Գոհ են «բարի ցանկությունների հրովարտակից»

06/10/2008

ԱԺ խմբակցություններից միայն «Ժառանգությունն» էր, որին ոչ ամբողջությամբ, սակայն չէր գոհացրել նախօրեին ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ուղերձը: «Ժառանգության» անդամները հատկապես դժգոհ էին, որ ուղերձում անդրադարձ չկար մարտի 1-ի դեպքերին:

Խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, օրինակ, երեկ հայտարարեց, որ հնչած ուղերձը որպես երեւույթ գնահատելի է, սակայն այն լուրջ ակնկալիքները, որ ինքն ուներ` չիրականացան: «Շատ լուրջ խոսակցություններ կային, որ երկրի նախագահը իր ուղերձում հայտարարելու է համաներման մասին, որը վերաբերելու է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անազատության մեջ գտնվող գործիչներին: Մենք սպասում էինք դրան, բայց դա չեղավ, եւ չհասկացանք, թե ինչու: Ուղերձում պետք է լինեին շատ ավելի որոշակի գործողություններ ակնկալող հայտարարություններ, սակայն ես լսեցի բարի ցանկությունների հրովարտակ»,- ասաց Ա. Բախշյանը: Վերջինիս հավաստմամբ, ինքը հնարավոր համաներման մասին խոսակցություններ լսել էր նախագահին շատ մոտ կանգնած մարդկանցից: Ա. Բախշյանի` ուղերձում տեղ չգտած հաջորդ ակնկալիքը վերաբերում էր Վերահսկիչ պալատի վերջին աղմկոտ հաշվետվություններին: «Նախագահը պետք է իր տեսակետն ասեր այդ կապակցությամբ, ասեր Սյունիքի մարզպետի գործողությունների մասին, ասեր, որ իրեն սատարող մեծահարուստները մուծել են բոլոր հարկերը, եթե դա այդպես է: Բայց մենք դա չլսեցինք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ ուղերձում խոսք չկար մարտի 1-ի մասին, հաշվի առնելով նաեւ այն, որ 10 մարդու սպանության մեղավորները մինչ օրս բացահայտված չեն, Ա. Բախշյանը պատասխանեց, թե դա իր համար շատ զարմանալի է։ «Այդ դեպքերի արդյունքում զոհեր ու վիրավորներ ունեցած ընտանիքները չեն ապրելու ուղերձում նշված մտքերով եւ ավելի չեն սիրելու այս երկիրը»,- հայտարարեց նա: Իսկ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, թե լռության մատնելով մարտի 1-ի թեման` իշխանությունները դառնում են այդ հանցագործությունների մեղսակիցը: «Այն անօգնական բացատրությունները, որ լինում են հանձնաժողովում, չեն կարող պատասխան համարվել հարցին, թե ինչո՞ւ մարդասպանները բացահայտված չեն: Եթե չի պատժվում մարդասպանը, եւ նա մեր մեջ է, եթե չեն բացահայտված 10 զոհերի համար մեղավոր մարդասպանները, նշանակում է՝ դրա շարունակությունն է նաեւ վերջին օրերին ծեծելով մարդ սպանելու դեպքը: Պետությունը պետք է ցույց տա, որ պատրաստ է պաշտպանել իր քաղաքացուն նման բիրտ ուժից եւ կամայականությունից»,- նկատեց Լ. Ալավերդյանը:

Իսկ արդյո՞ք ուղերձում հնչած մտահոգությունները վերացնելու հարցում «Ժառանգությունն» իր մասնակցությունն ունենալու է: Այդ հարցին ի պատասխան՝ Ա. Բախշյանը պատասխանեց, թե այն բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են երկրում օրինականության հաստատմանը, իրենք մասնակցելու են, դիտորդ չեն լինելու եւ աշխատելու են նախագահի հետ:

Երեկ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ դիտողություններն ու դժգոհություններն այսքանով սահմանափակվեցին: Դրանց հետեւեցին «գոհունակություններն» ու դիֆերամբները: Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատմամբ` ուղերձում բերված խնդիրներն այժմեական են եւ արտահայտում են իշխող կոալիցիայի կուսակցությունների նպատակներն ու ընդհանուր մոտեցումները: Ավելին, ըստ նրա` ուղերձի որոշ դրվագներ խիստ համահունչ են իրենց կուսակցության 2006թ. ծրագրին: «Ուղերձը հաջողված է եւ քաղաքական ուժերին աշխատանքի է մղում»,- ասաց նա: Հարցին, թե ՀՀ իշխանություններն արդյոք համաներում կշնորհե՞ն քաղբանտարկյալներին` հաշվի առնելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի միջանկյալ զեկույցը, որով նա կոչ էր անում անհապաղ ազատ արձակել բանտարկյալներին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե ԵԽ ԽՎ բանաձեւերի կատարման վերջնաժամկետը լրանում է հունվար ամսին, եւ իշխանություններն ունեն բավարար կամք դրանցում առկա պահանջները կատարելու համար: Ինչ վերաբերում է համաներման հնարավորությանը, ապա Ա. Սաֆարյանի կարծիքով` դա երկրի նախագահի գործն է, իսկ «նախագահի գործին միջամտել մինչ օրս ոչ մեկի մոտ չի ստացվել»:

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ուղերձից կարեւորում էին հատկապես «հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտության, տարբեր գործիչների հասցեին անձնական վիրավորանքներից զերծ մնալու», նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, առաջիկա հինգ տարում աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելու, Անվտանգության խորհրդի դերի բարձրացման, ԱԺ դերի բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին ընդգծումները: Մի խոսքով, նրանց կարծիքով, ուղերձում անկարեւոր բան չկար: Ինչ վերաբերում է ուղերձում` մարտի 1-ի դեպքերին որեւէ կերպ չանդրադառնալու հանգամանքին, ապա Հ. Մարգարյանն ասաց, թե քանի դեռ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ավարտված չէ, ոչ ոք չպետք է գնահատականներ տա:

Ուղերձից գոհ է նաեւ ՀՅԴ-ն: Բնականաբար: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի հավաստմամբ` «այն ընդգրկում էր մեր կյանքի բոլոր ոլորտները»: Բավական ուշագրավ էր Հ. Կարապետյանի պատասխանն այն հարցին, թե ինչո՞ւ ուղերձում անդրադարձ չկար մարտի 1-ի դեպքերին: «Երբ խոսք է գնում քաղաքական ուժերի համախմբման մասին, երբ խոսք է գնում Հայաստանում կայունությունը, առողջ քաղաքական պայքարը պահպանելու մասին, ես կարծում եմ, այդ ամենը ուղղակիորեն կապված է հենց մարտի 1-ի եւ արմատական ընդդիմության գործունեության հետ»,- հայտարարեց նա: Ավելի դաշնակցական պատասխան, իհարկե, դժվար էր ակնկալել:

Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի կարծիքով` Ս. Սարգսյանի ուղերձը երկխոսություն էր հասարակության հետ: Թե ինչում էր արտահայտվում մենախոսության ձեւով ներկայացված այդ «երկխոսությունը»` հանրապետական պատգամավորը չմանրամասնեց: