Ղարաբաղին նորմալ ընտրություններ են պետք

09/06/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մոտենում է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների օրը. առաջին անգամ
գործածության մեջ կդրվի նաեւ համամասնական ընտրակարգը: Խորհրդարանի 33
տեղերից կուսակցություններին բաժին կհասնի 11-ը: Տեղեկության կարգով
նշենք, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների համար յուրաքանչյուր
կուսակցություն մուծում է 250 հազար դրամ ընտրագրավ, իսկ մեծամասնականով
առաջադրված թեկնածուները` 50 հազարական դրամ: Արցախի տարածքում ձեւավորված
են 274 ընտրական տեղամասեր:
Արդեն մայիսի 16-ից կուսակցություններն ու առանձին թեկնածուներ
նախընտրական քարոզչություն են իրականացնում, որն ընդհանուր առմամբ անցնում
է բավականին հանգիստ: Ե՛վ իշխանությունները, եւ՛ քաղաքական տարբեր ուժերի
ներկայացուցիչները փաստում են, որ քարոզչություն վարելու ոչ մի խոչընդոտ
չկա: Սակայն կա նաեւ այն կարծիքը, որ որոշ քաղաքական ուժեր քարոզելու
առավել մեծ հնարավորություններ ունեն: Այս մասին վերջերս կայացած Ազգային
ժողովի նիստում հայտարարել է պատգամավոր, «Մեր տունը Հայաստանն է»
կուսակցության ղեկավար Արարատ Պետրոսյանը: Նա միաժամանակ փաստել է, որ
հանրապետության շրջաններից մեկում որոշ թեկնածուների քարոզչությամբ են
զբաղվում նաեւ պետական եւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Օրերս
«ՀՅ Դաշնակցություն- Շարժում 88» դաշինքի կենտրոնական ընտրական շտաբը
հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ քարոզարշավի այս
փուլում արդեն օրվա իշխանությունները եւ դրանց հովանավորությամբ գործող
ուժերը, բացահայտորեն խախտելով օրենքը, իրենց տրամադրության տակ եղած
վարչական մեքենայի ողջ կարողությունը նպատակաուղղել են բնակչության
սարսափի, անելանելիության, կանխորոշված ընտրությունների մթնոլորտի
ստեղծմանը:
Ղարաբաղում այս ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը կարեւորում
են շատերը` քաջ գիտակցելով որ դրանք լինելու են միջազգային հանրության
ուշադրության կենտրոնում:
Իսկ ի՞նչ կարծիքի են ԼՂՀ շարքային քաղաքացիները։
Վ.Գալստյան (Մարտունու շրջանի բնակիչ)– Ցավալի է, որ
պատգամավորության թեկնածուներն աշխուժություն են ցուցաբերում միայն
ընտրությունների շեմին: Խոսքս ոչ միայն նոր թեկնածուների, այլեւ նախորդ
ընտրություններում հաղթած պատգամավորների մասին է, որոնք այս հինգ
տարիների ընթացքում նույնիսկ չեն հանդիպել իրենց ընտրողների հետ, իսկ հիմա
փորձում են համոզել, որ հասարակության խնդիրներն իրենց ուշադրության
կենտրոնում են եւ խիստ մտահոգում են: Այս կերպ հասարակությանը չի կարելի
խաբել, քանի որ դա բերում է հիասթափության ու անտարբերության:
Մ.Գաբրիելյան (Ստեփանակերտի բնակչուհի)– Ես անպայման կգնամ
ընտրությունների, որովհետեւ համոզված եմ, որ դրանք կանցնեն արդար ու
թափանցիկ, ինչը առկա էր նաեւ անցյալ տարվա ամռանն անցկացված տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Ուշագրավ է այն
փաստը, որ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել ոչ թե իշխանությունների, այլ
ընդդիմության թեկնածուն: Գալիք ընտրություններում կընտրենք նաեւ
կուսակցություններին, ինչը մեզ համար նորություն է: Կարծում եմ, որ այս
փոքրիկ երկրում այսքան շատ կուսակցությունների առկայությունը սխալ է, քանի
որ դրանք ինչ-որ չափով մասնատում են հասարակությունը, թեկուզ ընդդիմության
առկայությունն անհրաժեշտ է:
Ժ.Սարգսյան (Շուշիի շրջանի բնակիչ)– Այս անգամ ես կընտրեմ ոչ թե
արժանավորին, այլ իմ ծանոթ թեկնածուին, քանի որ թեկնածուների մեջ
ընդհանրապես չկան պատգամավորության արժանի մարդիկ: Մարդիկ այնքան են իրար
խաբել, որ սկսում ես անտարբերությամբ ընդունել երկրում կատարվող որոշ
իրադարձություններ:
Ա. Մարտիրոսյան (Ստեփանակերտի բնակչուհի)– Ընտրությունները կարեւոր
են յուրաքանչյուր քաղաքացու համար, առավել եւս՝ ժողովրդավարության
ճանապարհ ընտրած արցախցիների համար, այն պարզ պատճառով, որ այստեղ
կատարվող իրադարձությունները գտնվում են միջազգային հանրության
ուշադրության կենտրոնում, եւ ժողովուրդը մտահոգված է արյան գնով
պաշտպանված Հայրենիքի ապագայով: Ինչ վերաբերում է կուսակցություններին,
նշեմ, որ բոլորին դեմ եմ քվեարկելու: Գտնում եմ, որ կուսակցություններում
ընդգրկված են ոչ արժանի մարդիկ:
Մեր հարցումների ընթացքում պարզեցինք, որ շատերը կամ ծանոթ չեն
կուսակցություններին, կամ պարզապես չեն վստահում նրանց: Ոմանք էլ վստահում
են ոչ թե քաղաքական ուժերին, այլ նրանց շարքերում ընդգրկված կոնկրետ
անհատների: Երեւույթը, վերլուծաբանների կարծիքով, բնական է, քանի որ
կուսակցություններից շատերը դեռ չեն կայացել կամ առաջին քայլերն են անում:
Մեր տեղեկություններով, գալիք ընտրություններին ներկա կլինեն բազմաթիվ
միջազգային դիտորդներ, որոնց հետագա վերաբերմունքը մեր նկատմամբ թերեւս
պայմանավորված կլինի այս ընտրությունների ժողովրդավարական բնույթով: