Հերթական չարաշահումները

10/10/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` նախագահի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել Երեւանի վարչական սահմաններում եւ մերձակա տարածքում շահագործվող հանքավայրերում, որոնցից արդյունահանվող օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինանյութ կամ հումք` շինանյութերի արտադրության համար:

Երեկ Ս. Սարգսյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնասիրության արդյունքները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, Երեւանի քաղաքապետը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը եւ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը: Ս. Սարգսյանն ասել է, որ հարկային դաշտի բարելավման, ստվերի դեմ պայքարի շրջանակում պարբերաբար տարբեր ոլորտներում անցկացվելու են նմանատիպ ուսումնասիրություններ: Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացնելով ուսումնասիրության ընթացքում տեղ գտած թերացումները, խախտումներն ու բացթողումները, նշել է, թե թաքցվել են օգտակար հանածոների իրական ծավալները, չեն վճարվել դրանց համապատասխան բնավճարները, եւ որպես հետեւանք` արդյունահանված օգտակար հանածոն կամ դրանից ստացված արտադրանքն իրացվել է ստվերում: Նրա խոսքով, գրանցվել են նաեւ ապօրինի հանքարդյունահանման փաստեր, բազմաթիվ հանքավայրեր գործում են իրենց հատկացված տեղամասերից դուրս, շատ հանքավայրեր շահագործման են տրվել առանց լիազոր մարմնի կողմից հանձնման-ընդունման, ինչի հետեւանքով հնարավոր չէ արձանագրել դրանց մեկնարկային վիճակը:

Ըստ հաղորդագրության` ստեղծված իրավիճակը գնահատելով «բարձիթողի եւ խիստ մտահոգիչ, Ս. Սարգսյանն ակնհայտ է համարել պատասխանատու նախարարությունների ոչ պատշաճ վերահսկողությունը ոլորտի նկատմամբ»: Նա պահանջել է համապատասխան լիազոր մարմինների` Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների, Բնապահպանության նախարարությունների եւ Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական գործառույթների ուժեղացում, տեղեկատվության կենտրոնացում, որը թույլ կտա ոլորտը դարձնել շատ ավելի թափանցիկ: Ս. Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել պետությանը հասցված վնասների վերականգնման ուղղությամբ: