Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Ռաուլ Մարկեսի դեմ հոկտեմբերի 4-ին կայանալիք մարտին: «Ե՛վ տեխնիկապես, եւ՛ տակտիկապես լիովին պատրաստ եմ մարտին, եւ ջանք չեմ խնայի այս անգամ եւս հաղթանակի հասնելու համար»,- «Արմենպրեսի» հետ զրույցում երեկ ասել է Ա. Աբրահամը: Նրա խոսքով, ինքն ամբողջովին ուսումնասիրել է մրցակցին` իր համար պարզելով Ռ. Մարկեսի թույլ եւ ուժեղ կողմերը: Մարտից հետո, ինչպես միշտ, Ա. Աբրահամը նախատեսում է իր հաղթանակը տոնել Հայաստանում` տեղի երկրպագուների հետ: Նշենք, որ Ա. Աբրահամը յուրաքանչյուր մարտից հետո իր ձեռնոցներն աճուրդի է հանում, որից ստացված միջոցներն օգտագործվում են բարեգործական նպատակներով: Բռնցքամարտիկը հիմնականում գումարը տրամադրում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Այս անգամ եւս նա մտադիր է ձեռնոցներն աճուրդով վաճառել, որից ստացված գումարը հատկացնելու է Գերմանիայում գտնվող հիվանդանոցներից մեկին՝ Չեչնիայի պատերազմում վիրավորված երեխաների բուժման համար: