրներ պետք է լուծենք»։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս են այդ խնդիրները լուծվելու առանց իշխանության ու ժողովրդի միջեւ երկխոսության, ո՞ւր են գործնական այն քայլերը, որ տանում են դրան։
Նախագահ Սերժ Սարգսյանի հիշած «ստեղծագործ քաղաքականությունն» առայժմ երեւում է միայն կադրային փոխատեղումներում եւ ստեղծագործող «այլախոհներին» իրենց տեղը նստեցնելում, ինչպես վարվեցին համալսարանի մի քանի դասախոսների հետ՝ նրանց աշխատանքից ազատելով: Ավելին՝ մինչեւ անգամ բառացիորեն կալանք դրվեց Տիգրան Խզմալյանի ֆիլմի վրա, այն դեպքում, երբ ավարտուն ստեղծագործությունը ոչ այնքան հեղինակի, որքան արդեն հանրության սեփականությունն է, դրանով իսկ մեկ անգամ եւս հարված հասցնելով ժողովրդի ինքնասիրությանը։ Ի դեպ, սույն գործողությունը հաջորդեց վարչապետի այն ելույթին, թե բուհերում արգելվելու են քաղաքական դրսեւորումները, սակայն, չգիտես, ինչու, աշխատանքից ազատվեցին ու պատժվեցին միայն այն դասախոսները, ովքեր կասկածվում էին ընդդիմադիր հայացքներ ունենալու մեջ, իսկ այն դասախոսները, որոնք զբաղված են իշխանություններին սիրաշահելու քարոզներով եւ հաճախ դասաժամը վերածում են կենցաղային բնույթի ասուլիսների, նկատողություն անգամ չեն ստանում։
«Դինամիկ ու ճկուն երկիր» ունենալու երազանքը հրապուրիչ է յուրաքանչյուր քաղաքացու համար, սակայն գների անընդհատ աճող քաղաքականության, հարուստների անընդհատ հարստանալու եւ աղքատների անընդհատ աղքատանալու նմանօրինակ կայուն վիճակում «դինամիկ ու ճկուն երկրի» ուրվագծերը կասկածելիորեն աղոտանում են։ Այս պարագայում դժվար է պատկերացնել նաեւ վերելքի ուղիով գնացող այն Հայաստանը, որն այդ ուղին բռնել է առանց սեփական ժողովրդի ու նրա աջակցության։ Չբացառելով իշխանությունների սխալվելու հնարավորությունը, ակամայից ոչ միայն ոտքի տեղ է բացվում այդ սխալների ու դրանց արդարացման համար, այլեւ բացառվում է իշխանությունների գործերին խառնվելու ցանկացած փորձ: Եթե երկիրն իսկապե՛ս կառավարվում է ժողովրդավարական սկզբունքներով, եւ այդ կառավարմանը ներգրավված են տեղյակ ու գիտակ մարդիկ, իսկապե՛ս ժողովրդի լավագույն ներուժը, ապա սխալներն այնքան չնչին ու վրիպումային բնույթ կունենան, որ դրանց մասին խոսելն իսկ ավելորդ կլինի։ «Այսօր դնելով նոր ավանդույթի սկիզբը՝ ես հայտարարում եմ, որ այսօրինակ ուղերձներ ես ունենալու եմ հստակ պարբերականությամբ՝ ամեն անգամ միասին ենք ամփոփելու մեր երկրի անցած ճանապարհը եւ առանձնացնելու խնդիրները, որոնց շուրջը պետք է մեկտեղենք մեր ջանքերը։ Ընդհանրապես սահմանադրորեն ամրագրված այս ինստիտուտը համարում եմ հանրային երկխոսության կարեւոր մեխանիզմ եւ ես այսուհետեւ առանձնակի լրջությամբ եմ պատրաստվում վերաբերվել այս հնարավորության լիարժեք օգտագործմանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Այստեղ անհասկանալի են մնում «երկրի անցած ճանապարհի» ամփոփումը, երբ ուղերձը հիմնականում ենթադրում է գործողությունների ապառնի կատարում, եւ հատկապես ովքեր պետք է մեկտեղեն ջանքերն առանձնակի խնդիրների շուրջ, եւ որոնք են այդ խնդիրները, երբ տրված լիարժեք հնարավորությունն այդպես էլ չօգտագործվեց ժողովրդի հետ ուղիղ երկխոսության նպատակով, չշոշափվեցին հատկապես այն հարցերը, որոնց սպասում էր ժողովուրդը եւ որոնց շուրջ ամիսներ շարունակ հուզական թեժ մթնոլորտ է տիրում, ինչի անդրադարձը իսկապես կարող էր լիցքաթափել այն։ Ուղերձում անհասկանալի են մնում նաեւ «մասերի» ու «ամբողջի»՝ միմյանց ծառայելու խնդիրն ու հարաբերությունը: Մասնավորապես՝ ովքեր են մասերը, եւ ինչն է ամբողջը, երբ մեր հասկացողությամբ դեռեւս ամբողջն է (ժողովուրդը) միմիայն ծառայում մասերին (չինովնիկներին), իսկ մասերը, որ ներդաշնակ ու փոխլրացնո՛ղ են, կասկած չի հարուցում. խնդիրն այստեղ այն է, թե ինչ կարգի են ներդաշնակությունն ու փոխլրացումը, իսկ անբարեխիղճ եւ կոռումպացված պաշտոնյաներին հեռացնելու գործընթացը, ինչպես միշտ, խոստումնային փուլում է, ինչն իրականացվում է սոսկ ընդդիմադիր կասկածյալների հանդեպ։ Զարմանալին այն է, որ մինչ այժմ չկա անգամ հրապարակավ բռնարարքներ կատարած կամ հրահրած որեւէ փողատիրոջ հանդեպ պատժի գեթ մի օրինակ, սակայն նախագահը վստահորեն շեշտում է վերելքի ուղին երազող Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ իրավունքի տերը փողն ու ուժն են, իսկ պարտականությունն ու պատիժը բաժանվում են չքավորության միջեւ՝ որպես նպաստ ու բարերարություն։