Նախօրեին ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել այն երեք փորձագետները, ովքեր պետք է խորհրդատվական ծառայություն տրամադրեն մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:
Եվ նրանցից երկուսը` Քրիստոֆեր Կոյմը եւ Մայքլ Հարլին, ովքեր երեկ մասնակցում էին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին, մի քանի անգամ ընդգծեցին, որ սեպտեմբերի 11-ի գործն ուսումնասիրող հանձնաժողովը, որի անդամներ էին նաեւ իրենք, երբեք մեղավորներին հայտնաբերելու խնդիր չի ունեցել: Նաեւ հայտարարեցին, որ չնայած դրան` իրենց հաջողվել է պարզել, որ այն կազմակերպվել էր «Ալ Քաիդայի» կողմից: Նրանց այսօր կմիանա նաեւ իրենց մյուս գործընկերը` Ջոն Ֆարմերը:
Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի գործադիր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Կոյմի խոսքերով` ԱՄՆ-ում նման հանձնաժողով ստեղծվեց, որովհետեւ այդպես էր ուզում ամերիկացի ժողովուրդը, իսկ վարչակազմը ուշադրությունը սեւեռել էր ահաբեկչության հետեւանքների վրա, եւ չէր ցանկանում հետ նայել: Ըստ նրա` զոհերի հարազատներն էին ցանկանում պարզել, թե ինչում է իրենց մերձավորների մահվան պատճառը: Բավական ուշագրավ էր փորձագետների նաեւ այն պնդումը, թե իրենց զեկույցը որեւէ ուժ չէր կարող ունենալ, եթե չլիներ հանրության վստահությունը: Դժվար չէր կռահել, որ դրանով վերջիններս ակնարկում էին ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ մեր հասարակության ունեցած անվստահության մասին: «Շատ ամերիկացիներ կարծում էին, որ ԱՄՆ պատկան գերատեսչությունների անփույթ ու ոչ կոմպետենտ աշխատանքն է, որ թույլ չի տվել նախապես հայտնաբերել ու կանխել այդ հարձակումները: Ամերիկյան հասարակությունը պահանջում էր ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կքններ այս մեղադրանքի հետ կապված բոլոր փաստերը: Սեպտեմբերի
11-ի գործով հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին 10 հոգի` 5 դեմոկրատ եւ 5 հանրապետական, որոնք բոլորն էլ նախկինում բարձր պաշտոններ էին զբաղեցրել դաշնային ու նահանգային իշխանությունների կազմում»,- ասացին փորձագետները` ընդգծելով, որ հանձնաժողովի բոլոր անդամները պաշտոնաթող պաշտոնյաներ էին եւ այդ ժամանակ համարվում էին ազատ քաղաքացիներ: Սակայն միայն սրանով չեն սահմանափակվում մեր եւ ամերիկյան հանձնաժողովների տարբերությունները: «Մեր բոլոր աշխատողներն ընդունվել են ոչ կուսակցական պատկանելության սկզբունքով: Բոլորին ընդունել ենք իրենց փորձագիտական գիտելիքների համար»,- ասաց սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի Հակաահաբեկչական քաղաքականության հետաքննման հարցերով համակարգող ու ավագ փաստաբան Մայքլ Հարլին: Նա երեկ մարտի 1-2-ի հանձնաժողովի անդամներին վստահեցնում էր, որ իրենք նախ փորձել են պարզել, թե ինչում են թերացել ԱՄՆ իրավապահ մարմինները, Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչ էին անում նրանք այդ ժամանակ, երբ տեղի ունեցավ ահաբեկչությունը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրամանով՝ բոլոր գերատեսչությունները պարտավորված են եղել համագործակցել իրենց հանձնաժողովի հետ եւ իրենց տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել հանձնաժողովին: Հակառակ դեպքում, ինչպես նշեց Մ. Հարլին` իրենք կարող էին դիմել դատարան եւ այնտեղ պահանջել իրենց անհրաժեշտ փաստաթղթերը: «Բայց, դատարան մենք չենք դիմել: Սպառնացել ենք, որ գնալու ենք դատարան եւ հանրային ճնշումն այնքան մեծ է եղել այդ կազմակերպությունների վրա, որ նրանք դրանից հետո որոշել են շատ արագ համագործակցել մեզ հետ»,- ասաց նա` հավելելով, որ իրենց աշխատանքի ընթացքում 2 մլն էջ փաստաթուղթ են ուսումնասիրել, հարցազրույցներ են անցկացրել 1200 քաղաքացիների, այդ թվում` տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Մեր խնդիրն էր՝ հանրությանը ստույգ ներկայացնել, թե արդյոք Բուշի վարչակազմն ինչ որոշումներ էր ընդունել այդ ժամանակ: Մենք այդ բոլորն ունենք, ձայնագրել ենք նաեւ բոլոր հարցազրույցները: Եզրակացությունը թողել ենք հանրությանը, որը նրանք պետք է անեն` հիմնվելով զեկույցի մեջ ընդգրկված փաստերի վրա: Մեր ղեկավարությունը պատասխանատու էր եւ պարտավոր էր մարդկանց տված հարցերին պատասխանել: Մենք բոլորս էլ հասկանում էինք, որ մենք հանձնաժողովում ինքներս մեզ չենք ներկայացնում, մենք ներկայացնում ենք ԱՄՆ ժողովրդին: Մենք հանդես էինք գալիս ժողովրդի անունից եւ հարցեր տալիս էինք ժողովրդի անունից: Շատ կարեւոր է, որպեսզի հանձնաժողովը լինի վստահելի: Վերջնական զեկույցը, փաստաթղթերը, հարցազրույցները, գրառումները վերջին հաշվով մի օր բացվելու են, պատմությունը, պատմաբանները բացելու են, եւ շատ կարեւոր է` արդյոք մենք մեզ լա՞վ ենք պահել»,- մեր հանձնաժողովականներին պատմում էր Մ. Հարլին` նշելով, որ իրենք ուսումնասիրել են նաեւ գաղտնի փաստաթղթեր: Քանի որ ամերիկացի փորձագետներն այստեղ են զուտ փորձի փոխանակման նպատակով` նրանք մարտի 1-ի հանձնաժողովի անդամներին որեւէ խորհուրդ կամ առաջարկ չէին ներկայացնում:
Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ամերիկացի փորձագետներից հետաքրքրվեց, թե ինչպես են իրենք վարվել, երբ անհրաժեշտություն է եղել հանձնաժողովի աշխատանքներին հրավիրել ոչ թե գործող պաշտոնյաներին, այլ նախկին: Ի պատասխան՝ Ք. Կոյմը նշեց. «Նախկինները միշտ համագործակցել են, ցանկացել են ներկայացնել պատմության իրենց կողմը եւ չէին խուսափում մեզ հետ աշխատել: Երբեք նման իրավիճակների հետ չենք բախվել, որ նրանց պետք է դատարանների միջոցով բերեինք, եւ նրանք ցուցում տային»: Ս. Նիկոյանը նաեւ նշեց, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ ազգը միասնական էր այդ խնդիրները վերհանելու հարցում, իսկ իրենք այժմ քննում են ներքաղաքական խնդիր, ինչի նկատմամբ հասարակությունը, քաղաքական դաշտը տարբեր, բեւեռացված մոտեցումներ ունի: «Մենք դեռեւս գտնվում ենք այդ իրադարձությունների կամ դրանց ազդեցության տակ, այդ պատճառով քաղաքական, հասարակության ազդեցությունը եւ ճնշումը հանձնաժողովի վրա մեծ է»,- ասաց Ս. Նիկոյանը` ընդգծելով, թե այս երկու հանձնաժողովների միակ նմանությունը հրապարակայնության ապահովումն է:
Հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, թե հանձնաժողովն ինչպե՞ս որպես թիրախ դիտարկեց «Ալ Քաիդային»: «Մենք ունենք հստակ մահվան դեպքեր եւ ունենք զանգվածային միջոցառում, որը կազմակերպվեց որոշակի ուժի գործադրմամբ: Դուք միանգամի՞ց թիրախ ընտրեցիք «Ալ Քաիդային», ի՞նչ հիմքով»` հարցրեց Ա. Մինասյանը: «Ցանկացած քննությունը` ձերը թե մերը, բախվում է որոշակի իրողությունների հետ: ՀԴԲ աշխատակիցներ կային, որոնք աշխատում էին մեզ հետ: Հենց սկզբից հանձնաժողովն իր քննությունը սկսել է վարչակազմի` Կոնգրեսի կատարած ուսումնասիրության հիման վրա: Կոնգրեսը 2003թ. ամռանը ներկայացրել էր արդեն իր զեկույցը, եւ նրանք էլ որպես թիրախ ընտրել էին «Ալ Քաիդային»,- ասաց Ք. Կոյմը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նախ նշեց, թե սեպտեմբերի 11-ը «ՑՌՈՒ-ի ձեռքի գործն էր», որով նրանք ուզում էին աշխարհաքաղաքական հարցեր լուծել, հետո հետաքրքրվեց, թե արդյոք իրենց հաջողվե՞ց ժողովրդի միջից այդ կասկածները հանել: Ք. Կոյմն ընդգծեց, որ ժողովրդի մոտ երբեք այդ վարկածները չեն «մահանում», եւ ավելացրեց, որ իրենք բոլոր վարկածներն էլ քննել են եւ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են հասարակությանը: Ա. Հարությունյանը նաեւ հետաքրքրվեց, թե իրենց հաջողվե՞լ է պարզել` ԱՄՆ ո՞ր կառույցներն էին մեղավոր, եւ արդյոք պատասխանատվություն կրե՞լ են այդ կառույցների ղեկավարները: «Սեպտեմբերի 11-ի համար մեղավոր էր միայն «Ալ Քաիդան», բայց մենք փորձում էինք պարզել` արդյոք վարչակազմը լա՞վ է իրականացրել իր պաշտպանվածությունը, եւ արդյոք մեղավոր չե՞ն նրանք: Որոշ մարդիկ մեզ մեղադրում էին, որ չենք ասել, թե ով է մեղավոր: Ասում էին, որ եթե մեր զեկույցում նման բան լիներ` շատ լավ կլիներ, բայց Կոնգրեսը մեր առջեւ նման խնդիր չէր դրել»,- ասաց Մ. Հարլին:
Իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվում էր` արդյոք իրենց հանձնաժողովում տարաձայնություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Ք. Կոյմը վստահեցրեց, որ ոչ միայն տարաձայնություններ են եղել, այլեւ` բախումներ, սակայն ամենակարեւորն այն է եղել, որ վերջում հանձնաժողովի անդամները միաձայն ստորագրել են զեկույցը: «Տարաձայնությունները հիմնականում լինում էին այն հարցի շուրջ, թե ո՞վ է հիմնականում մեղավոր` Բուշի՞ վարչակազմը, թե՞ Քլինթոնի: Դրա համար մենք ավելի շատ անդրադառնում էինք փաստերին, եւ նույնիսկ բառ առ բառ կարդում էինք ու բառերն էինք ընդունում: Այդ ժամանակ տարբեր կարծիք ունեցողներ չեղան: Այդ միաձայնությունն է, որ զեկուցողին ուժ է տալիս: Եթե հանձնաժողովի մեկ-երկու անդամ անհամաձայնություն հայտներ, հնարավոր է՝ զեկույցը տարբեր քաղաքական ուժերի կողմից շահարկվեր: Այնպես որ` շատ կարեւոր է համաձայնությունը: Երբ բոլորը ստորագրեցին այդ զեկույցը, ես սենյակում էի, եւ ինձ թվաց՝ ես պատին կպած ճանճ էի, որովհետեւ շատ կարեւոր է, որ այն մարդիկ ընդունեին զեկույցը»,- ասաց Մ. Հարլին` հավելելով, թե նույն զեկույցում բազմաթիվ դրույթներ կային, որտեղ իրենք նշել էին վարչակազմի թույլ տված խախտումները, որոնք կային պետական քաղաքականության մեջ: Նա նաեւ նշեց, թե իրենք զեկույցում ընդգրկել են վարչակազմի ներկայացրած գրեթե բոլոր փաստաթղթերը, բայց դրանք ներկայացրել են ոչ թե որպես ճշմարտություն, այլ` հիմք:
Ամենաուշագրավը, թերեւս, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանի խնդրանքն էր` ուղղված ամերիկացի փորձագետներին, ովքեր նույնիսկ չկարողացան թաքցնել իրենց զարմանքը: Ս. Մուրադխանյանին, պարզվեց, ամենաշատը մտահոգում էր այն, որ ամերիկացի փորձագետները լրագրողների, քաղաքական ուժերի հետ Հայաստանում շփվելիս զգույշ լինեն իրենց բառերի ընտրության հարցում, քանի որ, ըստ նրա` ամերիկացիների «հեղինակավոր բառերը կարող են լուրջ շահարկումների առիթ դառնալ»: Ամերիկացի փորձագետները Ս. Մուրադխանյանին, ով առնվազն վեց անգամ արտաբերեց «խնդրում եմ» արտահայտությունը, եւս մեկ անգամ տեղեկացրին, որ իրենք Հայաստան են եկել ընդամենն իրենց փորձը փոխանակելու նպատակով: