«Տեղեկատվական դարաշրջանում, երբ պետությունների ազգային անվտանգությունը պայմանավորված է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ եւ գրագետ կիրառմամբ, Հայաստանի համար եւս կարեւորվում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը: Հարցն արդիական է հնչում վերջին շրջանում Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական հարձակումներից հետո»,- «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանը` ավելացնելով, որ հայեցակարգի մշակման համար նախեւառաջ անհրաժեշտ է գիտակցել խնդրի կարեւորությունը, տեղեկատվական անվտանգության տեխնիկական եւ բովանդակային ոլորտները դիտարկել մեկ միասնության մեջ: Նրա խոսքով, նախ պետք է հասկանալ, որ տեղեկատվական դաշտը կամ ոլորտը (որը ձեւավորվում է հիմնականում ԶԼՄ-ի միջոցով) եւ կիբերտարածությունը (համակարգչային համակարգերի միջոցով ստեղծված վիրտուալ տարածություն) հարամիտում են, երբեմն դա անվանում են նոոսֆերայի զարգացում կամ տեղեկատվական կոնվերգացված դաշտ: Անվանումները կարող են տարբեր լինել, սակայն, ըստ նրա, կարեւորն այն է, որ համաշխարհային «նոոսֆերայի» ձեւավորումը տեղեկատվական դարաշրջանի մարդկությանը թելադրում է քաղաքականությունում կիրառել նոր ռազմավարություններ, որոնց համախումբը ստացել է «նոոքաղաքականություն» անվանումը: Այն ենթադրում է, որ քաղաքական պլանավորման ամենաբարձր մակարդակներում պետք է ձեւավորվեն նոր տիպի հիմնադրույթներ` հենված գաղափարների, արժեքային համակարգի, բարոյական եւ էթիկական նորմերի, այլ ոչ թե ավանդական «ուժի քաղաքականության» վրա: Ըստ Գարեգին Չուքասզյանի, եթե նախկինում քաղաքականության հիմնաքարը պետությունը եւ ազգային շահն էին, ապա նոոքաղաքականությունում կարեւորվում են «պետությունների ցանցերը», պետական եւ հասարակական կազմակերպությունները եւ դրանց շահերը: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, Գ. Չուքասզյանը նշել է, որ գոյություն ունի երեք տեսակի անվտանգություն` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-հոգեբանական: Ըստ նրա` այժմ նորությունն այն է, որ նախկին հոգեւոր-հոգեբանական անվտանգությունը հայտնվել է նոր իրավիճակում` կապված ինտերնետի, ցանցերի առաջացման հետ: Ներկայումս կան մի քանի խմբեր, որոնք տեսականորեն հասկանում են տեղեկատվական ոլորտի անվտանգության կարեւորությունը եւ կարող են անհրաժեշտ հայեցակարգ մշակել, նաեւ կան խմբեր, ըստ նրա, որոնք տեխնիկական առումով գրագետ են այդ ոլորտում դերակատարություն ունենալու համար: Սակայն այդ ամենը, Գ. Չուքասզյանի բնորոշմամբ, «գտնվում է պարտիզանական մակարդակում, այսինքն` մի խումբ հասկանում է գործի տեսական, մյուսը` գործնական կողմը թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման իմաստով»: Գ. Չուքասզյանի համոզմամբ, շատ կարեւոր է, որ ոչ միայն կիբերանվտանգության, այլեւ տեղեկատվական անվտանգության առումով տեղեկատվական անվտանգության տեխնիկական ոլորտը չառանձնացվի բովանդակային ոլորտից: Գ. Չուքասզյանի հավաստմամբ` փոխվել է նաեւ ինտերնետի տեսակը: «Եթե նախկինում միայն պարզ վեբ կայքեր էին, ապա այժմ ցանցեր են, մարդկանց խմբեր, որոնք սոցիալական ցանցեր են: Սրանց ուժը նրանում է, որ այս խմբերի միջեւ կա վստահություն, որտեղ, եթե կարողանում ես այդ ցանցը մեծ եւ ակտիվ պահել, ապա կարող ես նաեւ խմբի անդամներին որոշակի համակարգման գործողությունների մղել կամ հարձակման գնալ: Այստեղ սոցիալական բովանդակությունը եւ տեխնիկական մասերը միավորվելով` որոշակի ուժ են ներկայացնում: Տեղին է խոսել նաեւ մանիպուլյացիոն գործողությունների մասին, որը պայմանավորված է նախեւառաջ հասարակության զարգացածության մակարդակով: Կան պարզունակ խմբեր, հասարակություններ ու համայնքներ, եւ կան քիչ թե շատ քննադատական մտածողություն ցուցաբերող խմբեր, համայնքներ»,- ասել է նա: Այստեղ Գ. Չուքասզյանը կարեւորում է հասարակության տեղեկացվածության եւ իրազեկության բարձրացումը, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի հասարակությունը պաշտպանված լինի մանիպուլյատիվ գործողություններից: «Որքանով մենք դառնում ենք այդ ցանցերի իրազեկողը, այնքանով էլ պետք է տեղյակ լինենք օրենքներին, օգտագործման մեխանիզմներին»,- ընդգծել է նա: