Դատավճիռն անփոփոխ է թողել

06/10/2008

Երեկ կայացած նիստում Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւանի քրեական դատարանի հուլիսի 14-ի դատավճիռը, որով Արամ Բարեղամյանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանը Երեւանի քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով եւ 112 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ»: Վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Արամ Բարեղամյանի շահերի պաշտպանը: Ըստ Վճռաբեկ դատարանի մամլո ծառայության հաղորդագրության, նույն օրը Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 4-ի դատավճիռը, որով Համլետ Աբրահամյանը Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», առաջադրված մեղադրանքում ճանաչվել էր անպարտ եւ արդարացվել, ապա ազատ արձակվել դատարանի դահլիճից: Ընդհանուր իրավասության դատարանի այս վճիռը բողոքարկել էր մեղադրող կողմը: