Արձագանքելով Իրանի առաջարկությանը` միջորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն «Արմենպրեսին» ասել է, թե ԼՂ հիմնախնդրի բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Հիշեցնենք, որ միջնորդի դեր ստանձնելու Թեհրանի առաջարկությունը վերահաստատել էր Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` սեպտեմբերի 16-ի Թեհրան այցից հետո: Իսկ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեհը հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը հուսով է, որ առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանն իրենց կարծիքը կհայտնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրանյան կողմից միջնորդական առաքելության առաջարկի վերաբերյալ: