Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներն արդեն վերադարձել են Ստրասբուրգից, որտեղ մասնակցում էին ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանին եւ անձամբ են լսել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` հուլիսի 13-15-ը Երեւան կատարած այցի արդյունքներին վերաբերող եզրակացությունները:
Հիշեցնենք, որ նույն պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին Փարիզում մասնակցում էր ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ էլ Թ.Համարբերգը պետք է ներկայացներ իր հուլիսյան այցի տպավորությունները: Բայց քանի որ այդ նիստը նվիրված էր ռուս-վրացական հակամարտությանը, Հայաստանի մասին ՄԻ հանձնակատարի ելույթը շատ հպանցիկ էր եղել: Այդ ժամանակ մեր պատվիրակության անդամները, հատկապես՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, փորձում էին ներկայացնել, որ Հայաստանի իշխանությունները ԵԽ ԽՎ-ում խնդիրներ չունեն: Հայ պաշտոնյաները հայտարարում էին, թե ԵԽ ԽՎ-ում գտնում են, որ Հայաստանն իր առջեւ դրած խնդիրները, մասնավորապես՝ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները լուծելու համար մինչեւ հունվար ժամանակ ունի, իսկ մեր երկիրն այդ խնդիրներն աստիճանաբար լուծում է: Նաեւ վստահեցնում էին, թե մինչեւ տարեվերջ եվրոպացիները մեր երկրին իրենց կոշտ քննադատություններով ու եզրակացություններով չեն անհանգստացնի: Սակայն Թ.Համարբերգը հուլիսյան այցի տպավորությունները ներկայացրեց աշնանային նստաշրջանում, եւ պարզվեց, որ դրանք «ծայրաստիճան մտահոգել են» ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին: Այնքան են մտահոգել, որ հանձնաժողովը պատրաստվում է Համարբերգին մեկ անգամ էլ նոյեմբերին գործուղել Հայաստան, պարզելու համար, թե ինչպե՞ս են իրականացվում այս երկու բանաձեւերի պահանջները, որպեսզի արդեն դեկտեմբերին լսեն նրա նոր եզրակացությունները, իսկ հունվարին որոշեն Հայաստանի վերաբերյալ նոր բանաձեւի բովանդակությունը: Երեկ մենք փորձեցինք զրուցել Հայաստանի պատվիրակության անդամների հետ եւ պարզել, թե ընդամենը վերջերս ոգեւորված մեր պատվիրակներն ի՞նչ տպավորություններով են վերադարձել Երեւան այս անգամ: Պարզվում է, Համարբերգի վերջին եզրակացությունները նրանց էլ խիստ մտահոգել են:
«Որոշակի մտավախություններ կան: Մեր մասով հայտարարության մեջ ամեն ինչ ասվում է, հարցը խիստ է դրված, կոնկրետ քայլեր են մատնանշվում, դրան պետք է չափազանց լուրջ մոտենալ, որովհետեւ ժամանակը քիչ է, հակառակ դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Իմ մտահոգություններն ամբողջովին արտահայտված են այդ հայտարարության մեջ: Դա, իհարկե, նշանակում է, որ մենք լուրջ անելիքներ ունենք, որոնք պետք է իրականացնենք հնարավորին չափով արագ»,- ավելացրեց Դ.Հարությունյանը:
Մոնիտորինգի հանձնաժողովն այս անգամ ընդգծում էր, որ Քրեական օրենսգրքի 300 (պետական իշխանության յուրացում) եւ 225 (զանգվածային անկարգություններ) հոդվածներով մեղադրվող 7 անձանց` Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի նկատմամբ նախաքննությունը ձգձգվում է, ու նրանց գործերը դեռեւս չեն ուղարկվել դատարան: Մինչդեռ 1620 բանաձեւը պահանջում էր կարճել այդ հոդվածներով գործերը, եթե չկան ապացույցներ, որ տվյալ անձինք անձամբ կատարել կամ հրահանգել են կատարել բռնություններ, կամ էլ օժանդակել են դրանց: Հանձնաժողովին խորապես մտահոգել էր այն, որ քննությունը դեռեւս չի պարզել, թե ովքե՞ր են մեղավոր մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 մարդու մահվան համար: Լուրջ մտահոգություններ կան նաեւ կալանավորվածներին առաջադրված մեղադրանքների եւ մի շարք գործերով դատավարությունների հետ կապված` արդար դատավարության սկզբունքի տեսանկյունից:
«Հանձնաժողովը լրջորեն մտահոգված է, որ մարդիկ կարող են ձերբակալված եւ նույնիսկ դատապարտված լինել քաղաքական հայացքների ու ոչ բռնի գործողությունների համար, ինչն անընդունելի է Վեհաժողովի համար»,- նշված է Մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում:
Դ.Հարությունյանը գտնում է, որ բոլոր պահանջների վերաբերյալ էլ «արդեն մեկնաբանությունների կարիք չկա, հայտարարությունները սկզբունքորեն շատ խոսուն են»: Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ է արել դիտարկել համաներման հնարավորությունը: Ավելացնենք, որ հասարակությունը, նաեւ՝ որոշ քաղաքական գործիչներ, ակնկալում էին, որ ՀՀ իշխանություններն աշնանը, այնուամենայնիվ, համաներում կհայտարարեն մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ: Հատկապես ակնկալիքներ կային, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներման մասին կհայտարարի իր հոկտեմբերի 2-ի ուղերձում:
«Համաներմանը միշտ էլ կողմ եմ եղել եւ վաղուց էլ հայտարարել եմ, որ քաղաքական մոտիվացիա են պարունակում առաջադրված որոշ մեղադրանքներ»,- ասաց Ա.Ռուստամյանը: Պատգամավորի կարծիքով՝ «քաղաքական մոտիվացիաներ» է պարունակում հատկապես 300 հոդվածը:
«Համաներումը ընդամենը առաջարկություն է, եւ բանաձեւում կալանավորներին ազատ արձակելու խնդիր ինքնին դրված չի: Համաներումն ընդամենը լուծումներից մեկն է, որ առաջարկվում է դիտարկել, բայց դա պահանջ չի կարող լինել: Բացի այդ, խնդիրը չի վերաբերում բոլոր կալանավորված անձանց ազատ արձակելուն»,- ասաց Դ.Հարությունյանը:
Մեր պատվիրակությունը Ստրասբուրգից երեկ է վերադարձել եւ, պարոն Հարությունյանի ասելով՝ դեռ չի հասցրել իր մտահոգությունները կիսել ղեկավարության հետ:
«Ամեն դեպքում՝ եթե կիսենք, դրանք կլինեն խորհրդապահական: Իշխանություններն իրենց դիրքորոշումը պաշտոնապես կարտահայտեն»,- ասաց պատվիրակության ղեկավարը: ԵԽ ԽՎ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են փաստահավաք խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին: Այդ մասին անցած ամիս հայտարարեց նաեւ մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Սակայն դեռ հայտնի չէ, թե ե՞րբ կստեղծվի այդ խումբը, ի՞նչ կազմ կունենա, հրապարակայի՞ն, թե՞ գաղտնի աշխատաոճով կգործի: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը խոստացավ այս հարցերին պատասխանել այսօր: Դ. Հարությունյանը գտնում է, որ այդ խմբի ստեղծումն արդեն «ոչ թե շաբաթների, այլ օրերի հարց է»: Իսկ նոյեմբերին, երբ Համարբերգը գա Երեւան, եւ հունվարին, երբ ԵԽ ԽՎ նստաշրջանում նորից քննարկվի Հայաստանի հարցը, ՀՀ իշխանությունները կատարած կլինե՞ն իրենց առաջ դրված պահանջները: Այս մասով Դ.Հարությունյանը կանխատեսումներ չուներ: «Եթե անգամ ունենամ էլ` չեմ ասի»,- ավելացրեց պատգամավորը: