Երեւանում հոկտեմբերի 16-20-ը կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների եւ պատանիների համար «Ռոլան Բիկովից», փառատոնի նպատակն է՝ պատանի հանդիսատեսին ներկայացնել պրոֆեսիոնալ բարձրակարգ կինոնկարներ, ինչպես նաեւ՝ հաստատել շփումներ, ապահովել փորձի ու մտքերի փոխանակում հայ եւ արտերկրի կինեմատոգրաֆիստների միջեւ:
Փառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացվելու է 48 ֆիլմ 23 երկրից: Կլինեն անվանի հյուրեր, այդ թվում` Կինոյի եւ հեռուստատեսության զարգացման միջազգային հիմնադրամ երեխաների եւ պատանիների համար «Ռոլան Բիկովի» նախագահ, Ռուսաստանի եւ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր, նշված փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդեւը, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ Կարեն Շահնազարովը, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Լեւոն Օգանեզովը, արվեստի այլ գործիչներ, հայտնի ռեժիսորներ, պրոդյուսերներ, մուլտիպլիկատորներ:
Փառատոնը կունենա ինչպես լիամետրաժ, այնպես էլ անիմացիոն ֆիլմերի ժյուրի: Միջազգային փառատոնի շրջանակներում կկազմակերպվի նկարիչ-անիմատորների աշխատանքների ցուցահանդես, հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, կնշվի «Մենք ջազից ենք» ֆիլմի 25-ամյակը, կլինի Կարեն Շահնազարովի «Կորուսյալ կայսրություն» ֆիլմի պրեմիերան Երեւանում եւ Ստեփանակերտում: Վարպետության դաս կանցկացվի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում «Art Bazar» ընկերության գործադիր պրոդյուսեր Ռայմոնդ Ջանազյանի կողմից, փառատոնի հյուրերը կհանդիպեն ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների հետ:
Նշենք, որ փառատոնը կանցկացվի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից, ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: