Նե վերյու

02/10/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երեկ իրանական աղբյուրները հաղորդեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Քորդանը խոստովանել է, որ իր ունեցած Օքսֆորդի համալսարանի դիպլոմը կեղծ է: Մոտ օրերս Իրանի կառավարությունը կքննարկի նախարարի
հրաժարականի հարցը:

Իսկ հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, երբ պարզվի, որ հայաստանյան որեւէ պաշտոնյա ունի բարձրագույն հաստատության կեղծ դիպլոմ… Ոչ մի բան:

Որովհետեւ հայաստանյան այսօրվա պաշտոնյաների գերակշռող մասը դիպլոմը եւ, առհասարակ` բարձրագույն կրթությունը ստացել է բալզակյան տարիքում, իբր թե «հեռակա» ուսուցման արդյունքում: Այսինքն` վերոնշյալ դիպլոմները կամ կեղծ են, կամ` գնված, կամ «զաստավիտով» ստացած: Դրա մասին գիտի ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Եվ հենց այս ամենն իմանալով է նաեւ, որ վարչապետն ամեն շաբաթ իր կառավարության անդամներին կոչ է անում գիտելիքներ ձեռք բերել եւ փորձում է ինչ-որ բան սովորեցնել նրանց: Չէ՞ որ իր աշխատակիցների գիտելիքների եւ ինտելեկտուալ հնարավորությունների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանից ավելի լավ ոչ ոք չի իմանա: Իսկ հրաժարականի մասին խոսք լինել չի կարող: Մենք հո հետամնաց պարսիկներ չե՞նք, որ «կակոյ-նիբուձ լեւի դիպլոմի» համար հրաժարական տանք: Իսկ կեղծ դիպլոմը մեզ համար արտառոց երեւույթ չէ այն պարզ պատճառով, որ մեզ մոտ ամեն ինչն է կեղծ` դատական ցուցմունքները, հարեւանի ժպիտը, ենթակաների հավատարմության երդումները, ընտրությունները, օրենքները, ընդդիմությունը, վիճակագրությունը, սոցիալական հարցումներն՝ իրենց «ռեյտինգներով», լուրերը, անհավատների եկեղեցի այցելությունը, կուսությունն՝ իր «կարմիր խնձորներով», կուսակցական գաղափարախոսությունները, անգամ ամուսնությունները: Այս ամենն այնքան կեղծ է, որ դա զգացել են նաեւ դրսում: Դրա համար էլ Եվրոպան մեզ մոտ կեղծ դիտորդներ է ուղարկում, որոնք ոչ թե իրենց գործով են զբաղվում, այլ ընտրությունների օրը ռեստորաններում եւ գառնի-գեղարդներում անկեղծ զվարճանում են: Կեղծիքի այս մթնոլորտը այնքան է ներխուժել հայ իրականություն, որ բազմաթիվ դեֆիցիտներին գումարվել է նաեւ անկեղծության դեֆիցիտը: Եվ 30 արծաթի մասին Տիգրան Թորոսյանը պատահաբար չհիշեց: Համոզված եմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նրա վաղեմի կուսակիցները հերթական քեֆերի ժամանակ Տիգրան Թորոսյանի կենացը խմելիս «անկեղծ դիֆերամբներ էին» ձոնում նրան: Իսկ այսօր «նպատակահարմար» կենաց խմողները աննպատակահարմար գտան իրենց կուսակցական ընկերոջ պաշտոնավարումը: Այս պարագայում «աննպատակահարմարության» նպատակն էր անկեղծ` խմբակցության ղեկավարի տեղ է բացվում: Իսկ հայկական շոու-բիզնեսի «աստղերը» ոչ միայն ֆոնոգրամայով են երգում` հիմարի տեղ դնելով հանդիսատեսին, այլեւ ընտրություններում կեղծ աջակցություններ են հայտնում այս կամ այն թեկնածուին: Սխալված չեմ լինի՝ պնդելով, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ իշխանական թեկնածու, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության, մեր «աստղերի» 98%-ը կպաշտպաներ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իհարկե, կրկին կեղծ, ինչպես դա Սերժ Սարգսյանի դեպքում էր: Որովհետեւ նրանք պաշտպանում էին ոչ թե Սերժ Սարգսյան քաղաքական գործչին կամ անհատին, այլ այդ պահին նրա զբաղեցրած պաշտոնը: Ի դեպ, շոու-բիզնեսի ներկայացուցիչները կեղծիքի ամենավառ արտահայտումն են: Քանզի եթե թողնես՝ իրար «փոր կթափեն»: Մեջքից միմյանց մասին ամենավերջին հայհոյանքներն ու բամբասանքներն են տարածում, բայց իրար տեսնելուն պես բացառապես «պաչիկ-պուչիկներով» են շփվում: Սակայն սա ամենասարսափելին չէ, քանզի նրանցից ոչինչ կախված չէ (ընդհակառակը, նրանք են կախված բոլորից` գործիքավորողից սկսած, մանր-մունր օլիգարխներով վերջացրած): Ամենասարսափելին կեղծ հավատքն է: Անգամ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը չնպաստեց, որպեսզի մենք քրիստոնյա դառնանք: Մեր գործընկեր Արթուր Սահակյանի հետ պատահած դեպքը դրա վառ օրինակն է: Համոզված եմ, որ 35-ամյա երիտասարդին սպանած «կենդանիները» ոչ միայն եկեղեցի են գնում, այլեւ մոմ են վառում, քավոր են կանգնում, կնքում եւ կնքվում են: Այս ամենը մեկ անգամ եւս ապացուցում է, որ կեղծ հավատացյալների քանակն անսահման է: Այս համատարած կեղծիքի մեջ բնավ զարմանալի չէ, երբ պատգամավորության թեկնածուներն ընտրություններից առաջ կեղծ տվյալներ են ներկայացնում իրենց ունեցվածքի մասին, երբ օլիգարխները կեղծ հայտարարագրեր են ներկայացնում իրենց եկամուտների մասին, երբ հայկական սերիալների դերասանները կեղծ են խաղում, երբ դպրոցների տնօրենները կեղծ հայտարարություններ են անում, թե իբր երեխաների ծնողներից գումար չեն հավաքում, երբ բարձրաստիճան չինովնիկները կեղծ քննություններ են անցկացնում եւ հայտարարում, որ Լիսկան երեխա չի ծեծել, երբ…:

Եվ ստացվում է այնպես, որ Հայաստանում հնարավոր է կեղծել ամեն ինչ… բացի կեղծիքից: Պարզապես այսօր Հայաստանում չկա Ստանիսլավսկի, որպեսզի այս ամենին ասի. «Նե վերյու»: