Ձեր թաղապետը՝ Ձեզ օրինակ

09/06/2005 Ջեմմա ԿՆՅԱԶՅԱՆ

Օրերս օրաթերթերից մեկում ձոն էր նվիրված Մալաթիա-Սեբաստիա համայնքի
ներկայիս թաղապետ Աղվան Գրիգորյանին։ Կարդալուց քիչ էր մնում արցունքներ
հոսեին աչքերիցս՝ ծիծաղից։ Տիկին Անահիտի խոսքերից ելնելով կարելի է
կարծել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնք է եկել մի նոր Մեսիա։ Երազանքը որպես
իրականություն ներկայացնելը պատիվ չի բերում գրագետ մարդուն։ Զուռնա-դհոլի
բարձր երաժշտությունը չի կարող խլացնել գործազուրկ եւ կիսաքաղց մարդկանց
բողոքը։ Երեւան քաղաքի ամենամեծ եւ հարուստ համայնքներից մեկը՝
Մալաթիա-Սեբաստիա համայնքը, որն ունի հարյուր հազարից ավելի բնակչություն,
այսօր զրկված է մարդու իրավունքի էլեմենտար պաշտպանությունից։
Հոդվածում փաստվում էին անբարեկարգ տանիքների, ոռոգման փտած ցանցերի եւ
թալանված վերելակների վերանորոգման մասին սին հաղորդագրություններ։ Դիտենք
իրական փաստերը։ 31.05.2005թ. ժ 14-ի սահմաններում Օհանովի N32 մեկ
մուտքանի շենքի վերելակը պոկվել-ընկել է նկուղային հարկ։ Բարեբախտաբար
զոհեր չկան։ Օհանովի 66 շենքի վերջին հարկի բնակիչներին 12 փաթեթ իզիոգամի
(տոլի) փոխարեն տրվել է 9 փաթեթ։ Բնակիչները բողոքում են, որ մուտքերում
ստիպված են հովանոցներով անցնել բնակարանից բնակարան։ Հիմա էլ
ասֆալտապատվում են Շերամի, Րաֆֆու, Սվաճյան փողոցների մասնակի հատվածները։
Հավանաբար սկզբունք է դարձել կարկատան անել, ինչպես ասֆալտը, այնպես էլ՝
տանիքները ընտրությունից ընտրություն։ Հարց է ծագում՝ ինչո՞վ էր զբաղված
պարոն թաղապետն անցած վեց տարիների ընթացքում, եւ ինչո՞ւ է սկսել մարդկանց
կաշառել, իբր անցած բնակվարձերի եւ գոյություն չունեցած ջեռուցման վարձերի
զիջման խոստումներով։ Պատկերացրեք միայն, թե ինչ թվեր են կազմում այդ
զիջումները, եւ եթե այդ գումարը կա համայնքում, ինչի՞ վրա է ծախսվել անցած
վեց տարիների ընթացքում եւ ինչո՞ւ չի նպաստել համայնքի բնակիչների
կենցաղային հարցերի լուծմանը։ Համայնքի բնակելի շենքերի բոլոր մուտքերը
վերանորոգման կարիք ունեն։ Կոտրված եւ հանված են բոլոր մուտքերի
պատուհանները եւ դռները։
Միայն ծառուղիներ եւ զբոսայգիներ հիմնելով մարդկանց պրոբլեմները չեն լուծվում։
Աղվան Գրիգորյանը ներկայացված է որպես «ոչ կաբինետային» ղեկավար։ Համաձայն
եմ, նրան երբեք չեք հանդիպի կաբինետում, նա ժամանակին հասցնում է դուրս
փախչել կաբինետի մյուս դռնով, որպեսզի չհանդիպի բնակիչներին։
Մեջբերված էր նաեւ Բ-2 թաղամասի բնակիչ պրն Վ. Աբրահամյանի կարծիքը
թաղապետի թեկնածուի «ստահոդ եւ կեղծ» խոստումների մասին։ Այո, համաձայն
ենք, որ հոդվածում կարծիք հայտնողները կեղծ են իրենց հայտարարությունների
մեջ, եւ դեռ հարց է, թե պրն ներկայիս թաղապետն ինչ խոստումներ է տվել
վերոհիշյալ տկարամիտ եւ միամիտ կարծիք հայտնողներին, որոնք թաղապետից
փշրանքներ ստանալու հույսով վիրավորում են ստից ձանձրացած, ցուցադրական
ելույթներից հոգնած, բայց անկեղծ ընտրողներին։