Երեկ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են բջջային կապի 3-րդ օպերատորի մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների գնային առաջարկների փաթեթները: Ամենաբարձր գնային առաջարկը` 51.5 մլն եվրո, ներկայացրել է «France Telecom» ընկերությունը, որը հանդես է գալիս Orange ապրանքանիշով: Հենց այս ընկերությունն էլ կդառնա Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը, քանի որ մրցույթի հիմնական չափանիշը գնային առաջարկն էր: Թե ինչպես ռուսական «MTS» եւ «Beeline» ընկերությունները կկարողանան դիմակայել իր հասույթով աշխարհում 3-րդ բջջային օպերատորը համարվող եւ եվրոպական չափանիշներով աշխատող «France Telecom»-ի մրցակցությանը, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, թեեւ բջջային կապի 3-րդ օպերատորի մրցույթում ՀՀ նախկին վարչապետ, «Eurasia House International» հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանի անունը կապվում էր իռլանդական «CEO Blackrock Communications» ընկերության հետ, սակայն պարզվում է, նա անուղղակիորեն առնչություն ունի նաեւ «France Telecom»-ի հետ: Բանն այն է, որ «France Telecom»-ի Վարչական խորհրդի 15 անդամներից մեկը` Շարլ-Անրի Ֆիլիպին, 2007թ. օգոստոսից մինչեւ օրս HSBC բանկի ֆրանսիական մասնաճյուղի` «HSBC France»-ի Վարչական խորհրդի նախագահն է: Բացի այդ, Շ. Ֆիլիպին 2001-ից նաեւ «HSBC Holding»-ի կառավարիչներից մեկն է: Հիշեցնենք, որ HSBC բանկի հիմնական բաժնետերերից մեկը լոնդոնաբնակ Վաչե Մանուկյանն է, ով համարվում է Արմեն Սարգսյանի մերձավորներից մեկը: