Կրկնակի դավաճանության բանաձեւ

06/10/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Սա դավաճանության այն հազվագյուտ որակներից է, որ առանձին ուսումնասիրության նյութ կարող է ծառայել եւ իրավամբ կոչվել հիմնադրի անունով՝ արթուրբաղդասարյանական, քանզի այն պտույտներն ու մեխանիզմները, որ նա՛ մտցրեց այս հասկացության մեջ, աննախադեպ են։

Մի առիթով Էբներ-Էշենբախը նկատել է. «Զգուշացիր այն մարդուց, որը պարծենում է իր առաքինություններով»։ Սակայն մեր իրականության մեջ իմաստնությունները տեղ չունեն, եւ գործնականում մենք դժվարանում ենք դրանց հետեւել, քանի որ պարծենկոտ մարդու առաքինություններին ավելանում է նրան իսկապես առաքինի տեսնելու նաեւ մեր ցանկությունը, եւ մեզ թվում է, թե դա բավական է, որ իրականությունն ընդունի այն պատկերը, որը մեզ ձեռնտու է։ Եվ որքան շատ է մարդն ինքնագովասանքով զբաղվում, այնքան ավելի ենք հմայվում նրանով, ավելի ճիշտ՝ այնքան ավելի ենք հիմարանում նրանով, ի վերջո, կորցնում սեփական եսն ու մնում ձեռնունայն։

Թող ներվի ինձ, բայց ես կրկին ուզում եմ շեշտել հենց «հիմարանալ» բառը։ Արթուր Բաղդասարյանը երբեք չի եղել խարիզմատիկ կերպար ու երբեք էլ չի կարող լինել, քանի որ ինքնասիրահարված մարդու փնտրածը ոչ այլ ինչ է, քան մի հայելի, ուր սոսկ սեփական պատկերն է երեւում։ Փառասիրությունը նրան դարձրել է ինքնադավ, որն ամենեւին չի խանգարում ինքնասիրահարվածությանը. սրանք հետաքրքիր զույգեր են, քանի որ ինքնասիրահարվածությունը կապ չունի ինքնասիրության հետ, այլապես սույն խոսքը կարող էր պարադոքսալ հնչել։ Նրա ինքնադավությունն արտահայտվում է ոչ թե նրա համար սովորական դարձած խոսքի եւ գործի հակադրությամբ, երբ գործով ժխտում է սեփական խոսքը, այլ նրանով, որ ոչ միայն խոսքով փորձում է ուրիշներին հավատացնել, այլ նախ եւ առաջ ինքն է հավատում իր խոսքին։ Այնուհետեւ նրա համար կարեւոր չէ, թե ինչպես է այդ խոսքը վերածվում գործի եւ վերածվո՞ւմ է, արդյոք, քանի որ նրա համար խոսքն ու գործը միանգամայն տարբեր բաներ են, եւ նրա խոսքը հենց խոսքի մեջ ու այդքանով է գործ, իսկ գործը խոսքից անջրպետված է ժամանակով, որը, կարծես թե, նրա համար մոռացության պատնեշի դեր է կատարում, եւ նա հաճախ ազնվորեն զարմանում է, թե ինչո՞ւ են իրենից դժգոհ, երբ ինքը շատ լավ բաներ է ասել ժամանակին. մի՞թե պարտավոր է թե՛ ասել, թե՛ ասածն անել։

Եվ ահա, դավաճանության անիվը եւս մի պտույտ է գործում, եւ նրա դավաճանությունը տարածվում է գործընկերների ու կուսակիցների վրա։ Հիմա էլ զարմացողները նրանք են. թե ինչպե՞ս կարող է մարդ դավաճանել իր հիմնած կուսակցությանը… Սակայն մի՞թե կուսակցությունը նրա համար չէ հիմնված, որ, ինչ էլ լինի, ծափահարի առաջնորդին, իսկ չհասկացողների համար ելքի դուռը միշտ էլ բաց է։

Հիշյալ անիվը դեռ մի պտույտ էլ չարած՝ սույն գործիչը դավաճանում է եւ ժողովրդին, որին հմտորեն կարողանում է խաղի մեջ քաշել ու հավատացնել, որ իր բարեմասնությունները դնովի չեն եւ մինչեւ վերջ հետամուտ է լինելու արդարությանն ու ժողովրդի հաղթանակին։ Նա անցյալ ու ներկա իշխանություններին եռանդով թաթախում է ցեխն ու հանում, իսկ նրա սրտաճմլիկ ուղեկցուհին էլ, իր հերթին, կուրծք ծեծելով՝ ջանք չի խնայում ապացուցելու, որ իր վերադասից լավը չկա, որ նա ծնվել է հենց ժողովրդին ծառայելու, սակայն խոսքները բերանում սույն հերոսները շտապում են սեղմել իրենց մեկնված այն ձեռքը, որ խոսքով պատրաստ էին անգամ կտրել (հե՜յ գիտի, Հակոբ Պարոնյան, ինչե՜ր ես կորցրել)։ Ասում են, սուտը բացվում է քառասունքի մեջ, սակայն սույն սուտը քառասունք ապրելու բախտ էլ չունեցավ։ Այն, որ Արթուր Բաղդասարյանը նախագահական աթոռի երազանք էլ չուներ, ապացուցվեց ետընտրական «նախագահական» առաջին իսկ ձեռքսեղմումից։ Եվ ահա հարկ եղավ մի սուտը ծածկել այլ ստով, իբրեւ թե հիշյալ ձեռքսեղմումը սույն գործչի կողմից զոհողություն է հանուն ժողովրդի։ Դե ժողովուրդն էլ, գուցե եւ թերահավատ, այնուամենայնիվ, սպասում է դրա ապացույցին. ի վերջո՝ ի՞նչ կանի պալատական իշխանիկն իր համար. գուցե նա հեքիաթի այն արքայազնն է, որ, մտնելով արքունիք, կխառնի այնտեղ խաղաքարտերը եւ սպիտակ ձիով դուրս կգա այնտեղից իրեն ընդառաջ, սակայն, ի հիասթափություն ժողովրդի, հեքիաթները շարունակում են մնալ գրքերի էջերում, իսկ արքայազնները՝ պատմական անցյալում, եւ, բնականաբար, ժողովուրդը նման հրաշքի ականատես չի լինի, չի լինի, քանի որ հավատարմության երդում տալը սույն գործչի դեպքում նշանակում է հենց դավաճանություն, իսկ հրապարակավ մեկին պախարակելը՝ հավատարմության երդում վերջինիս։

Այստեղից վերջանում է հիշյալ գործչի ինքնադավությունը, եւ սկսվում ինքնասպանությունը. կարելի է դավաճանել ինքն իրեն, կարելի է դավաճանել եւ ցանկացած իշխանության, սակայն ժողովրդին դավաճանելը հավասարազոր է ինքնասպանության։ Ժողովուրդը լավ հիշողություն ունի, եւ նրա համար խոսքն ու գործը կշեռքը հավասարակշռող նժարներ են, ինչի մեջ խարդախելը նա երբեք չի ների, եւ որքան էլ ցանկանա կամ չցանկանա Արթուր Բաղդասարյանը, որքան էլ նրա քիմքով չլինի, նրանից միշտ հաշիվ են պահանջելու եւ հիշեցնելու են իր չկատարած խոստումները եւ մատնացույց են անելու այն կեղտաջուրը, որ նա եռանդով թափում էր իշխանությունների գլխին։ Ի վերջո, ժողովուրդը ոչ ոքի հետ «տուն-տունիկ» չի խաղում, որ նա կամ նրա նմաններն ասեն՝ հիմա էլ մամայի ու պապայի տեղերը փոխում ենք։ Կամ՝ մի՞թե ժողովուրդը մեղավոր է, որ պահանջում է այն, ինչ իրեն խոստացվել է. չէ՞ որ նա դրա համար վճարել է՝ իր ձայնով ու հավատով. վճարել է ու դիմացը ոչինչ չի ստացել։ Եվ ժողովուրդն իրավացիորեն սպասում է…

Կարելի է խոստանալ ամեն ինչ, անգամ անհնարին թվացողը կամ անհնարինը, սակայն երբեք չպետք է մոռանալ, թե ինչ է խոստացվել, եւ, քարն էլ ճաքի, գնալ խոստման ետեւից, այլապես պետք է խոստանալ այն, ինչ իսկապե՛ս կատարվելու է։ Սրանով հանդերձ, թող տպավորություն չստեղծվի, թե հիշյալ գործիչը կորցրել է ամեն ինչ, եւ ժողովրդի չներելն առանձնահատուկ դերակատարություն ունի նրա կյանքում. դա սոսկ վիրավորում է նրա նարցիսական հոգեկերտվածքը, ոչինչ ավելի, փոխարենը՝ նա կրկնակի դավաճանությունների հեղինակ է, որն ամենեւին էլ չի խաթարել նրա նարցիսական կուսության դիմագիծը, եւ հենց այդ կուսության դիրքերից ելնելով էլ՝ անմեղորեն զարմանում ու բողոքում է չհասկացվածությունից։

Իրականում նա թե՛ սկզբունքային է, թե՛ անդավաճան եւ հավատարիմ է իր միակ սկզբունքին՝ լինել իշխանության մեջ, իշխանության հետ եւ հանուն իշխանության։ Ընդ որում՝ սեփական արժանապատվության գնով ապացուցել անժխտելի նվիրվածություն եւ հավատարմություն հենց իշխո՛ղ իշխանություններին, իսկ մյուսների հանդեպ մի՞թե նա պարտքեր ունի, եւ մի՞թե նա մեղավոր է, որ իշխանությունները փոխվում են, իսկ ինքը մնում է։ Այդ փոխվա՛ծ իշխանություններն են, որ չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ Արթուր Բաղդասարյանը հավատարիմ է իշխանությա՛նը, ինչպիսին էլ լինի այն, եւ ո՛վ էլ լինի։ Սույն պարագայում իսկապե՛ս արդարացուցիչ է նրա զայրույթը. մի՞թե նա երբեւէ դավաճանել է իշխանությանը. ո՛չ, նման բան չի եղել. նա հավատարիմ է եղել թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, թե՛ նրան, ով կհաջորդի ներկայիս նախագահին, հավատարիմ է այն պահին, երբ նրանք իշխում են, իսկ այնուհետեւ՝ ո՞վ են նրանք…

Ահա եւ նետված է հաղթաթուղթը. ով համարձակվում է՝ թող վերցնի այն…