2004 թվականին մոտ 100 երկրի լրտեսներ հասու են եղել ամերիկյան
տեխնոլոգիաներին, եւ, համաձայն հակահետախուզության ամենամյա զեկույցի,
տեխնոլոգիաների բնագավառի կորուստները նվազեցրել են ԱՄՆ-ի ռազմական
գերակայությունը։ «ԱՄՆ հակահետախուզությունը գտնում է, որ գործակալական
աշխատանքի արդյունքում կորսված տեխնոլոգիաները Միացյալ Նահանգներին
հասցրել են զգալի, սակայն առայժմ անհաշվարկելի վնաս»,- ասվում է տնտեսական
լրտեսությանը նվիրված զեկույցում։ Կոնգրեսին ներկայացված եւ մի քանի շաբաթ
առաջ հրապարակված զեկույցը պատրաստել էր Հակահետախուզության ազգային
վարչությունը, որի ղեկավար է նշանակվել Ազգային հետախուզության ղեկավար
Ջոն Նեգրոպոնտեն։ Զեկույցում հստակ նշված չէ, թե որ երկրներն են
ներգրավված արդյունաբերական լրտեսության մեջ, բայց ասվում է, թե դրանց
թիվը մեծ է։ Դրանք մշտապես տեղ ունեն հակահետախուզության կողմից կազմվող՝
տեղեկատվության ամենաագրեսիվ հավաքորդների ցանկում։ Հետախուզության
Դաշնային բյուրոյի ներկայացուցիչը, սակայն, նշել է այդ երկրներից մի
քանիսի անուն՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իրան, Ռուսաստան, Ճապոնիա,
Ֆրանսիա եւ Իսրայել։ Դեպք է եղել նույնիսկ, որ չինացիները լրտեսելով ձեռք
են բերել կատարելագործված մետաղի տեխնոլոգիան, որը հայտնագործվել է
Այովայի համալսարանում եւ օգտագործվում է ամերիկյան ռազմական
համակարգերում։ «Մինչ ամերիկյան զինվորականները կհասցնեին ստանալ այդ
տեխնոլոգիայի արտոնագիրը, գաղտնազերծել եւ սկսել արտադրությունը,
Չինաստանը գողացել է այն, դրա հետ միասին՝ նաեւ շուկայագիտական
ռազմավարական ծրագրերն ու հնարավոր գնորդների ցանկը, եւ սկսել է արտադրել
ու առաջարկել իրենց՝ ամերիկացիներին»,- ասում է պաշտոնյաներից մեկը։
Զեկույցում նշվում է նաեւ, որ գողությունների մեծ մասը կատարվել է առանց
պետական գործիչների ուղղակի մասնակցության, թեեւ ներգրավված երկրների
կառավարությունների մեծամասնությունը ոչ մի կերպ չի խոչընդոտել
գողությանը։ Տնտեսական լրտեսներն այդ տվյալները շատ հաճախ ստանում են՝
գաղտնի տեղեկությունների մասին ամերիկյան ընկերություններին պարզապես
հարցումներ անելով էլեկտրոնային փոստով, հեռախոսով, ֆաքսով կամ դրանք
ձեւակերպելով անձնական զրույցներում։ Հակահետախուզությունը ենթադրում է,
որ առաջիկա հինգ տարում ամերիկյան գաղտնի տեխնոլոգիաների նկատմամբ
հետաքրքրության նվազում չի նկատվի։
The Washington Times