Շատ են ուզում

06/10/2008

«Ամերիկայի Միացյալ Նահանգները այժմ ավելի քան երբեւէ ցանկանում է աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- նախօրեին Բաքվում նման հայտարարություն է արել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Նեգրոպոնտեն: Վերջինս Ադրբեջան է ժամանել չորեքշաբթի օրը եւ հանդիպումներ է անցկացնում պաշտոնական Բաքվի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Վրաստանյան իրադարձություններից հետո ստեղծված նոր միջավայրում, այժմ ավելի քան երբեւէ, ԱՄՆ-ը ցանկանում է օգնել` գտնելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աշխատել է այս ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք հակամարտության բանակցային լուծմանը, որը սկսվում է տարածքային ամբողջականության սկզբունքից եւ հաշվի է առնում նաեւ այլ միջազգային սկզբունքներ,- ասել է Նեգրոպոնտեն` ավելացնելով,- Երկու ամիս առաջ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանի հակամարտությունները սառեցված չեն»: Նա հերթական անգամ քննադատել է Ռուսաստանին: «ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցների հետ հստակ ընդգծել է, որ պաշտպանում է Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Նեգրոպոնտեն: «Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը զգալի գին վճարեց իր գործողությունների համար միջազգային ասպարեզում, եւ հույս ունենք, որ դրա արդյունքում այժմ Մոսկվան լավ կմտածի` որեւէ այլ վայրում նման իրավիճակ ստեղծելուց առաջ»: Անդրադառնալով Ադրբեջան կատարած իր այցին` փոխպետքարտուղարը ասել է. «Ես այստեղ եմ` վերահաստատելու Միացյալ Նահանգների հավատարմությունը մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը: Ինչպես փոխնախագահ Չեյնին էր նշել մեկ ամիս առաջ Բաքու կատարած այցի ժամանակ` Միացյալ Նահանգները խորապես հետաքրքրված է Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Հարավային Կովկասի մյուս երկրների անվտանգությամբ եւ բարգավաճմամբ»: Նա հատկապես կարեւորել է Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների համագործակցությունն էներգետիկ ոլորտում եւ նշել, որ այդ գործընկերությունը խորանալու է` հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետաքրքրությունը Թուրքիա-Հունաստան-Իտալիա եւ Nabucco գազատարների նկատմամբ: