20-րդ դարում հայկական երեք հանրապետությունների երեք հիմնադիր կուսակցությունները տարբեր ուղիներ եւ տարբեր ճակատագրեր ունեցան: Առաջին Հանրապետության հիմնադիր ՀՅԴ-ն, իր իսկ տեսաբանների համոզմամբ, անցյալ դարի 20-ականներից «այլեւս անելիք չուներ» եւ հանգեց իր հնարած բառ-գաղափարախոսությանը՝ գոյատեւմանը եւ անցած 90 տարիներին հենց այդպես էլ վարվում է. գոյատեւում է, դեպ եւ անդեպ հիշեցնելով իր մասին:
Երկրորդ Հանրապետության հիմնադիր կուսակցությունը՝ կոմունիստները, Յուրի Մանուկյանի եւ Ռուբեն Թովմասյանի հետ, մնաց անցյալում եւ ոչ մի կարոտախտ չի կարող նրան ապագա դարձնել, եթե անգամ Հանդիգտոնի կանխատեսմամբ՝ Չինաստանը շարժվի դեպի Արեւմուտք եւ իր մեջ ներառի Հայաստանը:
Երրորդ Հանրապետության հիմնադիր ՀՀՇ-ն կազմաքանդվեց մեր աչքերի առաջ, եւ միայն դրանով կարելի է բացատրել նոր անվանակոչումը՝ Ազգային կոնգրես:
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր հիմնական բարդույթը, եւ ըստ այդ բարդույթի ու նմանության՝ ստեղծեց իր Հայաստանը: ՀՅԴ-ն տառապում էր էդիպյան բարդույթով եւ հայրենիքը (հորը) սպանելու եւ ինցեստի սարսափից փախավ այնտեղից եւ հիմա վերադառնալով՝ նույնքան կույր է, որքան Էդիպը Սոֆոկլեսի նշանավոր ողբերգության վերջին արարում: Երկրորդ Հանրապետությունն իր հիմնադիրների եւ հետեւորդների ուշացած պատկերացումներում դրախտ էր: Այնտեղ ապրողը՝ Ադամ: Ադամի այդ նշանավոր կերպարից կոմունիստները վերցրեցին պարապությունն ու երջանկությունը, եւ դրախտում ապրողը նույնքան երջանիկ էր, որքան պարապ, ուստի չէր կարող մեղք չգործել: Սակայն դա ոչ թե առաջին մեղք էր, որ պիտի քավվեր Քրիստոսով, այլ վերջին մեղք, որ կարող է ապաշխարվել միմիայն թոշակի անցած վերջին կոմունիստով:
Անկախ Հայաստանի առաջին իշխանությունը՝ ՀՀՇ-ն, որ տառապում էր նարցիսականությամբ, ինքնասիրահարվածության մի կերպ, որ հասել էր փոխադարձության, շուրջ տասնամյա կառավարումից հետո, արեց այն, ինչ արել էր անցյալ դարի 20 թվականին ՀՅԴ-ն՝ իշխանությունը հանձնեց տարբեր անվանումներով հանդես եկող կոմունիստներին: Մի գործընթաց, որ համահունչ էր նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած իրողություններին: Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններն այս պահին ընդամենն ապացույցն են այն բանի, որ նախկին խորհրդային տարածքում ժողովրդավարությունը շարունակում է պարտությունների շարանը, միաժամանակ փաստելով, որ ազգայնականությունն ու ժողովրդավարությունն անհամատեղելի են: Խոսքն, իհարկե, կեղծ ազգայնականության եւ ժողովրդավարության անհամատեղելիության մասին է, որովհետեւ դրանք դիտարկվում են տարբեր հարթություններում: Մինչդեռ բավական է դրանք պատկերացնել միեւնույն հարթության մեջ, անհամատեղելիության խնդիրն իսկույն վերանում է: Պարզապես թյուրիմացաբար կարծում են, որ ազգային խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է թույլ տալ ժողովրդավար լինելու շռայլությունը: Այնինչ պարզից էլ պարզ է, որ այս պահին ցանկացած ազգային խնդիր անհնար է լուծել առանց ժողովրդավարացման:
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժումը հանդիպում է միեւնույն անհաղթահարելի խոչընդոտին. անհնար է ժողովրդավարություն հաստատել, եթե դեռեւս չի լուծվել Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Այսինքն՝ խնդրի չլուծվածությունը ոչ միայն տնտեսական հետեւանքներ ունի, ինչպես կարծում էր առաջին նախագահը 1997-ին («Սերգեյ ջան, լավ չես ապրի…»), այլեւ ազգային խնդիր է: Ստեղծված իրավիճակում Շարժումը կամ ստիպված է հրաժարվել երկրի ժողովրդավարացման գերխնդրից, կամ լծվել Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Երկու դեպքում էլ փակուղին անխուսափելի է, որովհետեւ Շարժման հրամայականը ժողովրդավարության հաստատումն է, մինչդեռ այն անհնար է առանց իշխանափոխության: Իսկ Ղարաբաղի խնդրում գործուն մասնակցությունը նվազագույնն է, որովհետեւ Շարժումը չունի իշխանություն: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Համազգային շարժմանը նորից սպառնում է պառակտում, որ անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն երրորդն է լինելու (առաջին պառակտումը կապված է՝ Վազգեն Մանուկյանի (1991-92 թվականներին), երկրորդը` Վազգեն Սարգսյանի անվան հետ (1998-ին):
Հայաստանում կատարվող իրադարձությունները փաստում են եւս մեկ իրողություն. իրականում կուսակցություններ չկան: Կան կուսակցություններ այնքանով, որքանով իշխանություն են, եւ բավական է կորցնեն իշխանությունը, դադարում են այդպիսին լինել:
Աշոտ Նավասարդյանի մահից հետո, Վազգեն Սարգսյանի, ապա՝ Անդրանիկ Մարգարյանի ջանքերով ստեղծվեց մի կուսակցություն, որ նրանցից առաջ, Վլադիմիր Նազարյանի բնորոշմամբ՝ հազիվ մի մեքենայում տեղավորվեր: Դատելով վերջին իրադարձություններից, կուսակցությանը նորից սպառնում է տեղավորվել նույն մեքենայում: Ինչեւէ, արդեն տասը տարի է, ինչ Հայաստանում իշխում է Հանրապետական կուսակցությունը:
Տասը տարի իշխում է մի կուսակցություն, որ անգամ ընդգծված գաղափարախոսություն չունի, ինչպես, ասենք, Դաշնակցությունը կամ կոմունիստներն ու ՀՀՇ-ն, թեկուզ այն անվանվում է նժդեհականություն: Այդ մասին ճիշտ պատկերացում չունի կուսակցության շարքային եւ ոչ շարքային որեւէ անդամ. Գալուստ Սահակյանից ի՞նչ նժդեհական:
Վերջին երկու տարում դանդաղորեն ոչնչանում է հայաստանյան ծագում ունեցող վերջին կուսակցությունը, ինչպես դրանից առաջ ոչնչացան ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն եւ մյուսները: Ռոբերտ Քոչարյանի կիսատ թողածը հերոսաբար ավարտին է հասցնում Սերժ Սարգսյանը: Դավադրությունը սկսվեց այն պահից, երբ ծագեց «Բարգավաճ Հայաստանի» մտահղացումը, որով նախատեսված էր ի դեմս Քոչարյանի՝ քաղաքական հենարան ստեղծել ապագա վարչապետի համար, սակայն Անդրանիկ Մարգարյանի հանկարծակի մահն անիմաստ դարձրեց այն: Բայց եւ նպատակը մնաց անփոփոխ. ցանկացած գնով քաղաքական ասպարեզ ապահովել Քոչարյանի վերադարձի համար: Եվ դրա նախադեպը ստեղծվեց այն պահից, երբ խորհրդարանական, ապա՝ նախագահական ընտրություններում «հաղթած» կուսակցությունը վարչապետ առաջադրեց այդ կուսակցության հետ առնչություն չունեցող Տիգրան Սարգսյանին: Մի նախադեպ է, որ նպատակ ուներ քողարկելու շատ ավելի մեծ դավադրություն. կուսակցությունը առանց գլխացավանքի վարչապետ կարող է առաջադրել ցանկացածին, քանի որ քաղաքական հենարանի ապահովման խնդիրը նույնպես արդեն անիմաստ է, որովհետեւ Հայաստանում գերակա է միայն իշխելու կամքը եւ ոչ թե քաղաքականությունը: