Եվ դարձյալ՝ E 2-E 4

06/10/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ասելիքը, որով հանդես եկավ հանրապետության նախագահը խորհրդարանում՝ սեպտեմբերի 2-ին, ամենեւին չունեցավ այն ծանրությունն ու ելքը, որն ակնկալվում էր: Այս ելույթ-ուղերձի հանդեպ հասարակության ուշադրությունն առավել ընդգծված էր նախեւառաջ համաներման սպասումից: Լավատեսները հաշվի չէին առել, որ Հայաստանի Անկախության օրվա առիթը համաներման համար չօգտագործած նախագահը դժվար թե իրեն նման քայլ թույլ տար ԱԺ ամբիոնից, որի հեղինակությունը բարձրացնել, դատելով պաշտոնավարման խիստ կարճ ժամկետից, ԱԺ նորընտիր նախագահը դեռ չի հասցրել:

ՀՀ նախագահի նախորդ ելույթները (բազեականների եւ ամերիկահայ գաղթօջախի ներկայացուցիչների առաջ) մոտավորապես ուրվագծում էին, որ այս անգամ եւս ասելիքը տեսական, խոհական երանգներ է ունենալու:

Ուղերձը, ֆորմալ քննարկումներից բացի՝ կարող էր գործնական նշանակություն ունենալ մեր երկրի կյանքում, եթե խոսվեր հայ-թուրքական հարաբերությունների հետագա եւ կոնկրետ ընթացքի մասին: Ո՛րը պետք է լինի Հայաստանի հաջորդ քայլը Թուրքիայի նախագահ Գյուլի հայտարարությունից հետո, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի՝ մինչեւ ազատագրված տարածքները Հայաստանը չվերադարձնի Ադրբեջանին: Մյուս կարեւոր հարցը, որը պարզաբանման կարոտ էր՝ ինչո՞ւ համաներում չի հայտարարում նախագահը, երբ ժողովուրդը, ընդհուպ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, միջազգային կառույցները դա են ակնկալում իրենից:

Իսկ թեմաները, որոնք փորձել էր որպես ուղերձ ձեւակերպել հանրապետության նախագահը, խոշոր իմաստով, այնքան էլ հետաքրքիր չէին, քանի որ դրանք կարող էին իրենց թույլ տալ ամենեւին ոչ երկրի նախագահի մակարդակի չինովնիկները: Բազում կարեւորագույն հարցեր անպատասխան թողնելուց հետո ԱԺ ամբիոնից հորդորել վարորդներին՝ խախտումները չանել ավտոտեսուչի կամ տուգանքի վախից, այլ՝ «որովհետեւ չի կարելի խախտում անել», երկրի նախագահի շուրթերից հնչելու համար թույլ թեմա է: Ներքին կուլտուրան, օրենքի հանդեպ հարգանքը, պետական չինովնիկների «գռփելապաշտությունն» ԱԺ ամբիոնից ուղերձի թեմա դարձնելուց առաջ «գռփելապաշտությամբ» աչքի ընկնող եւ ոչ մի պաշտոնյա աշխատանքից չի ազատվել կամ չի համալրել թափուր մեկուսարանները:

Նախագահի մյուս պնդումը, թե անբարեխիղճ աշխատողներն ազատվելու են աշխատանքից, խիստ կասկածելի ձեւակերպում է: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց կրթական համակարգում կուսակցական, գաղափարական լեկցիաներ կարդացող ուսուցիչներին ընդհուպ աշխատանքից ազատելու մասին, Համալսարանում իրենց դասաժամերից զրկվեցին իշխանությունների ոչ բոլոր քայլերին համաձայն մի շարք պրոֆեսիոնալ կադրեր: Իսկ երբ մամուլում հայտնվեցին կոնկրետ փաստեր, երբ դպրոցի տնօրեններն ուղղակի թելադրում են ծնողներին քվեարկել հօգուտ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի, ոչ մի տնօրեն այդպես էլ չտեսավ վարչապետի ցասումի դրսեւորումը եւ չազատվեց աշխատանքից:

«Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀ-ում չի կարող պետության գործառույթներն իրեն վերագրել»: «Պապլավոկում» Պողոս Պողոսյանի սպանությունից հետո, երբ հայտնի էր մարդասպանը, դատարանը նրան պատժելու որոշում չկայացրեց: Հիմա՝ այդ մարդասպանը հիմքեր չունի՞ իրեն անպատժելի համարել: Երբ մարտի մեկին տասը անմեղ մարդ զոհվեց՝ հրազենային վնասվածքներից, եւ, փաստորեն, տասը մարդասպան ազատ շրջում են մայրաքաղաքի փողոցներով, եթե չասենք՝ հանգիստ իրենց կաբինետներում նստած են. այս մարդիկ ունե՞ն հիմքեր իրենց անպատժելի համարել: Կարո՞ղ են իրենց անպատժելի համարել թեթեւաբարո, սակայն կուսակցական տոմս ունեցող կանայք եւ նրանց հովանավորող պաշտոնյաներն՝ իրենց թիկնապահներով, որքան էլ նախագահը չվստահեցնի, որ այդ երեւույթներն իր համար անհասկանալի կամ անընդունելի են: Փոխարենը, կարծես, հասկանալի ու ընդունելի է, երբ առանց հիմնավորման՝ անազատության մեջ են պահվում անմեղ մարդիկ:

Փողոցում սեփական բազուկներով հարցեր լուծող պաշտոնյան կամ պատգամավորը առաջին անգամ չէ, որ նախընտրում են ինքնադատաստանը՝ պետության արդարադատությունից եւ, հասկանալի է, անպատիժ մնում: Ընդ որում, նախագահն ինքն էլ շեշտեց, որ դա արմատավորված, հետեւաբար՝ իր համար ոչ նոր երեւույթ է: Եվ ուղերձի այդ հատվածի անհրաժեշտությունն ամենեւին չէր լինի, եթե իր անհամաձայնությունը նման երեւույթների դեմ գործնական եւ տեսանելի լիներ:

«Աշխարհում շուրջ տասը միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի տասը միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք, եթե լիովին սթափվենք»: Տասը միլիոն դեսպանի մասին զրույցները մի փոքր չափազանցված են. նախկին նախագահը հեռանալուց առաջ հասցրեց իրենց դիվանագիտական ռանգից զրկել նախագահական ընտրությունների անցկացման դեմ անհամաձայնություն հայտնած մի շարք դեսպանների, հյուպատոսների:

«Հայկական հրաշքի» տեսլականը, որի մասին ուղերձում նշեց նախագահը, անխոս, իրագործելի է, եթե որպես համեմատության օրինակ՝ դիտարկենք փոքրամարմին, բայց ազգությամբ չին ծանրամարտիկի օրինակը. ծանրաձողը երկրորդ մոտեցմամբ բարձրացնելու հոգեբանական վերլուծությունը, որ արեց Սերժ Սարգսյանը, իսկապես հետաքրքիր էր: Սակայն անհամեմատ հետաքրքիր եւ համոզիչ կլիներ բերել նման օրինակ հայաստանյան իրականությունից: Մասնավորապես, եթե երկրի նախագահը ճիգ գործադրեր եւ գոնե երկրորդ հրումից փորձեր հաղթահարել իր բաժին ծանրաձողը եւ դժվարությամբ, սակայն ստորագրեր այնքան սպասված եւ այնքան անհրաժեշտ համաներումը:

Սակայն դատելով բերված օրինակից՝ դրա համար առնվազն պետք է լինել չինացի: