Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել խորհրդարանի տարածքում: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` հպարտորեն նշելով, որ նման նախաձեռնությամբ տարիներ առաջ հանդես է եկել ինքը: «Գեղեցիկ եւ ճիշտ կլինի, որ պետական ինստիտուտների կուտակման փողոցում մի եկեղեցի լինի ԱԺ տարածքում: Այն նախագծման փուլում է, որոշ հանձնարարականներ տրվել են»,- ասել է նա: Այս անհեթեթության «գեղեցիկն ու ճիշտը» հասկանալու համար պետք է թերեւս անդամակցել առնվազն ցեղակրոնություն դավանող մի կուսակցության: Եվ, ի դեպ, եկեղեցու այսօրվա ոչ այնքան աներեր հեղինակությանն էլ ավելի վնասելու այլ ձեւ դժվար է գտնել: Իսկ եթե Աշոտյանին թվում է, թե եկեղեցի է պետք ԱԺ տարածքում կառուցել, քանի որ պատգամավորներն անհավատ են, ապա անհրաժեշտ է խորհրդարանի բակում կառուցել նաեւ դպրոց, որովհետեւ պատգամավորներից շատերը նաեւ անգրագետ են: Ընդ որում, այդ դպրոցում պետք է առաջին հերթին դասավանդել բարոյականություն: