Ֆրանսահայ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը հոկտեմբերի 4-6-ը բարեգործական համերգներով հանդես կգա Բեյրութի, Սիրիայի եւ Հալեպի հայկական համայնքների առջեւ: Համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն՝ ի դեմս ատենապետ Ժիլբերտ Մոմջյանի: Համերգից ստացված հասույթը կուղղվի տեղի հայ համայնքների աջակցմանը: Բարեգործական համերգաշարից հետո Վարդան Մամիկոնյանը կայցելի Երեւան` մասնակցելու դասական երաժշտության փառատոնին: Դաշնակահարն ուսանել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցում, ապա՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, որտեղ նրան դասավանդել է լեգենդար դաշնակահար Հենրիխ Նյուհաուսի աշակերտներից Վալերի Կաստելսկին: 1991-ից Մամիկոնյանը բնակվում է Փարիզում: Միջազգային համբավի արժանացած դաշնակահարին հանդիսատեսն ունկնդրել է աշխարհի բարձրակարգ բեմերում` Վիեննայում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մյունհենում, Սան Ֆրանցիսկոյում, Վաշինգտոնում եւ այլուր: 1992թ. Մամիկոնյանը ճանաչվեց Մոնտե Կառլոյում կայացած Աշխարհի երաժշտական վարպետների մրցույթի հաղթող: 2008թ. Վարդան Մամիկոնյանը նվագախմբի հետ հանդես կգա Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Շվեդիայի համերգային դահլիճներում: