ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հայտարարեց, թե այսօր նորից շատ կարեւոր եւ արդիական խնդիր է դառնում սեփականության իրավունքի հարցը: Նրա հավաստմամբ` Լալայանց փողոցի 37 շենքի բնակիչներից արդեն շուրջ 45 հոգի բողոքել են իրեն նման հարցով, մեկ բողոք էլ ստացվել է Տերյան 25 շենքի բնակչից: «Ըստ էության, օրենքի ընդունումն էլ չի նպաստում մարդկանց սեփականության իրավունքի պաշտպանությանը: Գնահատող լիցենզավորված ընկերություններն, ըստ էության` շուկայական գներից ավելի ցածր գին են նշանակում, եւ քաղաքացիները ոչ մի կերպ իրենց իրավունքները պաշտպանել չեն կարող: Հինգ տարվա ընթացքում Հյուսիսային պողոտայի հետ կապված որեւէ քաղաքացի դատարանում գործ չշահեց, չնայած հենց առաջին գործերից մեկով՝ «Ճղլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», Եվրոպական դատարանում կառավարությունը կնքեց խաղաղ հաշտության պայմանագիր, անուղղակիորեն ճանաչելով քաղաքացու իրավացի լինելը: Դիմում եմ երկրի ղեկավարությանը, որպեսզի թույլ չտան, որ Հյուսիսային պողոտայի խայտառակությունը կրկնվի»,- երեկ հայտարարեց Ա.Հարությունյանը: Ի դեպ, նա նաեւ անդրադարձավ Հայաստանի դատական համակարգին` ասելով, թե ՀՀ-ում, ըստ էության, արդար դատաքննության իրավունք չկա: «Մենք մոնիտորինգ ենք անում, դատական պրոցեսները, մեր կարծիքը հետագայում կներկայացնենք, բայց այսօր արդեն կարող եմ հավաստել, որ եթե այսպես շարունակվի, այդ գործերի մեծամասնությունը փորձության չի դիմանա Ստրասբուրգի դատարանում»,- ասաց նա: