«Այս իրականությունը կարծես ֆոկուսից փախած լինի»

09/10/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Արարատ լեռ բարձրանալուց հետո այն իրականությունը, որ կա արդեն լեռան ստորոտում կամ մի փոքր այս կողմ՝ Հայաստանում, դժվար է այլ կերպ բնութագրել: Լեռան բարձրությունից այդ ամենը չի երեւում: Ժամանակավորապես:

Բոլորովին վերջերս, «Արարատից՝ Սիոն» ֆիլմի նկարահանումների առիթով, Արարատ էր բարձրացել նաեւ արժանապատիվ տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա, ի դեպ, առաջին հոգեւորականն է, ով բարձրացել է Արարատ:

– Տե՛ր հայր, Արարատը հայերիս համար բիբլիական նշանակություն ունենալուց բացի՝ ունի պատմական, խորհրդանշական կարեւոր նշանակություն: Արարատ բարձրանալը թերեւս յուրաքանչյուր հայի երազանքն է, ընդ որում՝ այնպիսի երազանքը, որն ի կատար ածելը թվում է հոգեբանորեն ավելի բարդ, քան դա որպես երազանք թողնելը: Դուք ունեի՞ք նման խնդիր, թե՞ պարզապես եղավ առիթը, որն էլ օգտագործեցիք:

– Կարող եմ ասել, որ փոքրուց դա իմ ամենահաճախ կրկնվող երազն է եղել: Արարատ բարձրանալու ցանկությունը՝ կորցրած հայրենիքի, դրա խորհրդանիշի, Աստվածաշնչի մանկական իմ պատկերացումների հետ մեկտեղվել էր ու մի սրբազան խորհուրդ դարձել: Այս անգամ հնարավոր դարձավ դա իրագործել ֆիզիկապես, եւ մենք մի խմբով՝ 13 հոգով, ուղեւորվեցինք Արարատ՝ կապված «Արարատից՝ Սիոն» ֆիլմի նկարահանման հետ: Այդ ֆիլմն ուղղակի սկսվում է Արարատի գագաթից, ցույց ենք տալիս մարդկության, հայ ժողովրդի ուխտագնացությունը Արարատից մինչեւ Սիոնի սրբազան բարձունք: Լեռները Սուրբ Գրքում հանդես են գալիս որպես աստվածահայտնության վայրեր: Պատահական չէ, որ Մովսեսին տրված Օրենքը կամ Տիրոջ պայծառակերպությունը տեղի են ունեցել որոշակի բարձրությունների վրա: Երբ բարձրանում ես սար, կտրվում ես աշխարհից եւ Աստծուն քեզ ավելի մոտ ես զգում: Իսկ երբ գնում ես դեպի Սկիզբ, այն կետը, որտեղից ծավալվել է ամեն ինչ, չգիտես ինչպես համակերպվես սեփական անարժանության հետ եւ ինչպես գոհանաս Աստծուց:

– Արարատ բարձրանալը մանրամասն նկարագրել է Խաչատուր Աբովյանը, Հրաչյա Աճառյանն՝ իր «Կյանքիս հուշերից» ինքնակենսագրական աշխատությունում: Հետաքրքիր է, այդ նկարագրություններից բավական ժամանակ է հոսել, այսօր ինչ-որ բան փոխվե՞լ է լեռը բարձրանալու միջոցների առումով, թե՞ դա արվում է դարձյալ գրաստների, քուրդ ուղեկիցների միջոցով:

– Նույն մեթոդները պահպանված են. բեռները տեղափոխում էին ձիերը, մենք բարձրանում էինք ոտքով: Արարատ բարձրանալու ամենաապահով ճանապարհը հակառակ կողմից է՝ Բայազետից: Մեքենաներով գալիս ենք մինչեւ 2000 մետր, այնտեղ բեռները կապվում են ձիերին, ոտքով գնում ենք մինչեւ 3200 մ-ի կայանը, ուր խփում ենք վրանները, գիշերում եւ հաջորդ օրը բարձրանում մինչեւ 4200 մետր: Այնտեղ մի քանի ժամ հանգստանում ենք, բայց գիշերը ժամը մեկին պետք է արթնանալ, իսկ երկուսին սկսվում է վերելքը: Հաջորդ օրը հաղթահարում ենք 4200մ-ից 5165մ հատվածը, որն անհամեմատելի դժվար է, քան նախորդ մետրերը: Չի բավարարում թթվածինը, լեռնային հիվանդության նշաններ են ի հայտ գալիս: Մեր խմբից ընդամենը վեց հոգի հասավ գագաթ: Բայց, փառք Աստծո, բոլորն անվնաս վերադարձան: Դա համարվում է ապահով ճանապարհ, սակայն ունի բազմաթիվ վտանգներ: Բացի հիվանդություններից, որ ասացի, տարեկան այնտեղ մահվան դեպքեր են լինում. ընկնում են բքամրրիկի մեջ, սառցակալվում են: Այդպես եղավ մեզանից հետո չեխերի հետ: Մենք միասին էինք բարձրանում, պարզապես 130 կմ/ժամ արագության քամի էր փչում, նրանք քամուց վախեցան եւ չբարձրացան: Որոշեցին հաջորդ օրը բարձրանալ, եւ ընկան բքամրրիկի մեջ:

– Նկարագրեցիք այն էմոցիաները, որոնք, թերեւս, հատուկ են բոլոր նրանց, ովքեր բարձրանում են այդ լեռը: Հետաքրքիր է, երբ իջաք, ավելի՛ն, երբ վերադարձաք Հայաստան, ունայնության, դեպրեսիայի խնդիր չունեցա՞ք: Հայաստանյան իրականությունն, ամեն դեպքում, Ձեր նշած խոհերին, մտքերին չի տրամադրում:

– «Իմ սիրտը լեռներում է»: Այսպես ասում էր Վիլյամ Սարոյանը: Երեւի նույն ձեւով ասեմ նաեւ ես, որովհետեւ իմ սիրտը մնաց լեռներում, եւ ես մինչեւ հիմա դա զգում եմ: Կյանքիս մեջ առաջացավ ուրիշ չափում, ուրիշ վեկտոր, եւ այդ ապրումները, որ ունենում ես այդտեղ՝ Աստծուն, երկնքին մերձ լինելու, Աստծո զավակ լինելու, զարմանալի զգացողություն է: Երբ իջնում ես ներքեւ, այնտեղի իրականությունը քեզ շատ տարօրինակ է թվում: Դրանից հետո մենք շրջեցինք նաեւ Արեւմտյան Հայաստանով, ունեցանք շատ այլ ապրումներ՝ մեր անտեր-անտիրական մնացած սրբավայրերի հետ կապված, բայց երբ եկա Հայաստան, անկեղծ եմ ասում, երբ նայում եմ իրականությանը (եւ մինչեւ հիմա այդ զգացողությունն ինձ հետապնդում է), տեսե՞լ եք ֆոկուսից փախած պատկեր: Այս իրականությունը կարծես ֆոկուսից փախած լինի: Զգում եմ, որ ճշմարտության առումով մենք ֆոկուսի բերված չենք: Ճշմարտությունը «աշխարհիկ հարթավայրերում» հասանելի չէ: Մարդկային կյանքում անընդհատ պիտի լինի վերելքի զգացողությունը, Աստծուն ձգտումը:

– Նկատեցիք, որ շրջելով Արեւմտյան Հայաստանի սրբավայրերով՝ դրանք չափազանց տխուր վիճակում եք տեսել:

– Գնացինք Վան, եղանք Աղթամարում, որը վերանորոգված էր եւ ուներ խնամված տեսք, բայց դա արտաքին տպավորությունն էր: Ահավոր տխրության, դատարկության զգացողություն կար. Սուրբ Խաչ եկեղեցին՝ առանց խաչի, գերեզմանաքարերի վրա մի թուրք թե քուրդ ընտանիք «պիկնիկ» էր անում: Հաջորդ օրը գնացինք Վարագավանք, որը Վանից 10 կմ հեռավորության վրա է: Տպավորությունը դարձյալ ճնշող էր: Երկար տարիներ անասնագոմի վերածված եկեղեցու խնամքը մի քուրդ ընտանիք էր ստանձնել, սակայն անմաքրության հոտը կար: Հռչակավոր այդ համալիրի յոթ եկեղեցիներից կանգուն կամ կիսականգուն են մնացել չորսը` շրջապատված քրդական տձեւ տներով: Եղանք Կտուց անապատում, որը Վանա լճի մեկ այլ կղզի է, ուր կա մի սքանչելի եկեղեցի: Երբ մոտեցանք, ականատես եղանք սրբապղծության զարհուրելի տեսարանների. ողջ եկեղեցին ներսից եւ դրսից պատված էր թուրքերեն արտահայտություններով: Փորված էր ամեն ինչ: Փնտրում են հայերի ոսկին: Խաչքարերը՝ տապալված, գերեզմանները՝ փորված, ոսկորները՝ գետնին փռված: Այս մարդիկ մեռնելուց հետո էլ հանգիստ չունեն: Հանգիստ են միայն առանց շիրմաքարերի գերեզմանները, իսկ շիրմաքարեր ունեցողները փորվում են մինչեւ այսօր: Մինչեւ այսօր մնացել է «հայերի ոսկու» հիշողությունը եւ վերածվել սեւեռուն մոլուցքի: Նույնիսկ, երբ վերադառնում էինք, թուրք սահմանապահը հարցրեց. «Ձեր պապերի ոսկին գտա՞ք»:

– Ի դեպ, պապերի, տատերի ոսկու գաղափարն ակտուալ է նաեւ հայերիս շրջանում, ում նախնիներն ապրել են Արեւմտյան Հայաստանում: Կարասով, կճուճով թաղված ոսկիների մասին շատերը հիշողություններ, պատմություններ գիտեն, եւ անգամ հույսները չեն կորցնում, որ մի գեղեցիկ օր կժառանգեն իրենց հասանելիքը:

– Այդտեղից գնացինք Մուշ, եղանք Մուշի հայկական թաղամասում, հայկական եկեղեցին շատ աղետալի վիճակում էր: Այցելեցինք հայկական գերեզմանատուն, որը պղծման նույն ճակատագրին էր արժանացել: Բարձրացանք Մշո Առաքելոց վանք. այնտեղ են Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի գերեզմանները: Ոչ մի հետք այդ գերեզմաններից չկա: Դրանք երեւի մի հարյուր տակ փորված էին: Նախորդ օրն ուխտավորների մի խումբ էր գնացել, եւ պատմում էին, որ ոսկորներն ամեն կողմ շաղ են տված, եւ ուխտավոր կանանցից մեկն ասում էր՝ վերցրեցինք ոսկորները, դրեցինք հողի տակ: Դա սարսափելի, պատմական դատարկության մի ահավոր զգացողություն էր: Եղանք նաեւ Անիում: Իսկապես Անին մի ապշեցուցիչ հոգեղեն քաղաքակրթություն է եւ մեր նախնյաց փառքի մեծագույն թանձրացումներից մեկը: Իսկ Տրդատ ճարտարապետի գլուխգործոց Անիի Մայր տաճարից ուղղակի փառավորվում է մարդու հոգին:

– Հնարավորության դեպքում դարձյալ կբարձրանա՞ք Արարատ, թե՞ իջնելուց հետո վրա հասնող ունայնության զգացողությունն ուժեղ է այնքան, որ կարող է կանխել նման ցանկությունը:

– Անշո՛ւշտ, նորից եմ ուզում բարձրանալ: Ունեմ փորձառություն, եւ կուզենայի ավելի պատրաստված բարձրանալ, եւ այն խումբը, որ հետս կտանեմ, կուզեի լիներ ավելի պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

– Տե՛ր հայր, նման բարձունքներ հաղթահարելիս՝ ընդունված է ինչ-որ հատկանշական իր թողնել, ասենք, երկրի խորհրդանիշ դրոշը կամ այլ ատրիբուտ: Դուք նման բան թողեցի՞ք:

– Գիտակցաբար այնտեղ ոչինչ չթողեցի: Սառցադաշտը տարեցտարի հալչում է, եւ ինչ էլ թողնես, վաղը-մյուս օրը կարող է ոտքի կոխան դառնալ: Փորձեցի նյութական հիշատակ թողնելու ճանապարհով չգնալ: Ամենակարեւորը՝ աղոթեցինք, Արարատի աննյութական խորհրդին հաղորդակից եղանք, որովհետեւ Արարատն՝ ինքը, ֆիզիկական չափում չէ, ֆիզիկական լեռ չէ, իր մեջ կա մի զարմանալի աննյութական խորհուրդ, որ դժվար է բացատրել: Հատկանշական էր մեր բարձրանալն այնտեղ, հետո մեզ ուղեկցող քրդերից շնորհակալական նամակ ստացանք: Ասում են, որ այս տարի երկու կարեւոր իրադարձություն է եղել. առաջին անգամ Արարատ հոգեւորական բարձրացավ, իսկ մեզնից հետո առաջին անգամ Արարատի գագաթ բարձրացավ կույր մարդ՝ ուղեկիցներով: Ես դրա մեջ ինչ-որ խորհուրդ եմ տեսնում: Տա Աստված, որ մեր հոգեւոր կուրությունը Արարատի խորհրդով մեզանից թոթափվի: