Հարգելի պարոնայք
Մամուլի հաղորդումներից հայտնի է, որ կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված Հանրապետության պետական բյուջեի 2009 թվականի նախագծում առաջարկվում է ավելացնել թոշակառուների ամսավճարը 17.5 %-ով։ Նույն նախագծում առաջարկվում է բարձրացնել Հարկային ծառայության աշխատողների աշխատավարձը 40 %-ով՝ իբր նպատակ ունենալով պայքարել կաշառակերության դեմ։ Բոլորին հայտնի է, որ ընթացիկ տարում զգալիորեն բարձրացել են առաջին անհրաժեշտության մթերքների ու ապրանքների մանրածախ գները եւ կոմունալ ծառայությունների սակագները։ Այսպես, բուսական յուղը թանկացել է 150 %-ով, կարագը՝ 100 %-ով, մրգերն ու բանջարեղենը՝ 100 %-ով, մնացած բոլոր առաջին անհրաժեշտության մթերքների գները թանկացել են 20-50%-ով, 40%-ով թանկացել են բնական գազի եւ խմելու ջրի սակագները։ Հայտնի է նաեւ, որ նախատեսվում է, 2009 թվականի ապրիլի 1-ից պետք է բարձրանան բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, որոնք իրենց հերթին կբերեն բոլոր մթերքների գների բարձրացման։
Այս պայմաններում բյուջեի նախագծում առաջարկվող թոշակների ամսավճարների բարձրացումը համարում ենք անարդարացի։ Թոշակառուների հայկական միավորման վարչությունը խնդրում է պատգամավորներից որեւէ մեկին, Ազգային ժողովում 2009 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից կարդալ սույն նամակը։ Համոզված ենք, որ հարգելի պատգամավորները 2009 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հնարավորություն կունենան բացահայտել ֆինանսական աղբյուրներ բյուջեի շրջանակներում, թոշակառուների ամսավճարը բարձրացնել առնվազն 40-50 %-ով։ Նախօրոք շնորհակալություն ենք հայտնում։
Միավորման վարչության նախագահ՝ Հ. Մանուկյան
Գործադիր տնօրեն՝ Վ. Հակոբյան
03.10.2008թ.