Հերթական հասունացող սկանդալը ՀՀԿ-ում

09/10/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Խորհրդարանում հասունանում է հերթական սկանդալը, որը կապված է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուների հետ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ դարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը, իսկ վերջինիս պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության նախագահի պաշտոնը մնացել է թափուր:

Եվ այսպես` ՀՀԿ-ականները, որոնք դեռեւս չեն հասցրել մարսել նախորդ սկանդալը` կապված ԱԺ նախագահի փոփոխության հետ, այսօր արդեն խոսում են առաջիկայում սպասվելիք հերթական սկանդալի մասին: Դա երեկ ԱԺ միջանցքներում քննարկվող հիմնական թեման էր, որը տվայտանքների մեջ էր գցել հանրապետականներին: Բնականաբար, վերջիններս կարծիք էին հայտնում միայն իրենց անունը չնշելու պայմանով: Նրանց ասելով` արդեն մի քանի օր է` Գալուստ Սահակյանի ճնշումն այնքան է բարձրացել, որ հնարավոր չէ առանց բժիշկների միջամտության նրա վիճակը կարգավորել: Իսկ Գ. Սահակյանը, պարզվում է` թույլատրելի սահմանից բարձր ճնշում ունենալու լուրջ պատճառներ ունի: Ըստ ՀՀԿ-ականների` Գալուստ Սահակյանը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ` երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը: Եվ որքան էլ որոշ ՀՀԿ-ականներ փորձում են իրավիճակը մեղմելու համար ասել, որ իշխանական վերնախավում դեռեւս վերջնականապես որոշված չէ Շարմազանովի նշանակման հարցը, այնուամենայնիվ, երեկ հանրապետականների մեկ այլ խումբ հաստատորեն պնդում էր, որ իրենց խմբակցության նոր ղեկավարը լինելու է հենց Է. Շարմազանովը: Գ. Սահակյանը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում էին մի շարք ՀՀԿ-ականներ, հատկապես վիրավորված է նրանից, որ սկզբում որպես խմբակցության ապագա ղեկավար՝ շրջանառության մեջ դրեցին հենց իր անունը, սակայն պարզվեց, որ ՀՀԿ վերնախավում իրականում ոչ միայն նման հարց չի քննարկվել, այլ նույնիսկ նման ցանկություն չկա: Նաեւ ասում էին, որ Գ. Սահակյանի ճնշումը չի իջնում հատկապես այն պատճառով, որ նա իրեն խաբված է զգում Հովիկ Աբրահամյանի կողմից: Լավատեղյակ հանրապետականների ասելով` Հ. Աբրահամյանը Գ. Սահակյանին խոստացել էր ԱԺ նախագահ դառնալուց հետո զբաղվել իր հարցով եւ լուծել նրա` խմբակցության ղեկավար դառնալու հարցը: Իսկ դա, ըստ մտերիմների, օդ ու ջրի պես անհրաժեշտ է Գ. Սահակյանին` իր անցած տարիների վիրավորվածությունն անցկացնելու համար: Գ. Սահակյանն այս տարիների ընթացքում չէր կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ վերջին գումարման խորհրդարանում իր փոխարեն ՀՀԿ խմբակցության ղեկավար դարձավ Կարեն Կարապետյանը: Նա, ըստ ՀՀԿ-ականների, մի կողմից՝ այսօր շատ է ուզում դառնալ ՀՀԿ խմբակցության ղեկավար, մյուս կողմից` չի համակերպվում այն փաստի հետ, որ ինքը ՀՀԿ-ում «հերթապահ» է, եւ այս կամ այն տեղն ազատվելու դեպքում «ձեռքի հետ» քննարկվում է տվյալ պաշտոնն իրեն վստահել-չվստահելու հարցը:

Սակայն քիչ չեն ՀՀԿ-ական այն պատգամավորները, որոնք չեն ցանկանում Է. Շարմազանովին տեսնել խմբակցության ղեկավարի պաշտոնում: Նրանց ասելով` ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն այդպիսով կդառնա անլուրջ խմբակցություն, որի ղեկավարին ոչ ոք չի ենթարկվի: Հանրապետական այս պատգամավորները վստահեցնում են, որ իրենք մեծ ցանկության դեպքում նույնիսկ չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես է Է. Շարմազանովը ՀՀԿ-ի պատգամավորներից պահանջելու ներկա գտնվել ԱԺ նիստերին կամ այս կամ այն քվեարկությանը: Ոմանց ասելով` այդ հարցը լուծելու է Հ. Աբրահամյանը, իսկ երբ նա գործուղումների մեկնի, ապա այնպես կանի, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյա նիստերի հետ: Սակայն շատերը պնդում էին, որ որոշ ժամանակ անց ԱԺ-ում նորից նույն իրավիճակն է լինելու, եւ պարտաճանաչությամբ աչքի չընկնող պատգամավորները նորից շարունակելու են ԱԺ գալ միայն խիստ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Ի դեպ, երեկ ԱԺ-ում նաեւ խոսակցություններ կային, որ մինչեւ հաջորդ ԱԺ քառօրյան, հնարավոր է՝ ՀՀԿ խմբակցությունում միանգամից երկու թափուր պաշտոն լինի: Ըստ լուրերի` հնարավոր է ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից հրաժարվի Սամվել Նիկոյանը` պատճառաբանությամբ, թե չի կարողանում մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ծանրաբեռնված աշխատանքի պատճառով կատարել խմբակցության քարտուղարի իր պարտականությունները: Սակայն, սա, ըստ նրանց` ընդամենը պատրվակ է: