Պատմական թեւավոր խոսք

02/10/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Պարզվում է, թեւավոր խոսքերը ծնվում են ժողովրդի համար պատմական շրջադարձային պահերի, եւ այսօր, ի բարեբախտություն թե ի դժբախտություն մեզ, այդ շրջադարձի ականատեսն ու մասնակիցն ենք։

Մեր նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր պատեհ-անպատեհ առիթներով մեջբերումներ է անում անցյալի գոհարներից, եւ այդ մեջբերումների պաշարն այնքան է ավելացել, որ նա արդեն չի կողմնորոշվում, թե որտեղ ծախսի դրանք, ինչպես այն փողատերերը, որ շփոթված իրենց հարստության ավելցուկից, մեքենայի վրա մեքենա են գումարում, տան վրա՝ տուն, ստամոքսի վրա՝ ստամոքս, եւ այլն։ Այսպես ծնվում են քրոնիկական հիվանդությունները, եւ մենք ստիպված ենք ձեռքներս թափ տալ դրանց բուժման ուղիները որոնելու վրա։ Պարզվում է, մեր ժողովուրդն այնքան անգիտակից ու անշնորհակալ է, որ իր մեծերին գնահատելու կամք ու ցանկություն չունի եւ համառորեն շարունակում է մերժել էքսնախագահ պարոն Քոչարյանին, նրա մեջ չնկատելով դաստիարակչական այն մեծ ոգին, որ նա կիրառել է անհասկացող ժողովրդին խելքի բերելիս։ Եվ ահա, ժողովրդի «հոգու մեջ մտած» վարչապետը փորձում է խրատել ժողովրդին՝ գնահատելու մեծերի արժանիքները եւ հատկապես նրա՝ «Քոչարյանի անունը հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրելու» անհրաժեշտությունը։ Սա այնքան ապշեցուցիչ չէր լինի, եթե չլիներ այդքան անհեթեթ։ Եթե անգամ ընդունենք, որ Քոչարյանը լավագույն նախագահ է եղել, այդ ի՞նչ շտապողականություն է նրա կամ որեւէ մեկի անունը պատմության էջերում շուտափույթ ոսկե տառերով արձանագրելու. եթե նա այնպիսի նախագահ է եղել, որ հավակնում է այդ պատվին, ապա թող բարի լինի պատմության դատաստանի առջեւ կանգնելու եւ լսելու այն գնահատականները, որ կտա այդ դատաստանը. կարո՞ղ է, արդյոք, կրել այն փշե պսակը, որ ոսկով պիտի զարդարի նրա ճակատը. ինքը՝ Քոչարյանը, պատրա՞ստ է դրան, թե՞ ոսկե տառերը հանքից սկուտեղով են մատուցում ոսկու գինը լավ իմացողին։ Ցավոք, մեջբերումներն ու թեւավոր խոսքերը դեռ գիտելիքի ապացույց չեն. դրանք դեռեւս պետք է անցնեն կիրառողի գիտակցության միջով եւ համապատասխան վերլուծություններից հետո կիրառվեն տեղին ու անառարկելի. հենց այնպես արձակված գնդակը հաճախ դիպչում է հենց արձակողին։ Այստեղ անձնական համակրանքների հարց չկա։ Երկրի վարչապետը թե այլ պաշտոնյա կարծիք արտահայտելուց պետք է հենվի ժողովրդի եւ ոչ թե սեփական հետաքրքրությունների ու շահերի վրա. նա կարող է ժողովրդից տարբեր կարծիք ունենալ որպես մասնավոր անձ, սակայն հրապարակավ պարտավոր է ժողովրդի շահերից ու դիրքերից հանդես գալ. հենց դրա համար էլ նա զբաղեցնում է տվյալ պաշտոնը։ Ամեն ոք կարող է իրեն թույլ տալ անլուրջ եւ չկշռադատված, պատահական արտահայտություններ, բացի երկրի բարձրագույն իշխանություններից։ Եթե Քոչարյանն այն պատմական անձն է, առանց որի ժողովուրդը չի կարող ճամփա գնալ, ապա ժողովուրդն ինքը կգնա դեպի նա. նման հարցերում ժողովրդին համոզելու կարիք չկա։ Եթե իրականում նա ա՛յդ պատմական անձն է, ապա պետք է գիտակցի ու հասկանա պաուզա պահելու անհրաժեշտությունը, մինչեւ ժողովուրդն իսկապես գնահատի նրա ներկայությունն ու բացակայությունը, նրա արած կամ չարած գործերը, անգամ, եթե կանգնի մոռացվելու վտանգի առջեւ, իսկ նման ձեւով Քոչարյանին իշխանության վերադարձնելը արջի ծառայություն է թե՛ ժողովրդին, թե՛ հատկապես Քոչարյանին, որը վերջնականապես ատելի ու անդառնալի կդառնա ժողովրդի համար. անգամ ամենաբարի ցանկություններով ո՛չ այժմ Քոչարյանը, ո՛չ ժամանակին Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի կարող ժողովրդի վստահությունը շահել, քանի դեռ նստած է բաց վերքի վրա։ Տվյալ դեպքում Քոչարյանի վերադարձը հնարավոր է սոսկ անապատականի կյանքով եւ ոչ իշխանավորի դիրքով. անվան ոսկե տառերով պատմության մեջ գրանցվելու համար անհրաժեշտ է ծառայությո՛ւն մատուցել այդ պատմությանը եւ ոչ թե իշխել նրան։ Սա պարզ ու հասարակ ճշմարտություն է, որ պետք է յուրացնի ցանկացած առաջին դասարանցի։ Նման հավակնություններով կարելի է միայն ժողովրդի գլխից թռչել եւ ոչ թե մտնել նրա մեջ, իսկ նման թռիչքը կործանարար է հենց թռչողի համար։ Արհամարհել տվյալ ժողովրդին եւ հավակնություն ունենալ գրանցվելու նրա պատմության էջերում, առնվազն միամտություն է. ոչ մի կենսագիր, բացի ժողովրդից, դրա զորությունը չունի, որքան էլ հմտությամբ փորձի համոզել ժողովրդին։ Դա նշանակում է՝ զոռով մտնել մի տուն, որի դուռը տանտերը չի բացում քո առջեւ։ Այդպիսի դուռը թակելուց կամ ջարդելուց առաջ վատ չէր լինի մտածել՝ արժե՞, արդյոք, մտնել մի տեղ, ուր քեզ չեն սպասում, գոնե այդ պահին։

Կյանքը չի սկսվում կամ ավարտվում որեւէ անձի ամբիցիաներով, եւ ոչ էլ պատմությունն է կերտվում դրանով։ Ով ուզում է մտնել պատմության մեջ, առաջին հերթին պետք է հանգիստ թողնի այդ պատմությանը, քանի որ հենց պատմությունն է որոշում, թե ում առջեւ բացի դռները. դա կախված չէ ո՛չ իմ, ո՛չ էլ որեւէ մեկի ցանկությունից։ Այսօր համա՛ր մեկ խնդիրը, որ պետք է հուզի մեզանից յուրաքանչյուրին, սխալներ թույլ չտալն է, հատկապես պատմական, անդառնալի սխալներ, քանի որ դա թանկ կնստի ոչ միայն մեր ներկայի, այլեւ անցյալի ու ապագայի արժեքների վրա։ Մենք ընդհանրապես կկորցնենք մեր պատմությունը, եթե այդքան թեթեւորեն ու անլուրջ նայենք դրան, մանավանդ այս պահին, երբ աշխարհն այնքան խառնված է, որ մենք ընդամենը մեր ոտքի տեղը ամրապնդելու հավակնություն կարող ենք ունենալ։ Այս պահին, երբ ժողովուրդը խրված է հարկերի ու պարտքերի մեջ, երբ չեն դադարում քոչել քարավանները, երբ բառացիորեն երկիրը դատարկվում է սեփական ժողովրդից, երբ ժողովուրդը դառնորեն գիշերներ է լուսացնում հրապարակներում՝ գոյության ու իրավունքի խնդիր լուծելու համար, այդ ի՞նչ կամ ո՞ւմ ոսկով պիտի էքսնախագահի անունը գրի իր թշվառ պատմության էջերում կամ, արդյո՞ք, ոսկու փայլին սովոր նախագահի քիմքը կդիմանա սույն թշվառությանը, եւ որքա՞ն կկարողանա նրա փայլուն անունը դիմանալ այդ թշվառ այգում, ինչո՞վ պիտի սնվի այն, երբ հոգու սնունդը նրա համար ոչինչ է, իսկ նյութն այնտեղ՝ անհասանելի…